Թուրք նախկին դատավորը՝ հայ-թուրքական երկխոսության մասին

Հայաստանի և Թուրքիայի միջև փոխադարձ հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ սկսված երկխոսության գործընթացի մասին Ermenihaber.am-ը հարցազրույցներ է իրականացնում Թուրքիայի քաղաքական և հասարակական շրջանակներից տարբեր գործիչների հետ:

Այդպիսով մեր ընթերցողների դատին ենք հանձնում նրանց տեսակետները հայ-թուրքական կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Այս անգամ մեր զրուցակիցը Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի՝ քեմալիստական ուղղվածության, «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ, նախկին դատավոր Միթհաթ Ալի Քաբաալին է: Զրույցի ընթացքում վերջինս շեշտեց, որ ներկայացնում է իր անձնական դիրքորոշումը, և դա չպետք է ընկալվի որպես իր կուսակցության պաշտոնական դիրքորոշում։

Համառոտ կենսագրական

Միթհաթ Ալի Քաբաալին ծնվել է 1965թ. Անթաքիա քաղաքում։ 1990-ին նշանակվել է Դիարբեքիրի (Տիգրանակերտ) Հանի շրջանի դատավոր։

Թուրքիայի լրագրողների ասոցիացիայի կողմից 2006թ. արժանացել է «Մամուլի ազատության» մրցանակին։

23 տարի դատավոր լինելուց հետո 2011-ին, թողել է դատավորի պաշտոնն ու մտել ակտիվ քաղաքականության մեջ։

Որոշ ժամանակ աշխատել է «Ժողովրդահանրապետական կուսակցության» նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի խորհրդական։ Այժմ էլ շարունակում է ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել նույն կուսակցությունում։

– Թուրքիայում տարբեր քաղաքական ուժեր տարբեր դիրքորոշումներ ունեն Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ: Ձեր կուսակցության դիրքորոշումը ինչո՞վ է տարբերվում այլ ուժերի դիրքորոշումից:

– Նախ կուզեմ ընդգծել հետևյալը. քանի որ ես կուսակցությունում այս պահին չեմ զբաղեցնում քաղաքական որևէ պաշտոն, այստեղ արտահայտած մտքերս ամբողջովին իմ անձնական տեսակետներն են և բնավ չեն արտահայտում կուսակցության պաշտոնական դիրքորոշումը։

Թուրքական հասարակությունն ավանդաբար ունի այն համոզմունքը, որ 1914թ. Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումով, սկզբում Զեյթունում, հետո նաև Օսմանյան կայսրության այլ վայրերում հայերի ապստամբությունների ընթացքում տարբեր էթնիկական ծագում ու կրոնական պատկանելիություն ունեցող խմբերի միջև սկսվեցին հակամարտություններ։ Դրանք հաշվի առնելով և ներքին անվտանգության նկատառումներից ելնելով՝ պետությունը դիմեց «Տեղահանության» միջոցին, որը մեծ տառապանքների պատճառ դարձավ իհարկե։ Թուրք հասարակությունը կարծում է, որ չնայած այդ մեծ տառապանքներին՝ կայացված որոշումը ողջամիտ է եղել՝ նկատի ունենալով այդ ժամանակվա պատերազմական իրավիճակը։

Այդ ժամանակվանից ի վեր ազգայնական քաղաքական գործիչների կողմից շրջանառվող և բազմաթիվ հետևորդներ ունեցող մի թեզ կա, ըստ որի՝ անցյալում «հնազանդ ազգի» համարում ունեցած և Օսմանյան կայսրությունում կարևոր պաշտոնների նշանակված հայերը համագործակցել են արտաքին ուժերի հետ և թուրքերին հարված հասցրել թիկունքից։

Նախկինում իրականացված թուրք դիվանագետների սպանություններն էլ իրենց հերթին ավելի արմատական դարձրեցին հիշյալ թեզի կողմնակիցների մոտեցումները։

Հակառակ այս ամենի՝ ի հայտ եկավ այն հարցը, թե ինչու ապստամբ կամ օտարների հետ համագործակցող հայերի ու այդ բանը չարած մյուս հայերի միջև տարբերություն չի դրվել։ Ինչու՞ է պատիժ կիրառվել ոչ միայն հանցավոր հայերի, այլև հանցավորություն չունեցած հայերի նկատմամբ։ Այս հարցադրումը շատերի մոտ շփոթ է առաջացնում։

Երբ մեր կուսակցությունում քաղաքական պաշտոն էի զբաղեցնում, անձնական դիտարկումներ էի անում և տեսնում, որ Թուրքիայի և Հայաստանի միջև անցյալում տեղի ունեցածի և ներկայումս տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ մեր կուսակցության անդամները չունեն միասնական տեսակետ, նրանց տեսակետները տարբերվում են։ Կուսակցության անդամների մի մասը այն կարծիքին է, որի մասին նշեցի վերևում, իսկ մի մասն էլ կարծում է, որ տեղի ունեցած ցավալի իրադարձությունների վերաբերյալ պիտի արվի անաչառ ուսումնասիրություն։

Կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն 2021 թվականի ապրիլի 24-ին, հյուրընկալվելով Tele-1 TV հեռուստաընկերության տաղավարում, 1915-ին կատարված իրադարձությունների վերաբերյալ ասաց բառացիորեն հետևյալը․

«Անցյալում ցավալի իրադարձություններ տեղի՞ են ունեցել։ Այո՛, ունեցել են, ոչ ոք չի ուրանում դա։ Լավ, իսկ ովքե՞ր պետք է ուսումնասիրեն այդ հարցը։ Պատմաբանները։ Թուրքիան պատրա՞ստ է դրան։ Այո՛, պատրաստ է։ Նույնիսկ Հայաստանին կոչ է արվել արխիվները բացել և անկախ պատմաբաններին այս իրադարձությունը ուսումնասիրելու հնարավորություն տալ»։

Որպես Թուրքիայի Հանրապետության հիմնադիրների կուսակցության շարքային անդամ՝ Ձեր հարցին ի պատասխան ուզում եմ ասել հետևյալը․ այս հարցերի շուրջ մինչև հիմա լռելու կամ հայտնի թեզերը կրկնելու փոխարեն մեր կուսակցությունը կամք է դրսևորում բացահայտելու անցյալում տեղի ունեցածը։ Իսկ այս խնդրի վերաբերյալ մյուս ուժերի մոտեցումն իրենցից, թերևս, պիտի հարցնեք։

– Նախկինում, ինչպես գիտենք, եղել են Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու փորձեր, որոնք, սակայն, ձախողվել են: Ձեր կարծիքով՝ Թուրքիան ի՞նչ քայլեր պիտի անի, որպեսզի գործընթացը նորից չձախողվի:

– Ինչպես հայտնի է, հայերի հետ առաջին շփումը Թուրքիայի Հանրապետությանը նախորդած Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության և Հայաստանի ու այլ սովետական հանրապետությունների միջև ստորագրված 1921թ. Կարսի պայմանագիրն է եղել։

Մինչև 1991 թվականը Սովետմիության շրջանակներում կարգավորվող հարաբերությունները Սովետական միության փլուզումից հետո Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության ճանաչմամբ են շարունակվել, սակայն 1993 թվականին Քելբաջարի (խմբ․՝ Քարվաճառ) գրավումը պատճառ դարձավ, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ իրականացնի մեկուսացման քաղաքականություն։

2002 թվականին «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) կողմից կազմած Թուրքիայի 58-րդ կառավարության արտաքին քաղաքականությունը, որը մինչ այդ իրականացվում էր բավականին կոշտ և ազդեցիկ, մեղմացավ։ Շվեյցարիայի միջնորդությամբ 2007-ին նախաձեռնված գործընթացի արդյունքում 2009-ին ստորագրվեցին «Դիվանագիտական​​հարաբերությունների հաստատման» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման» արձանագրությունները։ Սա ճանապարհ հարթեց երկու երկրների հարաբերությունների կարգավորման համար։

Այս արձանագրությունները պետք է ուժի մեջ մտնեին երկու երկրների խորհրդարաններում հաստատվելուց հետո։ Սակայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշմամբ այն կասեցվեց։

Ի դեպ՝ ԱԶԿ-ի կողմից կազմված 61-րդ կառավարության օրոք՝ 2011 թվականի օգոստոսի 27-ին մեծ քաղաքական խիզախության դրսևորմամբ «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություն կատարվեց «Համայնքների գույքի վերադարձի» վերաբերյալ և այդ հայտնի փոփոխությամբ ճանապարհ բացվեց փոքրամասնություններին, այդ թվում՝ հայերին պատկանող ունեցվածքի վերադարձի համար։

2013-ին այդ ժամանակվա արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի՝ «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության շրջանակներում ջանքեր են գործադրվել հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, սակայն դրական արդյունք չեն տվել։ Դրական արդյունք չստանալու ամենակարևոր պատճառը Ադրբեջանի Հանրապետության գործոնն է։

Այս երկու երկրների հարաբերությունները, որոնք և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը հիմնավորված պատճառներով սահմանում են որպես եղբայրական հարաբերություններ և բնութագրվում են «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով, ուղղակիորեն ազդում են Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների վրա։

Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի և Թուրքիայի միջև 2007-ից սկիզբ առած շփումների առնչությամբ իր ունեցած անհանգստությունը բազմիցս հայտնել է։ Այդ մասին Ադրբեջանը բարձրաձայնել է բոլոր հարթակներում և չի վարանել հայ-թուրքական շփումներին վերջ տալու համար տնտեսական (դադարեցնել բնական գազի դեմպինգը) և քաղաքական (Իսրայելի հետ հարաբերությունները) քայլեր ձեռնարկել։

2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նախկինում զբաղեցված տարածքները վերադարձվել են։ Քանի որ դա էր որպես նախապայման Թուրքիան առաջ քաշում ցյուրիխյան արձանագրությունների իրականացման նախապայման, հիմա արդեն դա կատարվել է ըստ էության և իմ կարծիքով Թուրքիայի համար բանակցությունների վերսկսման խնդիր այլևս չկա։

Արաբական աշխարհում մի հայտնի ասացվածք կա․ «Չկա պատերազմ առանց Եգիպտոսի, չկա խաղաղություն առանց Սիրիայի»։ Այս հայեցակարգը շատ լավ արտահայտում է այդ երկու երկրների աշխարհագրական կշիռն ու դերը։ Իմ կարծիքով, եթե այս արտահայտությունը հարմարեցվի կովկասյան տարածաշրջանին՝ ապա կարող ենք ասել, որ «Առանց Ադրբեջանի չի կարող լինել խաղաղություն»։ Ուստի ճիշտ կլիներ, որ Ադրբեջանի Հանրապետությունը մասնակցեր բանակցություններին, որպեսզի գործընթացը նոր փակուղիների առջև չհայտնվի։

– Ինչպիսի՞ն են Թուրքիայում հանրային տրամադրություններն այս հարցի շուրջ, մանավանդ 44-օրյա արցախյան պատերազմից հետո ի՞նչ փոփոխություններ են կրել և արդյո՞ք հասարակական պահանջ ևս կա Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու:

– Թուրքական հասարակությունն ընդհանուր առմամբ սատարում էր Ադրբեջանի Հանրապետության նախաձեռնած ռազմական գործողությունները։ Պատերազմի ընթացքում հայ զինվորների կողմից սոցիալական ցանցերում տարածված որոշակի վատ բովանդակությամբ նյութեր ավելի խթանեցին այդ աջակցությունը։

Թուրքիայի հասարակությունը գոհ է Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ կնքված հրադադարից, և նրա ներկայիս ակնկալիքն է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները շարունակաբար կյանքի կոչվեն։

Բոլոր նրանք, ովքեր սառնասրտորեն են գնահատում տեղի ունեցածը, կարծում են, որ պատերազմից հետո ձեռք բերված հաշտեցմամբ Ադրբեջանի Հանրապետությունը հասավ իր ուզածին և հիմա, երբ խաղաղություն է, պետք է դրան համապատասխան վարվել, այն է՝ կարգավորել հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ։

– Հայաստանի և Թուրքիայի միջև սկիզբ առած երկխոսության գործընթացի առնչությամբ ի՞նչ ակնկալիքներ ունեք, մանավանդ երբ հաշվի ենք առնում Հայոց ցեղասպանության խնդրի առկայությունը: Որպես քաղաքական գործիչ՝ ի՞նչ նշանակություն և կարևորություն ունեն Ձեզ համար Հայաստանի հետ հարաբերությունները:

– Նախ՝ որպես նախկին դատավոր և քաղաքական գործիչ, կարծում եմ, որ 1915 թվականի իրադարձությունները պետք է բացահայտվեն բոլոր առումներով։ Ես կարծում եմ, որ դա անելու առողջ ճանապարհը նույն սեղանի շուրջ երկու կողմերի հանդիպումն է։ Գիտեմ նաև այն, որ եթե երկու կողմից էլ լինեն այս համոզմունքին անկեղծ հավատացող քաղաքական գործիչներ, ապա ճանապարհը շատ ավելի հեշտ կլինի, քան թվում է։

Ինչ վերաբերում է պատճառին. երբ ես 24 տարի դատավոր աշխատելուց հետո մտա քաղաքականություն, իմ կուսակցության պատմության մեջ առաջին անգամ տարբեր դավանանքների կրոնական առաջնորդների՝ Ուղղափառ հույների առաջնորդ, պատրիարք Բարթոլոմեոսի, ասորիների առաջնորդ, մետրոպոլիտ Յուսուֆ Չեթինի, կաթոլիկ ասորիների առաջնորդ, Պապ Յուսուֆ Սաղի, հրեաների գլխավոր ռաբբի Իսակ Հալեվայի, Թուրքիայի հայության հոգևոր առաջնորդ Արամ Աթեշյանի հետ հանդիպումներ ունեցա և կազմակերպեցի նրանց հանդիպումը մեր կուսակցության ղեկավարի հետ։

Այդ հանդիպման ընթացքում հարգարժան Աթեշյանը, որն այն ժամանակ Թուրքիայի 80․000-անոց ամենամեծ փոքրամասնության կրոնական առաջնորդն էր, տպավորվել էր իմ այն խոսքից, որ 1915 թվականին շատ ցավալի իրադարձություններ են եղել, իհարկե, դրանք պետք է բացահայտել, բայց նաև եթե շարունակ անցյալից կախված մնանք կկորցնենք մեր ներկան։ Այնուհետև խոսակցության ընթացքում, երբ քննարկում էինք, թե ինչ կարելի է անել, նա առաջարկեց, որ որպես կուսակցություն ամենամեծ փոքրամասնությունը հանդիսացող համայնքը ներկայացնող պատգամավոր ունենանք։ Ես այս միտքը փոխանցեցի կուսակցության նախագահին։ Այդպես՝ Թուրքիայի քաղաքացի Սելինա Դողանը մեր կուսակցության Ստամբուլի հայ պատգամավորն է եղել 25-րդ և 26-րդ գումարման խորհրդարանում։

Փաստորեն երկար տարիներ անց Թուրքիայի խորհրդարանում առաջին անգամ CHP կուսակցությունը ներկայացնող հայ է պատգամավորական մանդատ ստացել։ Դա հնարավոր դարձավ միայն ու միայն ստեղծված երկխոսության շնորհիվ։

Ասեմ, որ արդար դատավճիռը միշտ դատավորի առաջնահերթ նպատակն է, և էթիկայի տեսանկյունից անհնար է շեղվել դրանից: Բայց այսօրվա դատավորի համար հեշտ չէ քննել անցյալում տեղի ունեցած իրադարձությունները։ Եթե երկխոսությունը սկսենք 1915 թվականին տեղի ունեցածից, ապա ներկայի տեսնակյունից չենք կարող առաջ շարժվել։

Երբ այս հարցը մի կողմ թողնեք առանձին առիթով հետագա քննարկման համար, այսօրվա անելիքը պարզ կդառնա։ Իսկ այսօրվա անելիքն այն է, որ կողմերը, առանց երրորդ երկրի միջնորդության սկսեն ուղիղ, երես առ երես հանդիպել ու բանակցել։

Թուրքիայի առաջին կառավարությունը հարաբերությունները կարգավորելու իր ցանկությունն արդեն արտահայտել է՝ նշանակելով Հայաստանի հետ երկխոսության հատուկ ներկայացուցիչ։ Պարոն Սերդար Քըլըչը փորձառու դիվանագետ է, որպես դեսպան ծառայել է Վաշինգտոնում, ես նրան անձամբ ճանաչում եմ։

Մեկ անգամ ևս ընդգծելով, որ ես իրավասու չեմ խոսելու ամբողջ CHP-ի անունից՝ անձամբ իմ անունից հայտարարում եմ, որ լիովին աջակցում եմ այս կարգավորման գործընթացին։

Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում դարեր շարունակ միասին ենք ապրել։ Ներկայումս էլ (Սամանդաղցի կնոջս շնորհիվ, ճանաչում եմ նաև Վագըֆլը հայկական գյուղի բնակիչներին) Թուրքիայից դուրս իմ ուղևորությունների ընթացքում ինձ հանդիպում են 3-րդ սերնդի (Օսմանյան կայսրության տարածքում ապրած հայերի) ներկայացուցիչներ, որոնք դեռ թուրքերեն են խոսում։ Եվ ես դեմ եմ, որ այդ մարդկանց երկիրը ենթարկվի մեկուսացման։

Անձամբ ես ձեր միջոցով իմ ողջույններն ու սերն եմ փոխանցում հայ ժողովրդին։

Եվ հավատում եմ, որ Թուրքիայում կգտնվի մեկը, ով կանի այն, ինչ Վիլլի Բրանդտը արեց Լեհաստանում 1970թ. դեկտեմբերի 7-ին։

Հիշեցնենք, որ 1970թ. դեկտեմբերի 7-ին Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետության այն ժամանակվա կանցլեր Վիլլի Բրանդտը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հրեական գետտոյի զոհերի հուշարձանի առջև ծնկի էր իջել ու ներողություն խնդրել հրեաների ցեղասպանության համար:

Տեսանյութեր

Լրահոս