ՌԴ-ԱՄՆ բանակցությունների նոր ռաունդ, սրվող հիբրիդային պատերազմ, ղազախական ճգնաժամ. ի՞նչ է կատարվում Հայաստանի շուրջ
Մինչ վերջին տասնօրյակի ընթացքում աշխարհի ուշադրության կենտրոնում դրամատիկ զարգացումներն են Ղազախստանում, աշխարհաքաղաքական շատ ավելի մեծ կարևորության գործընթացներ են ծավալվում Արևմուտքում, որոնք ևս կարևոր են Հայաստանի շուրջ աճող թյուրքական սպառնալիքի ու Հարավային Կովկասում, հետսովետական տարածքում ՌԴ-Արևմուտք դիմակայության, ազդեցության գոտիների տարանջատման ֆոնին:
ՌԴ-Արևմուտք հիբրիդային նման ծանր պատերազմական փուլում, երբ կողմերը քննարկում են մինչև անգամ զսպման ռազմական մեթոդներ, շատ ավելի վտանգավոր է թվում ՀՀ իշխանությունների հայտարարած, այսպես կոչված, Խաղաղության դարաշրջանը, որում հայկական կողմը միայն զիջողի ու իր շահերից հրաժարվողի դերում է:
ՌԴ-Արևմուտք բանակցությունների հերթական ռաունդը
Նախօրեին տեղի է ունեցել ռուս-ամերիկյան բանակցությունների հերթական ռաունդն անվտանգության երաշխիքների շուրջ: Հանդիպումն անցկացվել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ԱՄՆ մշտական ներկայացուցչության տարածքում՝ փակ ձևաչափով։ Բանակցությունները տևել են գրեթե 8 ժամ։
Ռուսական պատվիրակությունը գլխավորել են փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, ամերիկյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանը։ Քննարկման գլխավոր հարցը պայմանագրի նախագիծն էր, որը Ռուսաստանը դեկտեմբերի կեսերին ուղարկել էր ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին:
Մասնավորապես, այն ներառում է դրույթներ միմյանց հասանելիության գոտում միջին և փոքր հեռահարության հրթիռների փոխադարձ չտեղակայման, նախկին խորհրդային հանրապետությունների հաշվին ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից հրաժարվելու և զորավարժությունների թվի կրճատման մասին։ Վաշինգտոնը դեռ խորհրդակցությունների մեկնարկից առաջ էր հայտարարել, որ ռուսական առաջարկներից մի քանիսն անընդունելի են իրենց համար։ Ժնևում հանդիպումից երկու օր անց՝ հունվարի 12-ին, Բրյուսելում տեղի կունենա ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստը, իսկ հաջորդ օրը՝ ԵԱՀԿ-ի խորհրդակցություններ Վիեննայի հարթակում։
Պուտինն Արևմուտքից անվտանգության երաշխիքներ է պահանջում
Ինչպես դեկտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ղեկավարը, Մոսկվայի հետագա գործողությունները կախված կլինեն ոչ թե ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների ընթացքից, այլ «այսօր և պատմական հեռանկարի համար» Ռուսաստանի անվտանգության անվերապահ ապահովումից։ Պուտինի խոսքով՝ այդ կապակցությամբ ռուսական կողմը «հստակ» հասկացրել է, որ «ՆԱՏՕ-ի հետագա տեղաշարժը դեպի արևելք անընդունելի է»։ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը չէ, որ հրթիռներ է տեղակայում ԱՄՆ-ի սահմանների մոտ:
«ԱՄՆ-ն է իր հրթիռներով եկել մեր տուն, դրանք մեր տան շեմին են»,- ասել էր Պուտինը՝ հետաքրքրվելով, թե ինչպես կարձագանքեն ամերիկացիները, եթե Ռուսաստանը իր հրթիռները տեղակայի Մեքսիկայի կամ Կանադայի հետ ԱՄՆ-ի սահմանին։
ՌԴ նախագահը կոչ էր արել ՆԱՏՕ-ին սկսել առարկայական բանակցություններ՝ նպատակ ունենալով Ռուսաստանին ապահովել անվտանգության հուսալի և երկարաժամկետ երաշխիքներ։ Նա պարզաբանել էր, որ Մոսկվային հենց իրավական երաշխիքներն են պետք, քանի որ արևմտյան գործընկերները չեն կատարել իրենց համապատասխան բանավոր պարտավորությունները։
ԱՄՆ-ը մերժե՞լ է ռուսական փաթեթը
Դատելով ռուս-ամերիկյան մամուլի արձագանքներից, Ժնևում զրույցը բարդ է եղել, բայց գործնական։ Մի շարք հրապարակումների համաձայն, կարծես ամերիկյան կողմը մերժել է ռուսական փաթեթը և գնալու է ավելի կտրուկ ճանապարհով, որը թույլ է տալիս ենթադրել, որ առաջիկայում շատ ավելի սուր շրջափուլերի ականատեսն ենք դառնալու մի շարք ուղղություններով, որոնցից ամենաթեժն այսօր ղազախական հարթակն է, որտեղ Ռուսաստանի համար շատ բան է որոշվում, քանի որ Ղազախստանը Ռուսաստանի ամենակարևոր արտաքին հենասյուներից մեկն է: Ղազախստանյան թեմատիկան Ռուսաստանի համար իր կարևորությամբ, թերևս, կարող է զիջել միայն Ուկրաինայի հարցին: Այս զարգացումները, բնականաբար, չի հաջողվում Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից կտրված դիտարկել, քանի որ գերտերությունների ազդեցության գոտիները գծվում են ըստ էության բոլոր ռեգիոններում և ավելի ինտենսիվ հետսովետական տարածաշրջանում, որտեղ, ըստ մի շարք վերլուծաբանների, Ռուսաստանը ստիպված է լինելու ազդեցության կարևոր գոտիները պահելու նպատակով կամ ավելի ագրեսիվ քայլերի գնալ, կամ նահանջել: Ղազախստանում ՀԱՊԿ զորամիավորումների տեղակայումը վերլուծաբանների մի խումբ համարում է ՌԴ դիրքերի ամրապնդում, մեկ այլ խումբ խորհուրդ է տալիս սպասել իրադարձությունների զարգացման:
Տոկաևը ՀԱՊԿ առաքելությունը համարում է ավարտված
Այս ամենի ֆոնին ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Ղազախստանի նախագահ Տոկաևը հայտարարում է, թե տարվա առաջին օրերից երկրում բռնկված աննախադեպ պայթյունավտանգ իրավիճակը, որի նպատակը պետական հեղաշրջումն էր, կայունացման միտում ունի: Ինչպես հայտնի է, ՀԱՊԿ անդամ երկրներից զորախմբեր են ժամանել Ղազախստան երկրում ստեղծված իրավիճակը կայունացնելու նպատակով: Թեև նման աջակցություն ստանալու պաշտոնական խնդրանքով դիմել էր Տոկաևը, արևմտյան ազդեցության վերլուծաբանները, գործիչները սա որակում են՝ որպես ՀԱՊԿ-ի կողմից Ղազախստանի օկուպացիա: Սակայն այսօր Տոկաևը նաև նշել է, որ Ղազախստանում ՀԱՊԿ-ի հիմնական առաքելությունն ավարտված է, ուստի երկու օրից կսկսվի երկրից կազմակերպության զորքերի դուրսբերումը։ Ղազախստանի ղեկավարը հայտարարել է երկրում հեղաշրջման փորձի ձախողման մասին և խոստացել է ներկայացնել քաղաքական բարեփոխումների նոր փաթեթ։ Ի տարբերություն Տոկաևի՝ ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը Ղազախստանում իրենց առաքելությունը կավարտեն այդ երկրում իրավիճակի լիակատար կայունացումից հետո:
Միևնույն ժամանակ տարբեր աղբյուրներից տեղեկություններ են տարածվում, թե ինտենսիվ բանակցություններ են ընթանում Տոկաևի և Նազարբաևի, այսպես կոչված, կլանների կամ մերձավոր շրջապատների միջև, քանի որ երկրում ստեղծված այս իրավիճակում, ըստ նույն այդ գնահատականների, մեծ էր ներիշխանական պառակտման, ներկլանային պայքարի գործոնը: Միևնույն ժամանակ հետաքրքրական է, որ թյուրքալեզու պետությունների ԱԳ նախարարները տեսակոնֆերանս անցկացրին և աջակցություն հայտնեցին Տոկաևին, քննարկեցին՝ ինչպես աջակցել Ղազախստանին և ինչպիսի դեր պետք է ունենա թյուրքական, այսպես կոչված, աշխարհն այս հակամարտության կարգավորման հարցում: «Մեր աջակցությունն ենք հայտնում նախագահ Տոկաևի՝ բարեփոխումների օրակարգին, որը կբարձրացնի ղազախ ժողովրդի բարեկեցության մակարդակը»,- նշված է կազմակերպության հայտարարության մեջ։
Թյուրքալեզու պետությունների կազմակերպությունը նաև նշել է, որ աջակցում է Ղազախստանի կառավարության ձեռնարկած հակաահաբեկչական գործողություններին։ Իրավիճակը որոշակիորեն կայունացել է, բայց վտանգները լիովին չեզոքացած չեն, և Ղազախստանում զարգացումները կարող են շարունակություն ունենալ:
Ղազախստանում իրավիճակը հուսադրող է, բայց ոչ վերջնական կայուն
168.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով հետսովետական տարածքում զարգացումները, ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը փորձեց մեկնաբանել ՌԴ-ի դիրքավորումը: Նա գտնում է, որ չնայած մի շարք մարտահրավերներին, որոնց բախվում է Ռուսաստանը, և մասնավորապես ՌԴ-Արևմուտք բարդ փուլին, Ռուսաստանը Ղազախստանի օրինակով ցույց տվեց, թե անվտանգությունը հետսովետական տարածքում ում ձեռքին է, և, որ այլ խաղացողների միջամտություն այս գոտում թույլ չի տա:
Ըստ Լուկիանովի, մեկ այլ կարևոր հանգամանք է այն, որ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը կարողացան իրավիճակին արձագանքել օպերատիվորեն, քանի որ Ղազախստանում ևս իրավիճակը զարգանում էր չափազանց արագ:
«Ռուսաստանը ցույց տվեց, որ հետսովետական անվտանգային համակարգում ինքն արդյունավետ է և ժամանակին»,- նկատեց նա: Սա, նրա կարծիքով, նաև նպաստավոր որոշում էր ՀԱՊԿ-ի համար, որը ամենաքննադատված կազմակերպություններից է, որը երբևէ լուրջ չի ընկալվել քաղաքական մեծ տարաձայնությունների պատճառով:
«ՀԱՊԿ-ը ցույց տվեց, որ կարող է գործոն լինել որոշ հարցերի լուծման հարցում, իհարկե, նման մեծ թեմաների ֆոնին սա փոքր, բայց կարևոր հանգամանք է և ամրապնդում է այս կառույցի դիրքերը ու հեղինակությունը»,- նշեց վերլուծաբանը:
Նա նաև այն կարծիքին է, որ վերջին տարիներին Հայաստանի հետ հարաբերություններից սկսած Ռուսաստանը սկսել է կառուցել նոր հարաբերություններ իր գործընկերների ու դաշնակիցների հետ, դրանց համար կիրառելով տարբեր ձևաչափեր ու մոտեցումներ, հաշվի առնելով այդ երկրների առանձնահատկությունները, ինչպես նաև Արևմուտքի ազդեցությունը այդ երկրների նկատմամբ:
Լուկիանովի խոսքով, ինչպես Հայաստանի դեպքում, այնպես էլ Ղազախստանի դեպքում Ռուսաստանը հիմնական գործընկերն է, դաշնակիցը, սակայն համեմատել Հայաստանն ու Ղազախստանը, այդ երկրների կարևորությունը Ռուսաստանի համար պետք չէ, քանի որ հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ ՌԴ-ն դիրքավորված էր անտարբեր, սակայն իրադարձությունները զարգացան այնպես, որ ՀՀ կախվածությունը ՌԴ-ից աճեց:
«Ասել, որ այլևս ճգնաժամեր չեն լինելու, չի կարելի, դրանք անպայմանորեն կլինեն, սակայն մենք տեսնում ենք նաև, որ իշխանությունների կողմից նման իրավիճակներին արձագանքելու մեթոդներն ու հաստատակամությունն են փոխվում, ինչպես նաև ՌԴ-ի դերը, սակայն Ղազախստանում իրավիճակը ներկայումս հուսադրող է, սակայն ոչ լիովին կայուն նաև ազդեցությունների համար, քանի որ սա բարդ տարածաշրջան է, և դրա վառ օրինակը իրադարձությունների արագությունն էր»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ռուս-ամերիկյան բանակցություններին՝ Լուկիանովն այն կարծիքին է, որ մեկ հանդիպումից վերջնական եզրակացություններ պետք չէ անել, քանի որ քննարկվում են բարդ ու ծավալուն թեմաներ:
«Բնականաբար, մենք պետք է եզրակացություններ անենք՝ դիտարկելով բանակցային մի քանի հանդիպում, հանդիպումների շղթա, որպեսզի հասկանանք, հիմա ակտիվ բանակցային փուլ է»,- նշեց նա: