Ժողովրդավարական վիրավորանք Նիկոլ Փաշինյանին
Անցած աշնանը հանրապետության տասնյակ համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները դարձան լուրջ իրադարձություններ քաղաքական կյանքում։
Համայնքների զգալի մասում ընդդիմադիր կամ, համենայնդեպս, ոչ ուղղակի իշխանության թեկնածուների հաղթանակը գնահատվեց՝ որպես հանրության տրամադրությունների փոփոխության արտահայտություն, իշխանության դիրքերի խարխլում և այլն։
Բոլոր այդ գնահատականներում կա ճշմարտության որոշակի չափաբաժին։ Բայց այդ գործոններով հանդերձ, տեղական ինքնակառավարման համակարգը Հայաստանում քաղաքական կյանքի վրա ունի սահմանափակ ազեցություն։
Խոսքը քաղաքականության հիմնական մեխանիզմի՝ որոշումների կայացման գոծընթացի վրա ազդեցության մասին է, իսկ մեր ՏԻՄ-երը դրանում գրեթե դերակատարություն չունեն։
Համայնքապետերն ու ավագանիները գլոբալ առումով բյուջետային դոտացիաներ ու սուբվենցիաներ, ինչպես նաև տեղական չնչին միջոցներ բաշխողներ են, ովքեր հընթացս զբաղվում են նաև տեղային նշանակության կենցաղային հարցերի լուծմամբ։
Տեղական ինքակառավարման մարմինները, համայնքապետերը մեծ քաղաքականության հետ առնչվում են ընտրությունից ընտրություն, երբ իշխանությունները նրանց պարտադրում են իշխող ուժի համար ձայներ ապահովել։ Ոչ իշխանական համայնքապետերը նույնն անում են ընդդիմադիր ուժերի համար։ Քաղաքականության հետ ՏԻՄ-երի հարաբերություններն այդքանով ավարտվում են։ Դա, իհարկե, ՏԻՄ-երի խնդիրն ու մեղավորությունը չէ։
Խնդիրը գտնվում է նախ՝ սահմանադրական-իրավական, ապա որոշ չափով՝ նաև քաղաքական մշակույթի ու ավանդույթի տիրույթում։
Հայաստանի սահմանադրությամբ տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթներն իրականում սահմանափակ են, իսկ եղած լիազորություններն էլ իրացվում են ոչ ամբողջությամբ՝ պայմանավորված ավագանիների ու համայնքապետերի կրթական ու քաղաքական ցածր ցենզով։
Դրա պատճառով ՏԻՄ-երը գրեթե չեն ներգրավվում եթե ոչ՝ համապետական, ապա գոնե՝ տարածքային, տեղական ռազմավարությունների, ծրագրերի մշակման գործընթացում, նրանք առավելապես իշխանության վերին օղակներում հաստատված իմպերատիվների իրագործողներ են։
Տեղական ինքնակառավարման համակարգի նման ամորֆ վիճակը Հայաստանի ժողովրդավարության իրական մակարդակի, ցածր մակարդակի ցուցանիշներից մեկն է, որի մասին գրեթե չի խոսվում։ Մինչդեռ ժողովրդավարությունների կայացածության ու զարգացածության հիմնական չափորոշիչներից մեկը հենց տեղական իշխանությունների, իշխանության ստորին մակարդակի մարմինների ներգրավվածությունն է որոշումների կայացման գործընթացում։
Օրինակ, զարգացած եվրոպական ժողովրդավարություններում ՏԻՄ-երն ունեն լիազորությունների մեծ շրջանակ, անգամ համապետական նշանակության հարցերում դիրքորոշում հայտնելու իրավասություն, ինչն իրագործում են, ասենք, հանրաքվեների, հանրագրերի և այլ գործիքների միջոցով։
Եվ հակառակը՝ որքան ավելի կենտրոնացված է որոշումների կայացման գործընթացը, այնքան ավելի թերի է համարվում տվյալ ժողովրդավարությունը։ «Ժողովրդավարության բաստիոն» Հայաստանն անհասանելիորեն հեռու է այդ մակարդակից և հազիվ թե երբևէ հասնի դրան։
Խնդիրն այն է, որ ՏԻՄ-երի, ըստ էության, կամազուրկ կամ ձայնազուրկ վիճակը խիստ ձեռնտու է ցանկացած իշխանության։
Լայն լիազորություններով համայնքապետեր ու ավագանիներ ունենալ՝ նշանակում է՝ ինչ-որ չափով կիսել իշխանությունը նրանց հետ։
Իսկ Հայաստանում, ինչպես հայտնի է, իշխանությունն ամենաչկիսվող սուբստանցիան է։
Հատկապես Նիկոլ Փաշինյանի դեպքում իշխանությունը որևէ մեկի հետ կիսելու մասին անգամ որևէ ակնարկ կարող է համարվել վիրավորանք՝ Քրեական օրենսգրքում անցած տարի կատարված փոփոխություններից բխող դրամական հետևանքներով։
Հարություն Ավետիսյան