Վանաձորում սպանություն է տեղի ունեցել. զննությամբ հայտնաբերվել է 70-ամյա կնոջ մասնատված դին, տան բակում՝ վերջինիս ոտքերի՝ ծնկահոդերից ներքև ընկած հատվածները. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում 69-ամյա կնոջ՝ առանձին դաժանությամբ սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով 2022թ. հունվարի 26-ին՝ ժամը 10:02-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաձոր քաղաքի Տիգրանյան փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել:
Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը բնակարանում կատարված զննությամբ հայտնաբերել է նույն տան՝ 1952թ. ծնված բնակչուհու մասնատված դին, իսկ տան բակում՝ վերջինիս ոտքերի՝ ծնկահոդերից ներքև ընկած հատվածները, աղբամանում՝ կնոջ հագուստը, արնանման հեղուկի նմանվող հետքով դանակ, կացին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նույն օրը դեպքի վայրից բերման է ենթարկվել և ձերբակալվել սպանված կնոջ՝ 1945թ. ծնված ամուսինը և որպես կասկածյալ հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:
Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ առգրավվել են կասկածյալի հագին դեպքի պահին եղած հագուստները, վերցվել են փորձանմուշներ, նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատագենետիկական, դատաքրեագիտական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ բազմակողմանի և օբյեկտիվ քննություն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:
Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:
Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռնրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռվ: