Փաշինյանին ստիպեցին թղթի վրա հերքել իր բոլոր այն պնդումները, որով նա եկավ իշխանության․ քաղաքագետ

Ղազախական ճգնաժամը շարունակում է մնալ աշխարհի ուշադրության կենտրոնում։ Այս իրադարձությունները, ըստ վերլուծաբանների, հատկապես կարևոր են հետխորհրդային տարածքում Ռուսաստան-Արևմուտք լարման և թուրքական աշխարհի ճգնաժամի համատեքստում։

Այս գործընթացները ՀԱՊԿ ներգրավման, այդ շրջանակներում հայ զինծառայողների Ղազախստան գործուղման, և ՀԱՊԿ նախագահությամբ պայմանավորված՝ Նիկոլ Փաշինյանի որոշումների տեսանկյունից ուղղակիորեն առնչվում են նաև Հայաստանին։ Վերջինի շուրջ քննարկումները հատկապես ակտիվացան երեկ երեկոյան ադրբեջանական հերթական գնդակոծությունից հետո։

Այլընտրանք ունե՞ր Նիկոլ Փաշինյանը՝ 168.am-ի հարցին ի պատասխան՝ քաղաքագետ Վիգեն Հակոբյանը նշեց՝ օրվա իշխանությունները որևէ ռեսուրս չունեն դիմակայելու ընդհանուր տենդենցին կամ ՌԴ ցանկությանը։ Այդուհանդերձ, նա կարծում է, որ Փաշինյանը կարող էր փորձել ղրղըզական սկզբնական սցենարը՝ «չխոչընդոտել ՀԱՊԿ կոնսենսուսի իրականացմանը, բայցև առկախել զորք ուղարկելու հարցը»։

Թե ինչ պարզաբանմամբ՝ Վիգեն Հակոբյանը մանրամասնեց․ «Կարող էր նշել, որ մեր սահմաններում էլ զորքի կարիք կա, մեր դիրքերից շատերում մարդկանց պակաս կա, ու մեզ մոտ ամեն մարդու առկայությունը կարևոր է։ Բոլորը կհասկանային, որ դա քաղաքական փախուստ է, բայցև, որ Հայաստանը, այնուամենայնիվ, ինչ-որ քայլ է անում ինքնուրույն՝ նկատի ունենալով Ղազախստանի դերակատարումը հայ-ադրբեջանական հարաբերություններում, բանակցային գործընթացներում, հետպատերազմյան հայտնի շնորհավորանքները, և, ըստ էության, Հայաստանի որոշակի վերապահումը ՀԱՊԿ գոծողություններին՝ թե՛ պատերազմի ընթացքում, և թե՛ դրանից հետո։

Սակայն որպեսզի ընդհանրապես քննարկես, թե Հայաստանն ինչ պետք է աներ, Հայաստանի ղեկավարն իրենից ինչ-որ կշիռ պետք է ներկայացնի միջազգային ասպարեզում, որպեսզի կարողանա աշխարհի հզորների մոտ ձայն հանել։ Իսկ նման ռեսուրս այսօրվա իշխանությունը չունի, որովհետև երկիրն արտաքին կառավարման տակ է գտնվում, այն էլ՝ մասնաբաժիններով (տարբեր գերտերություններ տարբեր մասնաբաժին ունեն այդ կառավարման մեջ, բայց պարզ է, որ գերակա շահաբաժին ունի Ռուսաստանը. այս պայմաններում խոսել, որ Նիկոլ Փաշինյանը կարող էր տարբերակներ առաջարկել, հակադրվել, սակարկություն անել, միամտություն է)»։

Քաղաքագետը համոզված է՝ անգամ ՀԱՊԿ շրջանակում զորք ուղարկելու հարցն էր որոշված մինչև Փաշինյանի պաշտոնական հավաստումը՝ ֆեյսբուքյան հայտնի հայտարարությունը․ «Այլ կերպ ասած՝ իրեն ոչ ոք առանձնապես չի էլ հարցնում»։

Պատասխանելով հարցադրումներին՝ արդյոք Ղազախստանում տեղի ունեցողը կարո՞ղ ենք համարել նաև թուրքական աշխարհի ճգնաժամ, որով խոչընդոտվում է թուրք-ադրբեջանական տանդեմի երազանքը, մեր զրուցակիցն արձանագրեց, որ Ղազախստանում հեռանկարների մասին վաղ է խոսել, որովհետև այդտեղ լուրջ խաղացողների շահերի բախում է եղել ու կա։

«Իհարկե, այժմ շատ դժվար է ասել, թե այս գործընթացն ով է սկսել, ով է եղել գեներատորը, բայց փաստը փաստ է, որ ՌԴ-ն ՀԱՊԿ ֆորմատով բոլոր դիվիդենտներն իրեն է վերցնում՝ իր դիրքերն ամրապնդելով այնտեղ։ Սա ինչ-որ առումով նմանվում է բելառուսական տարբերակին։

Պարզ է, որ ՌԴ դիրքերը Ղազախստանում՝այդ շատ կարևոր ստրատեգիական գեոքաղաքական վայրում, ամրապնդվել են, բայց դա չի նշանակում, որ դա անվերապահորեն չեղարկում է մնացյալ խաղացողների նախագծերը․ Երբ դու հաղթում ես ճակատամարտը, դեռևս փաստ չէ, որ հաղթել ես պատերազմը, որովհետև պետք է կարողանալ այդ դիրքերը պահպանել։ Վերջինս ռեսուրս է պահանջում՝ և ոչ միայն ռազմական, այլև քաղաքական, գեոքաղաքական, տնտեսական։

Այդուհանդերձ, ակնհայտ է, որ Թուրքիայի դիքրերն այդտեղ սասանվել են, փոխարենը՝ զգալիորեն ուժեղացել են թե՛ ռուսների, թե՛ չինացիների դիրքերը։ Նկատենք՝ Չինաստանի շահերից է բխում, որ այնտեղ թուրքական ծրագրերն առնվազն արգելափակվեն,- նշեց Վիգեն Հակոբյանը, ապա արձագանքելով այս իրավիճակից բխող մեր տարածաշրջանում հնարավոր սրացումների մասին դիտարկումներին՝ հավելեց,- Մեծ քաղաքականություն է․ եթե ինչ-որ մի տեղ չի հաջողվում, փորձ է արվում դիրքերը գոնե գեոստրատեգիական առումով վերականգնել մեկ այլ վայրում։

Չեմ բացառում, որ փորձ կարվի աշխարհաքաղաքական կամ ռեգիոնալ սակարկություն սկսել նաև մեր ռեգիոնում, թեպետ նշեմ, որ հիմնական սակարկության թեմաներն արդեն մեկ տարուց ավելի ուրվագծված են (եթե խոսքը Հայաստանի և Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասին է, ապա դրանք վերաբերում են սահմանների ճանաչման և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերին, ինչը թուրք-ադրբեջանական պատկերացումներում կոչվում է միջանցք)»։

Ի դեպ, քաղաքագետն անդրադարձավ նաև ղազախական գործընթացներին վարչապետ Փաշինյանի կողմից տրվող «ահաբեկչական գործողություններ» որակմանը՝ նկատելով․

«Դա զավեշտ է ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի պարագայում, որովհետև երբ նույնիսկ վիզուալ նայում ես կադրերը, դրանք շատ նմանվում էին 2008 թ․ որոշ էպիզոդների։

Սա ճակատագրի հեգնանքն է երևի, գուցե պատահական, որ հենց այս փուլում Նիկոլ Փաշինյանը ստիպված է հերքել բոլոր այն պնդումները, դրույթները, որով ինքը տարիներ շարունակ փորձում էր գալ իշխանության և եկավ իշխանության։

Ըստ էության, իրեն ստիպեցին, որպեսզի թղթի վրա հերքի իր բոլոր պնդումները, քաղաքական կրեդոները, որն արտահայտում էր իր ամբողջ քաղաքական կենսագրության ընթացքում»։

Տեսանյութեր

Լրահոս