«Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը անարգանք է ցեղասպանության զոհերի, մեր պետականության նկատմամբ». Ալեքսանդր Հարությունյան

«Մենք Հայաստանում և ողջ աշխարհում այսօր ունենք իրավիճակ, երբ սահմանադրականությունը լուրջ մարտահրավերների հետ է առնչվում, և սահմանադրականության համար 1 թշնամի հենց պոպուլիզմ կոչվածն է, քանի որ սահմանադրականությունը ենթադրում է ոչ պոպուլյար, շատ հաճախ՝ լայն շերտերի համար տհաճ, բայց անհրաժեշտ որոշումների կայացում, մինչդեռ պոպուլիզմն իրենից ենթադրում է ականջահաճո թեզերի իրագործում, որոնք հաճախ շատ դժվար է իրագործել»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց սահմանադրագետ Ալեքսանդր Հարությունյանը՝ նշելով, որ, ցավոք, ընդդիմադիր թեզերը ներթափանցել են նաև ընդդիմադիր դաշտի ուժերի հռետորաբանության մեջ:

Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությանը՝ Ալեքսանդր Հարությունյանն ասաց, որ ըստ էության սահմանադրական բարեփոխումները վիրահատական միջամտություն են:

«Այսինքն՝ մենք պետք է հասկանանք այդ վիրահատական միջամտության անհրաժեշտությունը: Ինչ ուզում ես, դու գրի Սահմանադրության տեքստում, բայց եթե կորիզը չի փոխվում, Սահմանադրությունը նույն կերպով է շարունակում աշխատել: Մեր սահմանադրությունները շարունակում են ԽՍՀՄ ավտորիտար կառավարման մոդելը: Այդ առումով սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն ես չեմ տեսնում,  ներկա, գործող Սահմանադրության մեջ հստակեցումներ մտցնելու անհրաժեշտություն»,- ասաց սահմանադրագետը:

Խոսելով այն մասին, որ Սահմանադրության փոփոխությունն իրականում Թուրքիայի պահանջն է, որը հարաբերությունների կարգավորման նախապայմանների թվում Հայաստանի առջև դրել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու հարցը, և դրա համար պետք է որ փոխվի մեր Սահմանադրության անկախության հռչակագրի մասը, Ալեքսանդր Հարությունյանն ասաց՝ առհասարակ հարևանների հետ հարաբերությունների բարելավումն իմպերատիվ պահանջ է ցանկացած պետության համար:

«Ես չեմ խոսում Ադրբեջանի մասին, քանի որ իմ գնահատմամբ՝ այնտեղ ոչ մի երկխոսություն հնարավոր չէ: Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավում հնարավոր է, սակայն թույլի դիրքից բանակցողը միշտ ավելի շատ է կորցնում, քան մինչ այդ բանակցությունները»,- ասաց սահմանադրագետը:

Նրա խոսքով՝ Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումն անընդունելի թեզ է:

«Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումն անարգանք է ցեղասպանության զոհերի հանդեպ, անարգանք է մեր պետականության նկատմամբ, բոլոր նրանց հանդեպ, ովքեր արյան գնով կայացրել են մեր պետականությունը»,- ասաց Ալեքսանդր Հարությունյանը:

Ըստ նրա՝ մենք պետք է ճիշտ գնահատենք մեր և հակառակորդի ներուժը, որովհետև պետք է հասկանալ՝ Թուրքիան, եթե նկատի ունենաք նաև Օսմանյան կայսրությունը, որը նախորդել է այսօրվա Թուրքիային, Բյուզանդիայից հետո ամենաերկար գոյատևած պետությունն է, այսինքն՝ պետականության լուրջ հիմքեր ունեցող պետություն է հակառակ կողմում:

«Մենք ևս պետք է փորձենք էլ ավելի զարգացնել մեր պետականության բնազդը, որն օբյեկտիվ պատճառներով կորել էր, և հիմա պետք է վերագտնենք»,- ասաց սահմանադրագետը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս