
Իրանը ներկայացրել է նոր հրթիռ՝ խոցման 1450 կիլոմետր հեռահարությամբ. IRIB

Իրանի զինված ուժերը ներկայացրել են ռազմավարական նշանակության «Խայբար շեկան» նոր հրթիռը: Այդ մասին փետրվարի 9-ին հայտնում է IRIB հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան: Հրթիռն աշխատում է պինդ վառելիքով եւ ունակ է թիրախները խոցելու մինչեւ 1450 կիլոմետր հեռավորության վրա:
Նշվում է, որ վայրէջքի փուլում այն բավականաչափ դարձունակություն ունի հակահրթիռային վահանի շրջանցման համար, իսկ նոր կառուցվածքը թույլ է տվել մեկ երրորդով կրճատել զանգվածը նմանակաների համեմատությամբ: Իրանը 1990-ական թվականներից զբաղվում է սեփական հրթիռային ծրագրի զարգացմամբ: Նա որոշակի հաջողությունների է հասել բալիստիկ հրթիռների մշակման բնագավառում: Ըստ որում Թեհրանը հրաժարվում է բանակցություններ վարել իր հրթիռային ճյուղի սահմանափակման շուրջ՝ դա պատճառաբանելով այն բանով, որ տարածաշրջանում իր ախոյանները նույնպես սպառազինության են ընդունել համանման դասի հրթիռներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: