«Գեներալ Մանվելն ասել է՝ եթե թուրքը իմանա, որ ինքը Շուշիում է, Շուշի չի մտնի. նրան տեղափոխեցին Երևան, թուրքը մտավ Շուշի». Նաիրա Կարապետյան
«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ասուլիսում կար հաշվետվություն, այդ թվում՝ ոչ ներքին լսարանի համար:
Ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ նշել էր, որ Արցախը երբեք միայն հայկական չի ընկալվել՝ մեջբերելով Ադրբեջանի հետ բանավեճը՝ հանրաքվեի անցկացման ժամկետների հետ կապված, ասելով, թե Ադրբեջանը ասում էր՝ 100 տարի հետո, մենք ասում էինք՝ 5 տարի, Ադրբեջանն էլ ասում էր՝ դե, համաձայն չես՝ համաձայն չես, ուրեմն ոչ 5 տարի հետո կլինի, ոչ էլ 100 տարի հետո կլինի:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Նաիրա Կարապետյանից հետաքրքրվեցինք՝ եթե ամեն ինչ այնպես է, ինչպես Փաշինյանն է ներկայացնում, ապա 2016թ. Ալիևն ինչո՞ւ էր բողոքում, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը:
«Հանրաքվեի մասը մեր լսարանից շատ ավելի դուրս հասկանում են, որ սա մաքուր մանիպուլյացիա է, քանի որ հանրաքվեն բանակցվել է մի քանի կետով, և ես որևէ գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ ամենադժվար բանակցված կետերից մեկն է եղել: Նախկին իշխանությունների օրոք բանակցային գործընթացում մենք հասել էինք նրան, որ հանրաքվեն տեղի է ունենալու բնակչության այն համամասնությամբ, որը եղել է անկախության հռչակման պահին, այսինքն՝ Ադրբեջանի բնակչությունը կազմել է ընդամենը 21.5 տոկոս: Քանի որ Ադրբեջանը բազմիցս պնդել է, որ հանրաքվեի անցկացումը հակասում է իր Սահմանադրությանը, և նա չի կարող այդ կետին համաձայնել, համաձայնեցված է եղել նաև դա, որ հանրաքվեին դրված հարցը ինչ ձևակերպում էլ ունենա՝ ընդունվելու է Ադրբեջանի կողմից, և որևէ հակասության մասին խոսք լինել չի կարող: Այսինքն՝ հանրաքվեի անցկացումը ենթադրելու էր հստակ կարգավիճակ: Եթե հանրաքվեի արդյունքում պետք է ստանային հայ-ադրբեջանական համատեղ ձեռնարկություն, այսքան երկար տարիների բանակցություններն ուղղակի անիմաստ էին»,- ի պատասխան՝ ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն իր ամանորյա ուղերձում ևս մեկ անգամ ընդգծել էր, որ քաղաքական առումով մեր բանակը տարածքներ նվաճելու խնդիր չի դնելու իր առաջ, նրա խնդիրը մեր երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է: Նաիրա Կարապետյանին հարց ուղղեցինք՝ զորքերին հետ քաշվելու հրաման տալը ո՞ր երկրի անվտանգության և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համատեքստում էր:
«Նախ բավականին ծիծաղելի է, որ երկրի գերագույն հրամանատարը, որը պետք է որ ծանոթ լիներ մեր բանակի որդեգրած սկզբունքին, հայտարարում է, որ տարածքներ նվաճելը չէ մեր առաջնահերթությունը. Երբեք չի եղել: Մեր Պաշտպանության բանակը, մեր Զինված ուժերը երբևիցե նվաճողական չեն եղել, մենք միշտ պաշտպանել ենք մեր սահմանները, մեր տարածքային ամբողջականությունը, մեր հայրենիքը, մեր անվտագությունը: Հարձակվողական և նվաճողական սկզբունք որդեգրած բանակները կոչվում են ագրեսոր: Այսինքն՝ հայտարարել, որ մենք նվաճողական քաղաքականություն չունենք, խոսում է այն մասին, որ սա պարզապես ոչ միայն մանիպուլյացիա է, այլև բանակի 30-ամյակի նախօրեին հարված է մեր բանակին»:
Ըստ նրա՝ եթե անգամ Նիկոլ Փաշինյանն ու ԶՈւ բարձրաստիճան պաշտոնյաները վարակված են կորոնավիրուսով, դա տիեզերական նախախնամություն է. «Բանակի կազմավորման 30-ամյակին շնորհավորանքներ լսել մարդկանցից, ովքեր տարել են երկիրը պարտության, ինձ համար ցավալի կլիներ»:
Հարցին՝ շատ էին ահազանգերը, որ 2018թ. իշխանափոխությունից հետո արշավ է սկսվել Արցախն ազատագրած գեներալների դեմ, որի ամենավառ օրինակը գեներալ Մանվել Գրիգորյանի հանդեպ կատարվածն էր. Դուք բավականին մտերիմ էիք գեներալի հետ, և այս մասին երբևէ խոսելու առիթ չի եղել, ինչպե՞ս նա արձագանքեց 2020 թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման լուրն իմանալուց հետո:
«Շատ վատ: Ես լուսահոգի գեներալի հետ հանգամանքների բերումով պատերազմի ողջ ընթացքում կապի մեջ եմ եղել և նրանից եմ իմացել որոշակի մանրամասներ: Գուցե կների ինձ լուսահոգի գեներալը, որ հիմա շատ անձնական զրույցներ եմ հանրայնացնում. Օր օրի նրա տրամադրության անկումից հասկանում էի, որ ինչ-որ բան այն չէ:
Ճիշտ է՝ նա չէր բացում փակագծեր, բայց գեներալը պարզ մարդ էր, և անգամ նրա դեմքի արտահայտությունից կամ ձայնի տոնայնությունից հասկացվում էր: Վերջին օրերին, երբ նա արհեստական շնչառական սարքի միջոցով էր շնչում և փորձում էր ժեստերով շփվել, բավականին ծանր էր:
Նա միայն ներքև թեքած բութ մատն էր ցույց տալիս և ասում էր, որ սրանով չի վերջանալու ամեն ինչ, մենք պետք է ոտքի կանգնենք: Մտերիմների հետ խոսակցությունների ժամանակ ես հասկացել եմ, որ գեներալը կորոնավիրուսը հաղթահարել էր, նա չկարողացավ հաղթահարել հոգու անկումը, որը տեսավ: Երբ պատերազմի օրերին նա Շուշիում էր՝ իր տղաների հետ, տղաները պատմում են, որ նա ասում էր՝ ես պետք է նստեմ այնքան, ինչքան պետք է, քանի որ, եթե թուրքը իմանա, որ Մանվելը Շուշիում է, Շուշի չի գա: Եթե չեմ սխալվում՝ ամսի 4-ին թե 5-ին նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նրան տեղափոխել են Երևան, և նա ճիշտ էր՝ նրան տեղափոխելուց հետո թուրքը գնաց Շուշի»,- ի պատասխան՝ ասաց նա:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում