«Հայկական Բանակի 30-ամյակի հոբելյանական օրվա արձանագրումներ». Էդգար Ղազարյան
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկական Բանակի 30-ամյակի հոբելյանական օրվա արձանագրումներ
2022 թվականի հունվարի 28-ի, Հայկական Բանակի 30-ամյակի հոբելյանական օրվա իրադարձությունների և փաստերի ամփոփումն ի ցույց է դնում, թե ինչ հանցավոր պահվածք են դրսևորել Հայաստանի իշխանությունները՝ Բանակը նսեմացնելու, ստորացնելու, դրա դերն ու նշանակությունը մեր կյանքում չարժևորելու համար։ Դա կարող էին անել միայն հայ ժողովրդի թշնամիները կամ նրանց հանձնարարությամբ՝ այլ արարածներ։
– Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փախել է երկրից և հրաժարականի մասին հայտարարություն տարածել Բանակի 30-ամյա հոբելյանից մի քանի օր առաջ։
– Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է իր հիվանդ լինելու մասին՝ չմասնակցելով որևէ միջոցառման, իր հիվանդ լինելը պատճառ դարձնելով, չեղարկելով պաշտոնական միջոցառումները, որոնց կազմակերպման մասին մինչ այդ որևէ տեղեկատվություն չի եղել, որևէ հրավիրատոմս չի բաժանվել, որևէ կազմակերպական քայլեր չեն իրականացվել։
– Բանակի 30-ամյակի առթիվ ուղերձ չի հղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ով ուղերձ է հղել 2021 թվականի նոյեմբերի 17-ին բուժծառայողի օրվա կապակցությամբ։ Ստացվում է Բանակի մի ստորաբաժանման ծառայողների հերթական տարեդարձը նրա համար առավել արժեքավոր է եղել, քան ողջ Բանակի հոբելյանը։
– Բանակի 30-ամյակի առթիվ ուղերձ չի հղել ՀՀ Զինված ՈՒժերի գլխավոր շտաբի պետը։
– Բանակի օրվա առթիվ ուղերձներ չեն հղել ՀՀ վարչապետին ենթակա երեք մարմինների ղեկավարներից ոչ մեկը, ո՛չ ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ո՛չ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ո՛չ Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմասնոս Պետրոսյանը։
– Ուղերձներ չեն հղել Կառավարության ենթակա մարմիններից ոչ մեկի ղեկավարները, անգամ գնդապետի կոչում ունեցող, ՀՀ Տավուշի նախկին մարզպետ, ԵԿՄ վարչության նախկին անդամ, ՀՀԿ խորհրդի նախկին անդամ, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։
– Ուղերձ չի հղել ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ինքնահռչակված Արման Դիլանյանը, երբ նախկինում մշտապես ՍԴ նախագահները հանդես են եկել համապատասխան ձևով։
– Շնորհավորական ուղերձ չի հղել անգամ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
– Նախապես չի սահմանվել «Բանակի 30-ամյակի հուշամեդալ», ինչն իրականացվել էր 10 տարի առաջ՝ խախտելով հոբելյանական մեդալների շարունակականության ինստիտուտը։
– Տոնական և հոբելյանական միջոցառումներ չեն կազմակերպվել մարզկենտրոններում։ Գրեթե ոչ մի մարզպետի և բանակային ստորաբաժանումների մասնակցությամբ հանդիսավոր և տոնական միջոցառումներ չեն կազմակերպվել։
– Երևանում չեն կազմակերպվել ոչ միայն պաշտոնական, այլև հանրային բնույթի միջոցառումներ, այն դեպքում, երբ Հայաստանի Անկախության 30-ամյակի առթիվ կազմակերպվել էր մեկ միլիարդ դրամը գերազանցող ծախսերով համերգ, որի ֆինանսավորման և ծախսման ողջ գործընթացը գաղտնի պահվեց հասարակությունից։
– Հանրապետության նախագահի և ՀՀ վարչապետի կողմից ոչ մի զինվորական, պատերազմի մասնակից չի պարգևատրվել, ոչ ոք զինվորական կոչման չի արժանացել։
– ՀՀ պաշտպանության նախարարը և նրա տեղակալներից ոչ մեկը չի մասնակցել Բանակի օրվա նախօրեին Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությամբ տեղի ունեցած հանրապետական մաղթանքին, պարգևատրման արարողությանը և ընդունելությանը։
– Չի տարածվել ոչ մի հաղորդագրություն այլ պետությունների պաշտպանության նախարարների, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի կամ այլ միջազգային ռազմաքաղաքական կազմակերպությունների ղեկավարների կողմից։
– Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն ակնհայտ անհարգալից պահվածք են դրսևորել Եռաբլուր զինվորական պանթեոնում՝ անարգելով Հայրենիքի համար զոհվածների հիշատակը։
Սրանք փաստերի մի մասն են, իսկ հետևությունները՝ մնում են յուրաքանչյուրին»։