Ի՞նչ է սպասվում հայ-թուրքական երկխոսությանը Չավուշօղլուի հեռանալուց հետո
Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան ներկայումս ակտիվ դիվանագիտական աշխատանք է ծավալել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական մի քանի ուղղություններով, որում էական դերակատարություն ունի Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, Թուրքիայում քննարկվում է նրա փոփոխության հարցը: Թուրքական Cumhuriyet-ը, ինչպես նաև թուրքական այլ աղբյուրներ վերջին շրջանում հաճախ են գրում, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նոր փոփոխությունների է պատրաստվում։
Մասնավորապես խոսքն այն մասին է, որ Էրդողանը կարող է հեռացնել 4 նախարարի՝ այն բանից հետո, երբ օրերս արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը հրաժարական տվեց։ Շրջանառվում է ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի, մշակույթի նախարար Մեհմետ Նուրի Էրսոյի, առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջայի և գյուղատնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլիի անունները։
Cumhuriyet-ը նշում է, որ ամենաէականը կլինի Չավուշօղլուի հնարավոր փոփոխությունը, որին կարող է փոխարինել նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։ Չավուշօղուի հնարավոր պաշտոնանկության մասին վերջին շրջանում թուրքական մամուլը հաճախ է գրում։ Իսկ գյուղատնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին Էրդողանի վստահությունը կորցրել է անցյալ ամռանն անտառային հրդեհների հետ կապված խնդիրների պատճառով։
Գյուլի հրաժարականը դիտվում է՝ որպես իսլամիստ-պահպանողական ավանդույթի հետագա խախտում։ Նախկին նախարարը մտերիմ էր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։ Ըստ թուրքական մամուլի՝ Գյուլի հրաժարականը նշան է այն բանի, որ ներկուսակցական վեճերում Էրդողանը նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմի կողմում է։ Նախկին նախարարը նաև խնդիրներ է ունեցել ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուի հետ և նախկինում դեմ է եղել Էրդողանի հրամաններին։ Թուրքիայի նախագահը նաև գոհ չի եղել դատավորների և դատախազների դեմ Գյուլի գործողություններից, որոնք, ենթադրաբար, կապված են 2016-ի անհաջող հեղաշրջման փորձի հետ։ Լրատվամիջոցը գրում է, որ իշխող կուսակցությունում լարվածության աճի ևս մեկ պատճառ է աջ ծայրահեղական «Ազգայնական շարժում» կուսակցության հետ գործարքը, ըստ որի՝ նրանց երկու տեղ է խոստացվել Դատավորների ու դատախազների խորհրդում, սակայն տրվել է միայն մեկը։
«168 Ժամ»-ի հետ զրույցում թուրք վերլուծաբան Ջենգիզ Աքթարը, անդրադառնալով շրջանառվող այս տեղեկություններին՝ ասաց, որ Էրդողանը երկրում խորացող տնտեսական ճգնաժամի, իր թուլացող դիրքերի, հետևաբար՝ իր շուրջ խորացող հակասությունների, տարաձայնությունների ֆոնին փորձում է ամրապնդել իր դիրքերը՝ հնարավորինս վստահելի և կայուն «շրջապատ» ձևավորելով: Աքթարի խոսքով, լիովին չեն մաքրվել նաև հեղաշրջման փորձի հետքերը, ըստ Էրդողանի: Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, փոփոխություններն իսկապես կլինեն, և գուցե իսկապես դրանք ժամանակավոր միմիայն ծառայեն նախապես մտածված նպատակին:
«Սակայն բովանդակային առումով այդ փոփոխությունները, ցավոք, ոչինչ չեն փոխելու, քանի որ ես նախկինում ևս խոսել եմ, որ, օրինակ, դիվանագիտության, արտաքին քաղաքականության առումով բոլոր հարցերը կառավարում է, որոշումներ կայացնում է ոչ թե Չավուշօղլուն, այլ անձամբ Էրդողանը, և այս դեպքում նախարարը միայն իրագործողի դերում է: Սա աղետ է, և դա հանգեցրել է Էրդողանի արտաքին քաղաքականության լիարժեք տապալման: Այս դեպքում այդ փոփոխությունը լինելու է անձերի փոփոխություն, որը միմիայն նախատեսված է ներքին առումով Էրդողանի կայունության համար: Եթե ուշադրություն դարձնեք, ապա կնկատեք, որ Թուրքիայի արտաքին քաղաքական բոլոր կարևոր առաջին ուղերձներն անում է Էրդողանը, որից հետո միայն արտգործնախարարի անդրադարձերն ու քայլերն են սկսվում այդ ուղղությամբ, օրինակները շատ են, սակայն ամենաակտուալները հենց հայ-թուրքական հարաբերություններին են վերաբերում, ինչպես նաև ուկրաինական ճգնաժամին, երբ բոլոր կարևոր հայտարարություններով հանդես է գալիս նախագահը: ԱԳ նախարարի փոփոխությամբ չի փոխվելու հայ-թուրքական երկխոսության ընթացքը, գուցե դիվանագիտական նրբություններ փոխվեն, սակայն ոչ բովանդակային առումով, քանի որ գործընթացը ղեկավարվում է ամենաբարձր մակարդակով, բնականաբար, Չավուշօղլուի հեռանալուց հետո երկխոսությունը չի դադարելու կամ դանդաղելու, հատկապես, երբ գործը պատվիրակված է հատուկ ներկայացուցչին, ով ենթակա է կառավարությանը: Չավուշօղլուն, իհարկե, հաջողությամբ իրականացրել է Էրդողանի բոլոր ցանկությունները, վստահաբար նույնը կանի նաև Քալընը»,- ասաց վերլուծաբանը:
Իր հերթին՝ ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ևս կարծիք հայտնեց, որ ԱԳ նախարարի փոփոխությունը ներկայիս Թուրքիայում որևէ փոփոխություն չի բերի արտաքին քաղաքական դոկտրինում: Ըստ նրա, շատ ավելի ուշագրավ է այն, ինչ կատարվում է Թուրքիայում:
«Ակնհայտ է, որ Էրդողանի իշխանությունը հավերժ չէ, այս փոփոխությունները հենց այս փուլում ևս պատահական չեն, ներիշխանական հակասությունները խորանում են, թևեր են ձևավորվել, և ուժեղ պայքար է ընթանում: Թուրքիայում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք Էրդողանը դեռ կարողանում է կառավարել, և փոփոխությունները, եթե դրանք իսկապես տեղի ունենան, ուղղված են այդ կառավարման որակի բարձրացմանը, քանի որ որոշ ոլորտներում դժգոհությունն աննախադեպ մակարդակի է հասնում: Թիմի ներսում Էրդողանին շատ ավելի հաճախ են սկսում ընդդիմանալ, սա ևս այդ իշխանության տեսանկյունից լավ նշան չէ: Ներքին ու արտաքին անկայունությունն է նաև պատճառը, որ մամուլում շատ են խոսակցությունները, որ Էրդողանը կարող է իր պատերազմական օրակարգերն ակտիվացնել կամ ավելի դիվանագիտական ջանքերն ավելացնել:
Թե ինչ ճանապարհով կգնա, ես անձամբ կարծում եմ՝ երկրորդ, սակայն այն, որ փոփոխությունները տեղի են ունենալու, միանշանակ է: Այս ֆոնին, կարծում եմ, ամենաչփոփոխվող գործընթացներից մեկը հենց հայ-թուրքական բանակցություններն են լինելու, որոնք նոր են, հաշվի են առնում Թուրքիայի ներկայիս իրողությունները, այսինքն՝ ինտեգրված է հայ-թուրքական գործընթացը Թուրքիայի ներկայիս իրավիճակին, և Թուրքիան սրանով ոչ միայն տարածաշրջանում է հարցեր լուծում, նաև աշխարհում ու երկրի ներսում, ուստի այս գործընթացը անձերի փոփոխության արդյունքում որևէ փոփոխություն չի կրելու»,- ասաց Մալաշենկոն: Վերջինս ուշադրություն հրավիրեց նաև Էրդողանի ջանքերի վրա ուկրաինական ուղղությամբ:
«Այն բանից հետո, երբ Էրդողանի առաջարկը՝ ուղղված ուկրաինական ու ռուսական կողմերին, անտեսվեց, Էրդողանը որոշեց փետրվարի 3-ին անձամբ այցելել Կիև, այնուամենայնիվ փորձելով ստանձնել որոշակի դերակատարություն ուկրաինական կոնֆլիկտի հանգուցալուծման գործում, միևնույն ժամանակ անելով ոչ միանշանակ հայտարարություններ Ռուսաստանի համար: Էրդողանի Թուրքիան համարում է, որ այնպիսի գերտերություն է, որը պետք է միջամտի Ռուսաստանի ու Արևմուտքի միջև ստեղծված իրավիճակին: Ռուսաստանը, ինչպես տեսանք, առանձնապես չոգևորվեց այս առաջարկից, սակայն Էրդողանը որոշեց շարունակել՝ գործը կազմակերպելով այցերով: Բնականաբար, սա Էրդողանի անձնական նախաձեռնությունն է, այստեղ ԱԳՆ-ն, որպես առանձին ինքնուրույն կառույց, չի գործում, Էրդողանի անձի շուրջ է կենտրոնացած ամեն ինչ այդ երկրում, սրա պատճառով նաև խոցելիությունը շատ մեծ է»,- նկատեց Մալաշենկոն: