2022թ․ Փաշինյանը կփորձի ուղիղ շփում ունենալ Էրդողանի հետ. Տարասով
Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը գտնում է, որ 2021թ․ ընթացքում հարավկովկասյան «շախմատային պարտիան» շարունակվել է մեծ թափով, և ներկայումս «թագավորական գամբիտի» փուլում ենք:
Դա, ըստ նրա, այս տարի ևս շարունակվելու է, բոլոր խաղացողները ձգտելու են ամրապնդել իրենց տակտիկան, որը բոլոր խաղացողների դեպքում քիչ թե շատ նորմալ է, իսկ Հայաստանի դեպքում, մեղմ ասած, ոչ շահեկան:
Տարասովը գտնում է, որ նույնիսկ այս փուլում խաղը փոխելու հնարավորություններ կան, սակայն էական է, թե ով է դա անողը:
«Հայաստանի համար այս տարի առանցքային զարգացումները սպասվում են հայ-թուրքական բանակցային գործընթացից, քանի որ Թուրքիան այնպիսի խաղացող է տարածաշրջանում, որի հետ հարաբերությունների կարգավորումը կամ դրան մոտ գործընթացն էական ազդեցություն է ունենալու Հայաստանի համար` քաղաքական ու տնտեսական առումներով։ Արդյո՞ք սա հաշվարկվում է Հայաստանում, կարծում եմ՝ ո՛չ:
Փաշինյանը ձգտելու է հանդիպել Էրդողանի հետ, ինչի փորձերն արել է 2021թ․ ընթացքում, և երևի թե այս տարի այդ փորձերը կհաջողեն, քանի որ բանագնացներն աշխատելու են Ղարաբաղյան գործընթացի նմանությամբ կազմակերպել բարձրաստիճան հանդիպում։ Սակայն, ի տարբերություն Ղարաբաղյան գործընթացի, հայ-թուրքականը երկարաձիգ չի լինելու, քանի որ, ինչպես երևում է, բոլոր հարցերում կա կոնսենսուս, քանի որ Թուրքիայի համար կարևոր բոլոր պայմանները հայկական կողմը վերացրել է:
Հայ-թուրքական երկխոսությունն այս տարի կլինի ՀՀ արտաքին քաղաքականության ամենածանր և կարևոր թեման»,- ասաց Տարասովը:
Նրա կարծիքով՝ ավելի պակաս էական կլինեն զարգացումները Ադրբեջանի հետ բանակցություններում, քանի որ ՀՀ իշխանությունները հրաժարվում են ամենածանր և աշխարհաքաղաքական բնույթ ունեցող հարցից՝ Արցախի կարգավիճակի հարցից: «Զարգացումներն այս առնչությամբ գնալու են ամենականխատեսելի սցենարով, որի մասին ՀՀ իշխանությունները խոսում են բաց տեքստով: Ինչ վերաբերում է Հայաստանի շուրջ իրավիճակին, ապա, ինչպես նշեցի՝ պարտիան շարունակվում է, կոնֆիգուրացիաներն անընդհատ փոփոխվում են, ինչպես ադրբեջանաիրանական հարաբերությունները: Դինամիկան այս տարի նույնն է լինելու»,- նշեց նա: