
Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. գործը դատարանում է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի 38-ամյա բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ պարզվել է՝ 2020թ. դեկտեմբերի 3-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում Արմավիրի մարզի Փարաքար գյուղում գտնվող հանդիսությունների սրահի հետնամասում մի խումբ անձանց միջև ծագած վիճաբանության ընթացքում, 26-ամյա երիտասարդը իր մոտ եղած դանակով անկանոն հարվածներ է հասցրել Արմավիրի մարզի 38-ամյա բնակչի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: