Հայաստանը չպետք է մասնակցեր․ Արթուր Սաքունցը՝ Ղազախստանում հայ խաղաղապահների ներկայության մասին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից այսօր մանրամասնել են, թե ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում ինչ առաքելությամբ են Ղազախստան մեկնում հայ զինծառայողները․ այն է՝ ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունը։

«Հայ խաղաղապահները՝ Ղազախստանում. վտանգներ» թեմայով առցանց քննարկման ժամանակ, սակայն, իրավապաշտպան Արթուր Սաքունցն ուշադրություն հրավիրեց հանգամանքի վրա, որ Ղազախստանի անմիջական հարևանը՝ Ղրղըզստանը, ՀԱՊԿ-ի շրջանակներում զորքեր չի ուղարկել։

Անդրադառնալով հայ զինծառայողների՝ Ղազախստան մեկնելու նպատակներին և առհասարակ, ՀԱՊԿ ներգրավմանը, իրավապաշտպանը շեշտեց, որ Ղազախստանում իրադարձություններն ամբողջությամբ պետք է լուծվեին իրավապահ մարմինների միջոցով։ Նա խնդիրը որակեց բացառապես ներքաղաքական։

«Մի պետությունում, որը ժողովրդավարական չէ, և ընդդիմություն ասածն ընդհանրապես վերացված է, քաղաքական այլընտրանքների հնարավորություն չկա,  մարդիկ իրենց նախաձեռնությամբ են դուրս եկել։ Նախագահն այս պայմաններում իր իշխանությունը պահպանելու համար գնում է արտաքին ուժերի աջակցությունը ստանալու ճանապարհով։

Այսինքն՝ ՀԱՊԿ-ի զորքերն օգտագործվում են ավտորիտար, բռնապետական կառավարման ղեկավարի դիմումով՝ ընդդեմ քաղաքացիների։ Սա է ամենամեծ խնդիրը, որ ժողովրդի դեմ է դուրս գալիս,- նշեց Արթուր Սաքունցը, ապա անդրադառնալով հատկապես Հայաստանի մասնակցությանը՝ հավելեց,- 2018 թվականից հետո, թավշյա հեղափոխությունից հետո, երբ դու հայտարարում ես ժողովրդավարական բարեփոխումների մասին, քեզ հրավիրում են ժողովրդավարության գագաթաժողովին, և  դու այդպիսի ընկալում ունե՞ս․ դու մասնակցում ես մի օպերացիայի, որը կոչվում է հենց «ագրեսիա» (և դա իմ տերմինը չէ․ դա Ղազախստանի քաղաքացիների գնահատումն է ՀԱՊԿ-ի զորքերի ներխուժման, ներգրավման՝ թեկուզ հանրապետության նախագահի դիմումով):

Եվ այստեղ, իհարկե, Հայաստանը չպետք է մասնակցեր»։

Տեսանյութեր

Լրահոս