«Սա կարող է նույնիսկ հանգեցնել Արցախում այսօր պահպանվող ստատուս-քվոյի փոփոխությանը՝ հօգուտ հայկական կողմի՝ եթե ՀՀ իշխանությունները վարեն կշռադատված քաղաքականություն». Գրիգոր Բալասանյան

ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանի խոսքով՝ դատելով Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող վերջին երկու օրերի իրադարձություններից՝ թերահավատ է, որ լարվածությունն աստիճանաբար կմարի։

«Ճիշտ է, առերևույթ հանգիստ է, բայց այն հայտարարությունները, որոնք անում է  ուկրաինական կողմը, լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս։ Այսօր Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարություն է տարածել Մինսկի համաձայնագրերի հետ կապված։ Թեև Մինսկի համաձայնագրերի մասին չի նշել, բայց ընդգծել է, որ որևէ պարագայում Դոնբասը չի կարող ունենալ ինչ-որ հատուկ կարգավիճակ Ուկրաինայի կազմում, որովհետև դա կարող է բերել առհասարակ երկրի փլուզման, և շարունակելով ընդգծել, որ այլ հարցերի շուրջ պատրաստ են շարունակել Մինսկի բանակցությունները։ Իսկ Մինսկի ձևաչափի հենց գլխավոր խնդիրը Դոնբասի հատուկ կարգավիճակի հարցն էր և այն քաղաքական ճանապարհով լուծելն էր՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության ներքո»,- 168.am հետ զրույցում ասաց Գրիգոր Բալասանյանը։

Ըստ նրա, մյուս կողմից էլ վերջին երկու օրերին Դոնբասի երկու ինքնահռչակ հանրապետությունների՝ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ղեկավարներն արդեն հայտարարություններ են տարածում, որ ավիացիայի ակտիվություն է նկատվում։ Լուգանսկում մտցվել է արտակարգ իրավիճակ, ինչը նշանակում է, որ երեկոյան որոշակի ժամերից հետո արգելվում է տեղաշարժը։

Բացի այս ամենը, մեծացել են ռումբերի մասին ահազանգերը, որոնք, Գ. Բալասանյանի կարծիքով՝ նպատակ ունեն խուճապ տարածել խաղաղ բնակչության շրջանում։

«Եթե այս ամենը հանրագումարի ենք բերում, այնպիսի տպավորություն է  ստեղծվում, որ սա պատերազմից առաջ որոշակի առերևույթ հանգստություն է, որը կարծես թե խաբուսիկ է»,- հավելեց Գրիգոր Բալասանյանը։

Հարցին՝ Ուկրաինայում հնարավոր պատերազմի վերսկսումն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Արցախի վրա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախում այսօր տեղակայված են ռուս խաղաղապահներ, Գրիգոր Բալասանյանը պատասխանեց, որ հնարավոր պատերազմը միանշանակ ազդեցություն ունենալու է Արցախի վրա, սակայն այս պահին իրադարձությունները զարգանում են հօգուտ հայկական կողմի։

«Ադրբեջանը և Թուրքիան տուրք տալով արևմտյան կուրատորների քմահաճույքներին, կարծես թե մտել են այս խաղի մեջ։ Կարծում եմ՝ Ալիևն անկախ իր ցանկությունից է մտել խաղի մեջ, Արևմուտքը և արևմտյան շրջանակներն Ալիևին անկյուն են նետել։ Մամուլում անընդհատ այն միտքն է շրջանառվում, որ հանդուրժեցին, երբ Ալիևը Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ֆոսֆորային ռումբեր էր կիրառում, նաև հանդուրժեցին, երբ ահաբեկիչներին բերեց ու օգտագործեց Արցախի 44-օրյա պատերազմում, և հիմա նրա հերթն է վարձահատույց լինելու։ Այս պայմաններում Ալիևը մտել է ուկրաինական խաղի մեջ։ Կարծում եմ՝ Ալիևի այցը Կիև չէր տեղավորվում բուն Ադրբեջանի ու անձամբ նրա շահերի մեջ, այն որպես թուրքական կցորդ լինելու հետևանք էր՝ դատելով նաև Թուրքիայի հայտարարություններից, «բայրաքթարների» հնարավոր կիրառումից և այլն։

Այս պարագայում Արցախում իրավիճակը ևս կարող է թեժանալ ռուսական կողմի ուշադրությունը շեղելու համար, բայց դա լինելու է ի վնաս թուրք-ադրբեջանական տանդեմի։ Եվ սա կարող է նույնիսկ հանգեցնել Արցախում այսօր պահպանվող ստատուս-քվոյի փոփոխությանը՝ հօգուտ հայկական կողմի։ Եթե իհարկե, հայկական կողմը և ՀՀ իշխանությունները վարեն կշռադատված քաղաքականություն, եթե քաղաքական առումով կանգնեն իրենց ռազմավարական դաշնակցի կողքին, պարզ է, որ այդ դեպքում Հայաստանը ռազմական գործողություններին չի մասնակցի՝ ՀԱՊԿ-ը չի մասնակցի։ Սակայն քաղաքական համերաշխության առումով Հայաստանն անպայման պետք է կանգնի Ռուսաստանի կողքին»,- հավելեց Գրիգոր Բալասանյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ այս պահին ՀՀ իշխանությունները կարծես թե հասկանալով պահի լրջությունը՝ դադարում է խաղալ երկդիմի քաղաքականություն, և ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորը վերջապես փորձում է  գտնել իր միակ հանգրվանը։

Գրիգոր Բալասանյանի խոսքով՝ Ուկրաինայում պատերազմ սկսելու համար առաջին հերթին շահագրգռված են մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները։

«Ավելին ասեմ՝ այդ երկու երկրներն ավելի շատ են շահագրգռված, քան Ուկրաինայի իշխանությունները։ Նրանց պետք է պատերազմ և Ռուսաստանին ներքաշել այդ պատերազմում։ Իհարկե, նրանց չի հետաքրքրում Ուկրաինայի ավերվելը, մասնատվելը՝ որպես պետություն։ Նրանց վաղեմի երազանքը կարծես թե ի կատար է ածվում՝ պատերազմական գործողություններ սկսել և Ռուսաստանին ներքաշել այդ գործողություններում։ Ռուսաստանի այս սառը և կշռադատված քաղաքականությունը, «տաքգլխության» բացառումը, հարցն օրենքի շրջանակներում լուծելու պատրաստակամությունն էլ ավելի է անհարմար վիճակի մեջ դնում բրիտանաամերիկյան կողմին։ Այստեղ չպետք է մոռանանք նաև մեկ հանգամանք, որ ամերիկյան կողմը Ջո Բայդենը չէ, այնտեղ այսօր բավականին լուրջ ընդդիմություն կա Բայդենի նկատմամբ՝ և՛ դեմոկրատների, և՛ հանրապետականների շրջանում, որոնք դեմ են, որպեսզի Ուկրաինայի պատճառով ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև սկսվեն պատերազմական գործողություններ։ Ինչպես միշտ նշել եմ՝ ԱՄՆ պատրաստ է մինչև վերջին ուկրաինացին պատերազմել Ռուսաստանի դեմ»,- եզրափակեց Գրիգոր Բալասանյանը։

Տեսանյութեր

Լրահոս