
«Արցախի կորուստը կնշանակի հայոց պետականության կորուստ». Դավիթ Բաբայան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արցախյան բանակցային գործընթացի վերաբերյալ հարցազրույցի ընթացքում ընդգծեց՝ եկել է, որպեսզի նորից հայտարարի՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Երրորդ նախագահը վստահ է, որ չնայած կործանարար պատերազմին, չնայած կապիտուլյացիային, դրա համար դեռևս կան հնարավորություններ:
Արդյո՞ք Արցախում էլ են տեսնում այն հնարավորությունները, որոնք տեսնում է Սերժ Սարգսյանը:
Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Արցախը ֆիզիկապես շատ ծանր վիրավոր է, և ապաքինվելու համար անսասան հավատք և կամք է հարկավոր.
«Այդ ժամանակ մենք ի վիճակի կլինենք ապաքինվել: Նույնիսկ ամենաբարդ իրավիճակից կարելի է դուրս գալ, եթե ունես կամք և հավատք և, իհարկե, ճիշտ աշխատանքի կազմակերպում»:
Դավիթ Բաբայանի գնահատմամբ՝ միասնական լինելու, հոգով-մտքով մաքուր լինելու և ճիշտ աշխատանք կազմակերպելու դեպքում հնարավոր է հասնել մեծամեծ հաջողությունների.
«Դիակին որևէ մեկը չի կարող վերակենդանացնել, դրա համար պետք է այնպես անել, որ նույնիսկ ամենածանր ֆիզիկական վիրավոր վիճակում՝ ունենալով արդար միտք, մաքուր ոգի, հայրենասիրություն, անսասան կամք… և դա լոկ խոսքեր չեն, դա այն փափուկ ուժն է, որ թույլ է տալիս ճիշտ օգտագործման դեպքում դարձնել կոշտ ուժի բաղադրիչ: Պետք է բոլորս իսկապես կարողանանք այս ծանր վիճակից դուրս գալ, որովհետև Արցախի կորուստը կնշանակի հայոց պետականության կորուստ»:
Հարցազրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը նկատել էր, որ նույն համանախագահները, նույնիսկ կործանարար պատերազմից հետո, խոսում էին հիմնարար սկզբունքների մասին: Իսկ դիտարկմանը, թե շատ վաղուց արդեն չեն խոսել, Երրորդ նախագահն արձագանքել էր. «Շատ վաղուց չեն խոսել, որովհետև դրա մասին խոսող չկա: Դուք լսե՞ք եք Հայաստանի պաշտոնատար անձերից շատ հստակ պատասխան` ի՞նչ է լինելու, վերջապես, Ղարաբաղի խնդիրը»:
Դավիթ Բաբայանը վերոնշյալի առնչությամբ նշեց. «Արցախը պետք է լինի սրբություն՝ հայության համար, դրա համար հատկապես՝ Արցախից պետք է լինի համապատասխան քաղաքականություն: Ես չեմ ուզում մտնել ներքաղաքական քննարկումների մեջ, որովհետև ոչ թե չունեմ իմ կարծիքը, ոչ թե որևէ մեկից վախենում եմ․․․ ո՛չ, այդպիսի բան չկա, բայց Արցախը պետք է լինի սրբություն, և պետք է այնպես անենք, որ նույնիսկ հնարավորություն չտանք որևէ մեկին թեկուզ փոքր քար նետել Արցախի ուղղությամբ: Ինչ վերաբերում է համանախագահներին, ապա բոլորն էլ ասում են, որ արցախաադրբեջանական հակամարտությունը կարգավորված չէ, իսկ դրա կարգավորման համար կան համապատասխան սկզբունքներ: Այդ սկզբունքներից մեկը և ամենակարևորն ազգերի ինքնորոշման իրավունքն է: Արցախը բազմիցս ինքնորոշվել է՝ 1988թ., 1991թ.՝ հռչակելով Արցախի Հանրապետությունը, 1991թ. դեկտեմբերի 10-ին առաջին հանրաքվեով, այնուհետև տեղի ունեցան այլ հանրաքվեներ՝ սահմանադրական և այլն, հետևաբար՝ մենք վաղուց ենք ինքնորոշվել, և դա անքակտելի իրավունք է: Որևէ մեկը, առավել ևս՝ միջազգային ասպարեզում, չի կարող այդ իրավունքը չեղարկել: Հետևաբար՝ քանի մենք կանք, ունենք կամք, և մեր հավատքն անսասան է, մենք մեր իրավունքին տեր պետք է կանգնենք»:
Դավիթ Բաբայանը հավելեց, որ ուշի-ուշով հետևում են ՀՀ ներքաղաքական զարգացումներին. «Բայց Արցախը պետք է լինի վեր բոլոր ներքաղաքական զարգացումներից: Ժողովրդավարական երկրում ամեն հարց էլ պետք է քննարկվի, յուրաքանչյուրն իր տեսակետները արտահայտելու հնարավորություն պետք է ունենա: Ինչ վերաբերում է տարբեր հարցազրույցներին՝ նայում ենք, տարբեր հարցեր կան, որոնք ավելի ուշադիր ենք լսում»: