«Ամեն ինչ այնպես է, ինչպես նախկինում». Ալեքսանդր Ազարյան
168.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ըստ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) տարածած հաղորդագրության՝ տարեսկզբին ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով վերահսկողության շրջանակներում ԲԴԽ կատարած այցի ընթացքում արձանագրվել են որոշակի թերություններ, և տեսչական մարմնի կողմից Խորհրդին առաջարկվել է խստագույնս պահպանել ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանի 3-րդ հավելվածով սահմանված պահանջները. փակ տարածքներում՝ նիստերի դահլիճներում, սպասասրահում և միջանցքներում, այցելուների կողմից դիմակների կրումը պարտադիր է, փակ տարածքներում՝ նիստերի դահլիճներում, սպասասրահում և միջանցքներում, ապահովել քաղաքացիների միջև սոցիալական 1.5 մետր հեռավորությունը:
Ապա տեղեկացրել էին, որ ելնելով դրանից՝ ԲԴԽ-ում կարգապահական վարույթների քննության գործընթացում որոշակի փոփոխություն է կատարվել, որը միտված է բարձրացնելու հակահամաճարակային կանոնների պահպանմանն ուղղված քայլերի արդյունավետությունը:
«Տեղեկացնում ենք, որ հունվար ամսից սկսած ԲԴԽ անդամներից և դատավարության մասնակիցներից զատ՝ ԲԴԽ դատական նիստերի դահլիճ կկարողանան մուտք գործել միայն Դատական դեպարտամենտի կարգադրիչների ծառայության ներկայացուցիչները և ԶԼՄ ներկայացուցիչները՝ բժշկական դիմակները պատշաճ կրելու և սոցիալական հեռավորությունը պահպանելու պայմանով»,- ասված էր ԲԴԽ հայտարարության մեջ:
Այսօր 9 դատավորներ հանդես եկան հայտարարությամբ, որով ԲԴԽ-ին առաջարկում էին մյուս դատարաններում ևս կիրառել դահլիճ մուտքի նույն կանոնները, ինչ ԲԴԽ-ի դեպքում:
«Առաջարկում ենք դատարանների դատական նիստերի դահլիճներ ևս թույլատրել մուտք գործել միայն Դատական դեպարտամենտի կարգադրիչների ծառայության և ԶԼՄ ներկայացուցիչներին՝ բժշկական դիմակները պատշաճ կրելու և սոցիալական հեռավորությունը պահպանելու պայմանով և ՀՀ քաղաքացիական, վարչական ու քրեական դատավարության օրենսգրքերով նախատեսված գործերի քննության հրապարակայնության սկզբունքը պահպանելու նպատակով դատարանների նստավայրերում կոնկրետ գործերի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող հանրության ներկայացուցիչների համար առանձնացնել պատշաճ պայմաններ ունեցող դահլիճ (սենյակ), որտեղ հնարավոր է ուղիղ հեռարձակմամբ հետևել դատական նիստերի ընթացքին»,- նշված էր դատավորներ Վազգեն Ռշտունու, Մխիթար Պապոյանի, Արշակ Վարդանյանի, Զարուհի Նախշքարյանի, Դավիթ Բալայանի, Դավիթ Հարությունյանի, Արման Հովհաննիսյանի, Արթուր Ստեփանյանի, Աղասի Դարբինյանի ստորագրած հայտարարության մեջ:
168.am–ը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանին հարցրեց՝ արդյո՞ք իր նախագահությամբ ընթացող դատական նիստերի անցկացման կարգում փոփոխություն կա, և, ինչպես ԲԴԽ-ի դեպքում, իրենց մոտ էլ են արդեն նիստերին կողմերը, կարգադրիչներն ու ԶԼՄ ներկայացուցիչները մասնակցում:
«Ամեն ինչ այնպես է, ինչպես նախկինում»,- ասաց Ալեքսանդր Ազարյանը:
Ճշտող հարցին՝ այսինքն՝ ով ուզի, կարո՞ղ է դատական նիստին ներկա գտնվել, դատավորը պատասխանեց՝ այո, եթե նիստը բաց է, ցանկացած մարդ կարող է ներկա գտնվել դատական նիստին, և այդպես էլ լինում է:
«Նույնիսկ նրանք, ովքեր այլ գործերով են եկել դատարան, և նրանց նիստերը չեն կայացել»,- ասաց դատավոր Ազարյանը՝ հավելելով, որ կարգը պահպանելը դատական կարգադրիչների, այլ ոչ թե դատավորների խնդիրն է:
Այսինքն՝ որևէ դատական նիստի ներկա կարող են լինել նաև այն անձինք, ովքեր, ենթադրենք՝ իրենց նիստի ժամից շուտ են եկել, ու դրսում չսառելու համար հանգիստ կարող են դատական նիստերի ինչ-որ դահլիճում սպասել իրենց ժամին:
Սա նշանակում է, որ ԲԴԽ որոշումն ամենևին առողջապահական նկատառումներով չի պայմանավորված, այլ զուտ կարգապահական վարույթների ժամանակ դատավորների աջակիցների մուտքը նիստերի դահլիճ խոչընդոտելու նպատակ է հետապնդում: