Առաջարկնե՞ր, թե՞ նախապայմաններ. Ի՞նչ փաթեթ է Միրզոյանը փոխանցել Լավրովին և ադրբեջանական կողմին
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ Երևանի առաջարկներն ըստ էության ընդունելի չեն՝ ինչպես Բաքվի, այնպես էլ՝ Մոսկվայի համար: Հունվարի 14-ի ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրեց, որ նախօրեին՝ հունվարի 13-ին, շփում է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Ըստ նրա՝ հայկական կողմն առաջարկներ է փոխանցել իրեն հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա-դեմարկացիայի հանձնաժողով ձևավորելու հարցի վերաբերյալ, որոնք փոխանցվել են Բաքվին:
«Առաջարկել ենք մեզ, որպես այդ հանձնաժողովի խորհրդատուներ, հաշվի առնելով, որ ռուսական գլխավոր շտաբը և այլ կառույցներ ունեն քարտեզներ, որոնք արտացոլում են ԽՍՀՄ ձևավորման տարբեր փուլեր և ադմինիստրատիվ սահմանների փոփոխությունները միութենական հանրապետությունների միջև: Հենց երեկ շփվել եմ իմ հայաստանցի գործընկերոջ հետ հենց այս թեմայի շուրջ, կան կողմերի համապատասխան առաջարկները, քանի որ հանձնաժողով ստեղծելու համար հարկավոր է պայմանավորվել պայմանների շուրջ, այդ պայմանները հիմա քննարկվում են, կան տարաձայնություններ, մեր դիրքորոշումը պարզ է, պետք է նստել և արդեն ձևավորված հանձնաժողովում լուծել բոլոր այն հարցերը, որոնք այսօր դեռ չհամաձայնեցված են»,- պարզաբանել էր Լավրովը:
Ի պատասխան մեկ այլ հարցի էլ՝ նա նաև հիշեցրել էր, որ Սոչիում պայմանավորվածություն կար, և մամուլի հետ զրույցում հրապարակային հույս էր հնչեցվել, որ հանձնաժողովը կստեղծվի մինչև 2021 թվականի ավարտ, սակայն կյանքն ավելի բարդ է:
«Երեկ, կրկնեմ, շփվել եմ հայ գործընկերոջս հետ, ում մոտ նոր առաջարկներ են հայտնվել, մենք դա փոխանցել ենք Բաքու և փորձելու ենք այնպես անել, որ հանձնաժողովն աշխատի հնարավորինս շուտ»,- ասել էր նա, ըստ էության ակնարկելով, որ բոլոր առաջարկները կարող են քննարկվել արդեն հանձնաժողովի շրջանակում, և կարիք չկա նման պայմաններով երկարաձգել հանձնաժողով ստեղծելու գործընթացը:
Սրան զուգահեռ՝ ադրբեջանական քարոզչական էջերում տեղեկատվություն հայտնվեց, թե Բաքուն և Երևանը բանավոր պայմանավորվածություն են ձեռք բերել ադրբեջանահայկական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ:
Լավրովի ասուլիսից և այս տեղեկությունների հայտնվելուց անմիջապես հետո 168.am-ը հարցեր է ուղղել ՀՀ ԱԳՆ խոսնակին Երևանի առաջարկների, հանձնաժողովի ստեղծման մի շարք մանրամասների՝ ժամկետների և պայմանների շուրջ, որոնց պատասխանները ստանալուն պես կհրապարակենք: Սակայն մինչ դա ներկայացնենք նաև, թե ինչպես այս թեման զարգացավ:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին խորհրդարանում հայտնեց, որ հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի կարգավորմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է փոխանցել ռուսական և, նրանց միջնորդությամբ՝ նաև ադրբեջանական կողմին։ Այժմ պաշտոնական Երևանը սպասում է արձագանքի։
«Կարող եմ ասել միայն, որ դրանք բխում են կառավարության և վարչապետի կողմից նախապես և մշտապես բարձրաձայնված զորքերի հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման մեր ընդհանուր, նախապես մշակված հայեցակարգից: Ներկայացված փաթեթում նախատեսված են հանգամանալից կերպով մեխանիզմներ, որոնց գործարկման արդյունքում որևէ գյուղ, ճանապարհ և այլն անպաշտպան չի մնա։ Շատ դետալներ, իհարկե, չեմ կարող բացահայտել, որովհետև քննարկման փուլում են։ Միայն կարող եմ ասել, որ խոսքը խորհրդային սահմանների մասին է՝ որպես հիմք էդ գործընթացի համար ընդունելու մասին»,- երեկ Ազգային ժողովում ասել է Միրզոյանը։
Տարածվեց նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի դիրքորոշումը. Բայրամովը հայտարարեց, որ Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները սահմանազատումը սկսելու համար:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Վահան Հունանյանն անդրադառնալով Բայրամովի խոսքերին՝ ասաց, որ սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի, խոսքը պայմանավորվածությունների մասին է:
Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների կողմից ընդունված եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ կողմերը պայմանավորվել են «քայլեր ձեռնարկել ադրբեջանահայկական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը տանել դեպի սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ձևավորում»:
«Այս պայմանավորվածությունը վերահաստատվել և զորքերի հետքաշման գործընթաց սկսելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում: Ըստ այդմ, հայկական կողմի առաջարկները ոչ թե նախապայմանների, այլ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին են: Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ օր առաջ պետք է սկսել սահմանազատման գործընթացը՝ համաձայն վերը նշված պայմանավորվածությունների»,- ի պատասխան «Արմենպրես» լրատվական գործակալության՝ ասել է Հունանյանը:
Այստեղ հարկ է հստակեցնել, որ դեկտեմբերին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում ո՛չ Երևանի, ո՛չ Բրյուսելի տարածած հաղորդագրություններում ամրագրված չէ զորքերի հետքաշման գործընթաց սկսելու պայմանավորվածության ձեռքբերման մասին, խոսքը միայն տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղղությամբ կոնկրետ քայլերի ձեռնարկման մասին է: Գուցե սա քննարկվել է ոչ հրապարակային կերպով, այնուամենայնիվ այս պահանջը կամ հայեցակարգը, ինչպես Արարատ Միրզոյանն է նշում, պաշտոնական Երևանը չի կարողացել ընդունելի օրակարգ դարձնել իր արտաքին գործընկերների՝ այս դեպքում՝ Մոսկվայի և Բրյուսելի համար, ու վերջին երեք բարձրաստիճան եռակողմ որևէ հանդիպման արդյունքում տարածված պաշտոնական տեքստում ադրբեջանական կողմի առջև նման պահանջ չի դրվել կամ զորքերի հետքաշման անհրաժեշտության մասին չի խոսվել:
Ավելին, ինչպես երևում է, ՀՀ արտաքին գործընկերների համար, որոնք միջնորդ են այս հարցով, Երևանի այսօր հնչեցվող առաջարկը կամ փաթեթը կարծես ընկալելի չէ այն դեպքում, երբ ադրբեջանական զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքում են: 2021 թվականի մայիսի 12-ից ՀՀ-ում ստեղծված իրավիճակը ՀՀ արտաքին օրակարգից, բարձրաստիճան բազմակողմ հանդիպումների պաշտոնական տեքստերից դուրս թողնելը, բնականաբար, ՀՀ դիվանագիտական ծայրաստիճան անկարողության մասին է խոսում:
Կամ Երևանն այս փաթեթով նպատակ ունի հետաձգել հանձնաժողովի ստեղծման հարցը, այլապես շատ ավելի գործուն քայլեր կձեռնարկվեին ադրբեջանական զինուժին ՀՀ տարածքից հեռացնելու համար: