Ուկրաինայի շուրջ աշխարհաքաղաքական բախման վտանգը մեծանում է. վտանգավոր իրավիճակ Հայաստանի համար
Մինչ ՀՀ Ազգային ժողովում քննարկում են, փորձում ծաղրել պատգամավորների ազգանունները, քաղաքական դիսկուրսի մակարդակն իջեցնելով աննախադեպ ցածր՝ գավառական նշաձողի, լուրջ գեոպոլիտիկ կրքեր են բորբոքվում հետսովետական ամենաթեժ օջախներից մեկում՝ ուկրաինական թատերաբեմում, որի զարգացումը կարող է դրամատիկ հետևանքներ ունենալ հետսովետական ողջ տարածաշրջանի, հետևաբար՝ նաև Հայաստանի համար: Ղազախական ճգնաժամի կարգավորումից հետո Արևմուտքից անվտանգային երաշխիքներ ստանալու ռուսական նախաձեռնությունը, ՌԴ-Արևմուտք վերջին եռափուլ բանակցությունների տապալումը, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում են մնալ միջազգային դիվանագիտության ուշադրության կենտրոնում։
ՌԴ-Արևմուտք բանակցությունները տապալվեցին
Հունվարի 10-ին Ժնևում կայացավ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև անվտանգության շուրջ բանակցությունների առաջին փուլը: Կողմերը քննարկեցին ՆԱՏՕ-ի ընդլայնումից հրաժարվելու` Մոսկվայի պահանջները, որոնք Մոսկվան անվանում է անվտանգության երաշխիքների փաթեթ:
- Ռուսաստանը Միացյալ Նահանգներից և ՆԱՏՕ-ից պահանջում է անվտանգության երաշխիքներ և իրավական ուժ ունեցող միջազգային փաստաթղթով ամրագրված հստակ խոստում առ այն, որ նախկին խորհրդային երկրները, մասնավորապես՝ Ուկրաինան և Վրաստանը, չեն անդամակցի ՆԱՏՕ-ին:
- Բացի այդ, ՌԴ-ն ՆԱՏՕ-ից պահանջում է հեռացնել ռազմական ենթակառուցվածքներն այն երկրներից, որոնք Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցել են 1997 թվականից հետո: Ընդ որում՝ Մոսկվան պնդում է, որ այդ պահանջները վերանայման ենթակա չեն: Արևմուտքում «վերջնագիր» են որակում ՌԴ իշխանությունների պահանջները, իրենց հերթին պահանջելով Ռուսաստանից հեռացնել զորքերն Ուկրաինայի սահմաններից:
Ժնևում կայացած ՌԴ-ԱՄՆ առաջին իսկ հանդիպումից պարզ դարձավ, որ եռափուլ բանակցությունները դատապարտված են տապալման. հունվարի 12-ին Բրյուսելում տեղի ունեցած «Ռուսաստան-ՆԱՏՕ» խորհրդի նիստը, հունվարի 13-ին` Վիեննայում ԵԱՀԿ շրջանակներում բանակցությունները դա ապացուցեցին, քանի որ կողմերն արձանագրեցին կոնսենսուսի բացակայությունը:
ՌԴ-ն զորավարժություններ սկսեց Ուկրաինային սահմանակից մարզերում
Հունվարի 11-ին՝ Եվրոպայում անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններին զուգահեռ, Մոսկվան նոր զորավարժություններ սկսեց Ուկրաինայի հետ սահմանակից մարզերում՝ արևմտյան ռազմական օկրուգը հայտարարեց Ուկրաինային սահմանակից Վորոնեժի, Բելգորոդի և Բրյանսկի մարզերում զորավարժությունների սկիզբը։ Խոսքը մոտ 100 հազար թվակազմով զորքերի մասին է:
Հունվարի 15-ին Կրեմլը, արձագանքելով հավաքական Արևմուտքի իրեն ուղղված հորդորներին և մեղադրանքներին, Դմիտրի Պեսկովի շուրթերով նշեց, որ լարված իրավիճակի և ՆԱՏՕ-ի գործողությունների պատճառով ռուսական զորքերը կմնան Ուկրաինայի սահմանների մոտ, բայց Ռուսաստանի տարածքում։ «Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքեր կան, շատ լարված իրավիճակի պատճառով մենք անհրաժեշտ ենք համարում այնտեղ պահել զորքերը»,- ասել է նա։ Պեսկովը հավելել է, որ տարածաշրջանում դիտվում են ՆԱՏՕ-ի օդանավերի թռիչքներ, դաշինքի ենթակառուցվածքների առաջխաղացում դեպի ռուսական սահմաններ։ «Մենք պետք է պատասխան տանք, նախազգուշական միջոցներ ձեռնարկենք, դրա համար էլ մեր զինվորականներն այնտեղ են, մեր տարածքում»,- հավելել է ՌԴ ղեկավարի խոսնակը։ Լարվածությունն ավելի է սրվել Ուկրաինայի կառավարական կառույցների դեմ կիբերհարձակումից հետո, որը տեղի է ունեցել անցյալ շաբաթվա վերջին։
Ռուսաստանն ու Բելառուսը վարժանքներ կանցկացնեն արտաքին ագրեսիան հետ մղելու համար
Հունվարի 17-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, որ փետրվարին Լեհաստանի և Ուկրաինայի հետ սահմաններին Ռուսաստանի և Բելառուսի զինված ուժերը համատեղ զորավարժություն կանցկացնեն: Բելառուս է ժամանում ՌԴ զորախումբը՝ Միութենական պետության արձագանքման ուժերի ստուգատեսի առաջին փուլի շրջանակներում։ Ռուսական զինուժն ու տեխնիկան սկսել են ժամանել Բելառուս հունվարի 17-ին՝ մասնակցելու երկու երկրների պատասխան ուժերի ստուգմանը, որոնք պետք է անցնեն Լեհաստանի և Լիտվայի հետ արևմտյան սահմանի մոտ, ինչպես նաև Ուկրաինայի հարավային սահմանի մոտ։
The New York Times-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնել էր, որ Ռուսաստանը տարհանում է իր դիվանագետներին Ուկրաինայից:
Արևմուտքը Ռուսաստանի հետ բանակցությունների նոր ռաունդ է սկսում
Հունվարի 17-18-ին Մոսկվա և Կիև էր գործուղվել Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը կրկին նույն թեմաների շուրջ կողմերի հետ բանակցություններ վարելու նպատակով: Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան նրա հետ հանդիպմանն ընդգծել է, որ Ուկրաինան և Գերմանիան միասնական են իրենց ցանկության մեջ՝ վերսկսելու քառակողմ խաղաղ բանակցություններն Ուկրաինայի արևելքում պատերազմի ավարտի շուրջ՝ այսպես կոչված, նորմանդական ձևաչափով, որի մասնակիցներն են Գերմանիան, Ֆրանսիան, Ուկրաինան և Ռուսաստանը։
Հունվարի 19-ին Ուկրաինա է գործուղվել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ մինչ այդ հեռախոսազրույց ունենալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Կիևում պետքարտուղարը նշել է, որ Ուկրաինայի սահմաններին ռուսական զորքերի կուտակումը նշանակում է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հրամայել հարձակվել Ուկրաինայի վրա «շատ կարճ ժամանակում»: Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հավելել է՝ այդուհանդերձ, մեծ հույս ունի, որ Ռուսաստանը նախապատվությունը կտա դիվանագիտությանն ու խաղաղ ճանապարհին։ «Մենք տեղյակ ենք, որ այդ [ռուսական] ուժերը շատ կարճ ժամկետներում է՛լ ավելի մեծացնելու ծրագրեր կան, և դա նախագահ Պուտինին հնարավորություն է տալիս նաև շատ կարճ ժամանակում հետագա ագրեսիվ գործողություններ ձեռնարկել Ուկրաինայի դեմ»,- Կիևում ԱՄՆ դեսպանատանն ունեցած ելույթում ասել է պետքարտուղարը։ ՌԴ ԱԳ նախարարը և ՌԴ իշխանության այլ ներկայացուցիչներ նշում են, որ ՌԴ-ն չի նախապատրաստում ագրեսիա Ուկրաինայի դեմ Մինսկի պայմանավորվածությունների իրագործում դրդելու նպատակով, այլ ԱՄՆ-ն է նման լուրերով պատրաստվում սադրանքների, զուգահեռաբար խոսելով Կիևին սպառազինության նոր խմբաքանակ ուղարկելու մասին:
Հունվարի 20-ին Կիևից Բլինքենը մեկնելու է Բեռլին՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների հետ շարունակելու ռուսական սպառնալիքների ու հնարավոր պատասխան քայլերի շուրջ քննարկումները:
Ուրբաթ օրը՝ հունվարի 21-ին, Ժնևում նախատեսված են Էնթոնի Բլինքեն-Սերգեյ Լավրով երկկողմ բանակցությունները։
Ալիևի զանգը Պուտինին ու Էրդողանի առաջարկը
Ուշագրավ է, որ ռուս-ուկրաինական լարվածության ներկայիս փուլում այս ճակատում փորձում են աչքի ընկնել նաև Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները: Օրինակ, Իլհամ Ալիևը ՌԴ-Արևմուտք բանակցությունների տապալման ֆոնին հունվարի 14-ին այցելեց Կիև, հանդիպումներ ունեցավ Ուկրաինայի իշխանությունների և նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որի հաջորդ օրը հեռախոսազրույց նախաձեռնեց ՌԴ նախագահի հետ, պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ քննարկելով ուկրաինական և ղազախական ճգնաժամերը, ՌԴ-Արևմուտք բանակցությունները, Կիևի դիրքորոշումը և միջազգային օրակարգի այլ կարևոր հարցեր:
Հունվարի 18-ին հայտնի դարձավ, որ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներին հրավիրել է Թուրքիա՝ տարաձայնությունները կարգավորելու նպատակով։ Այս մասին Daily Sabah-ի հետ զրույցում հայտնել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։
«Նա (Էրդողանը) նույնիսկ հրավիրել է նրանց այցելելու Թուրքիա, եթե ցանկանում են, հանդիպում անցկացնեն այստեղ՝ կարգավորելու խնդիրներն ու տարաձայնությունները»,- Քալընի խոսքերն է մեջբերում թուրքական թերթը։
Նա նաև հավելել է, որ Թուրքիան պատրաստ է «ցանկացած դեր խաղալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը թուլացնելու համար»։ Քալընի խոսքով, առաջիկայում Էրդողանը կայցելի Ուկրաինա՝ Զելենսկիի հետ բանակցելու համար։ Ավելի վաղ Մոսկվան կոշտ էր արձագանքել Անկարայի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերություններում միջնորդի դեր ստանձնելու առաջարկներին։ «Ներուկրաինական հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Թուրքիայի միջնորդական դերի մասին խոսք լինել չի կարող»,- հայտարարել էր Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Սակայն այսօր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշեց, որ ՌԴ-ն ողջունում է ցանկացած երկրի ջանք, որը կարող է օգնել կարգավորել Ուկրաինայում իրավիճակը: «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հիմնական տարաձայնությունները կապված են հենց Կիևի կողմից մինսկյան պայմանավորվածությունների կատարման հետաձգման հետ: Եթե մեր թուրք գործընկերները կարողանան ազդել ուկրաինացիների վրա և խրախուսել նրանց կատարել ավելի վաղ ստանձնած պայմանավորվածությունները, դա միայն կողջունվի»,- ասել է Պեսկովը։
Ուկրաինայի շուրջ լարվածությունը մտնում է սրման նոր փուլ, երբ սպասվող ռազմական ագրեսիաների մասին հռետորաբանությունը սկսում է անհանգստացնել բոլորին և հատկապես գլխավոր խաղացողներին՝ Կիևին, Մոսկվային, Վաշինգտոնին, Մինսկին, Բեռլինին ու Փարիզին, Անկարային ու Բաքվին: Սակայն Երևանում, դատելով վերջին օրերի քաղաքական դիսկուրսի բովանդակությունից ու մակարդակից, կարծես հարկ չեն համարում հետևել այն զարգացումներին, որոնք տեղի են ունենում հարևանությամբ և որոնք մեծ կապ ունեն ձևավորվող նոր աշխարհակարգի հետ, որում պետք է դիրքավորվի նաև Հայաստանը:
168.am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի ու Արևմուտքի միջև, բնականաբար, շատ ուղիղ կերպով վերաբերում է Հարավային Կովկասի երկրներին ու հատկապես Վրաստանին, որը հավակնում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ և ՌԴ-ի հետ հակամարտության մեջ է, ինչպես նաև Հայաստանին, որը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, միևնույն ժամանակ՝ իր հետպատերազմյան աշխարհաքաղաքականության հարցերով է տարված, որոնք մեծ «փազլի» մի մասն են:
Ըստ նրա, թե՛ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանն իրական պատերազմի նպատակ չունեն, ինչն ամենավատ սցենարն է, սակայն խաղում են լարվածության վրա՝ սպասելով կողմերից մեկի նահանջին:
Գոգոլաշվիլիի խոսքով, հարձակումն Ուկրաինայի ուղղությամբ Ռուսաստանի համար չափազանց բարդ սցենար է, ու Արևմուտքն ուղիղ նշում է, որ դա կարող է կործանարար հետևանքներ ունենալ Ռուսաստանի համար: Բայց Արևմուտքը, նրա կարծիքով, փորձում է բացահայտել ՌԴ-ի բոլոր քայլերը:
«Ուկրաինայի շուրջ մեծ արևմտյան կոնսոլիդացիա կա, ինչպես երբևէ: Կարծում եմ՝ առաջիկա բանակցությունները՝ Բլինքեն-Լավրով, կարևոր են և ցույց են տալիս, որ դիվանագիտական լուծման կողմնակից են բոլորը, սակայն, ինչպես ասացի, գնում են լարման, և սրա հիմքերը շատ պարզ են՝ Ռուսաստանն ունի մեծ հավակնություններ, իսկ Արևմուտքը չի կարող դրա հետ հաշվի նստել: Իրավիճակը, բնականաբար, կարելի է որակել պայթյունավտանգ, սակայն կարծում եմ, որ ՌԴ-ն պետք է իր հնարավորությունները ճիշտ հաշվարկի՝ Արևմուտքն է՛լ ավելի է խստացնելու պատժամիջոցները, խոսվում է շատ ավելի լուրջ միջոցների մասին: Սրան զուգահեռ՝ դիվանագիտական սեղանի շուրջ ևս լուծում չի ուրվագծվում»,- ասաց վերլուծաբանը:
Նրա խոսքով, Թուրքիայի, Ադրբեջանի կողմից միջամտություն չկա, կա քննարկումներին մասնակցելու ցանկություն:
«Թուրքական կողմը, ինչպես գիտենք, անտարբեր չէ այս հարցում, քաղաքական առումով այս հարցում փորձում է դիրքավորվել՝ որպես խաղացող, սա դիվանագիտություն է, բայց հասկանում ենք, որ իրական խոսակցությունը տեղի է ունենում ՌԴ-ԱՄՆ մակարդակով»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը:
Վերջինիս կարծիքով, ՀՀ խնդիրները պատերազմից հետո չափազանց շատ են, ներքին իրավիճակը ևս կայուն չէ, Հայաստանն անվտանգային առումով կապված է ՌԴ-ին, ուստի ավելի մեծ թեմաներում պետք է հետևողի դերում լինի և ոչ՝ միջամտողի, որպեսզի իր տարածաշրջանային հետևություններն անի:
«ՀՀ-ում պետք է մտածեն կայունության և հրադադարի պահպանման մասին, որը կախված է թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ բանակցություններից, ինչպես նաև Ռուսաստանի դերից: Հայաստանի համար բարդ իրավիճակ է աշխարհաքաղաքական առումով, քանի որ կարող են կտրուկ դասավորություններ ու երկրների քաշային կատեգորիաներ փոխվել, խոսքը Ռուսաստանի, Թուրքիայի մասին է, կարող են ազդեցություններ փոխվել, սա նաև շատ այլ երկրների համար է բարդ այս փուլում: Շատ դինամիկ են փոփոխությունները, պետք է հասցնել դրանք ըմբռնել»,- նկատեց նա: