Տավուշի բաժնի ոստիկանները բնակարանային գողություններ են բացահայտել
Հունվարի 22-ի կեսօրին ոստիկանության Տավուշի բաժին էր դիմել Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի բնակիչ, 57-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, որ գիշերը հանգուցյալ քենակալի տնից, որն իրեն է վստահված, գողություն են արել:
Բաժնի օպերատիվ խումբը քննիչի և փորձագետի հետ մեկնեց Արծվաբերդ: Պարզվեց, որ պատշգամբի պատուհանը կոտրել ու մտել էին տուն, տարել սպասք ու տնտեսական ապրանքներ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու քննչական միջոցառումների արդյունքում ահազանգից 30 րոպե անց կասկածանքով Տավուշի բաժին բերման ենթարկվեց 35-ամյա մի տղամարդ: Նա խոստովանեց, որ գողությունն արել է ինքը:
Հարուցվել է քրեական գործ: Գողոնն առգրավվել է, նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ բերման ենթարկվածը, բացի վերը նշվածից, նույն գյուղում երեք անգամ էլ է բնակարանային գողություն արել, մեկ անգամ էլ գողություն է արել նկուղից։
Տղամարդը ձերբակալվել է։ Դեպքերի հանգամանքները պարզվում են տարածքային քննչական բաժնում կատարվող նախաքննությամբ: