Բաժիններ՝

Երևանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոցը նոր տնօրեն ունի

Երևանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոցում այսօր տեղի ունեցավ տնօրենի ընտրություն, որի արդյունքում հաղթեց նույն դպրոցի փոխտնօրեն Աննա Պետրոսյանը։

Տնօրենի պաշտոնի համար առաջադրվել էին 5 թեկնածուներ, սակայն ծնողական և մանկավարժական խորհուրդների նիստերից առաջ թեկնածուներից Կարինե Դուրգարյանը, որը ևս նույն դպրոցի փոխտնօրեն է, ինքնաբացարկ էր հայտնել, թեկնածուներից Լուսինե Խաչատրյանն էլ, հարգելի պատճառով, այսօր ներկա չէր ընտրությանը։ Այդպիսով դպրոցի զարգացման իրենց ծրագրերը Կառավարման խորհրդին ներկայացրեցին նույն դպրոցի փոխտնօրեններ Աննա Պետրոսյանը, Քրիստինե Մայիլյանը և Երևանի դպրոցներից մեկի պատմություն առարկայի ուսուցիչ Արթուր Սարդարյանը։

Կառավարման խորհուրդը լսեց հավակնորդների ներկայացրած զարգացման ծրագրերը, ապա բաց քվեարկությամբ տնօրեն ընտրեց։ Կառավարման խորհրդի ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ Աննա Պետրոսյան՝ 3 ձայն, Քրիստինե Մայիլյան՝ 0, Արթուր Սարդարյան՝ 0 ձայն։ Այս միավորներին գումարվեցին նաև մանկավարժական և ծնողական խորհուրդների փակ քվեարկության արդյունքում ստացված ձայները։

Նշենք, որ թե՛ մանկավարժական խորհուրդը, թե՛ ծնողական խորհուրդը 2-ական ձայն տվել էին Աննա Պետրոսյանին։ Այդպիսով Աննա Պետրոսյանը ստացավ ընդհանուր 7 ձայն, իսկ տնօրեն ընտրվելու համար անհրաժեշտ է առնվազն 6 ձայն։

Հիշեցնենք, որ Երևանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոցում այս ուսումնական տարում երկրորդ անգամ էր տնօրենի մրցույթ հայտարարվել, նախորդ մրցույթին հավակնորդներից ոչ մեկը չէր ստացել անցողիկ 6 միավոր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս