
«Համատարած ավերածություններ են. էլի տառապանքներ են սպասվում, մինչև սրանց վերջը երևա». Սերժ Սրապիոնյան

ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Սերժ Սրապիոնյանն այն կարծիքին է, որ 2021թ. որևէ ոլորտում որևէ ձեռքբերում չի եղել:
«Սկսած ռազմաքաղաքական ոլորտից՝ վերջացրած տնտեսական և մշակութային ոլորտով, համատարած ավերածություններ են: Այդ մասին շատ հստակ ասաց հանրապետության Երկրորդ նախագահը՝ իր ասուլիսի ժամանակ, ընդ որում՝ փաստարկված: Այն, որ բանակը լրիվ ավերակված է, և բանակում միայն «հավատարիմ» սպայակազմ են որոնում և դրանով փորձում համարել, որ բանակի հարցերը լուծել են, արդեն դրա վկայությունն է: Այն, որ իրենք տնտեսության երկնիշ-եռանիշ առաջընթացի մասին են խոսում, բացարձակ մանիպուլյացիա է, որովհետև շատ ակնհայտ է, որ եթե մի երկրից բնակչության մոտ 80 տոկոսն այսօր տրամադրված է երկիրը լքելու, այդ երկիրը չի կարող լինել տնտեսապես զարգացող: Կրթական ամբողջ համակարգը դրել են մսաղացի տակ: Նախկին ՀՀՇ-ական լոզունգով իրենց հարմար մեկին դնելու համար «թեկուզ պոլի փետ, բայց ՔՊ-ական» տարբերակով ընտրում են տնօրեններ, ռեկտորներ, ուսուցիչներ. մոտ ապագայում կրթությունը, մշակութային խնդիրները, բոլորը մտնելու են փակուղի, կամ արդեն մտել են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սերժ Սրապիոնյանը:
Նրա խոսքով՝ երբ գործող իշխանություններն անընդհատ հայտարարում են թուրք-ադրբեջանական տանդեմի հետ բարեկամության մասին, դա վկայում է այն մասին, որ ամբողջ հանրապետությունը հայտնվել է անդունդի հատակին.
«Եթե մի երկրի թիվ մեկ աթոռը զբաղեցնող անձն ուղղակիորեն հայտարարում է, որ ինքը երբեք չի համարում, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմից դուրս, մի բան, որ ուղիղ 30 տարի շուտասելուկի նման արտասանում է միայն Ալիևն ամբողջ աշխարհում… Այն, որ ինքը մանիպուլյացիա է անում՝ հայտարարելով, թե ամբողջ աշխարհը գիտի, որ դա ադրբեջանական տարածք է, մինչդեռ ամբողջ աշխարհը եթե գիտեր, ինչո՞ւ էր ՄԽ ձևաչափ ստեղծում, ինչո՞ւ էր տարբեր երկրներում Արցախի հարց քննում, ժողովուրդների ինքնորոշման իրավունք քննում: Սա լսում է ամբողջ աշխարհը և հասկանում, որ ինքը գործ ունի առնվազն տգետ մարդու հետ: Տարին կամփոփվի սրանց հեռանալուց հետո, և այդ ամփոփումից մեր առջև կբացվի շատ սարսափելի պատկեր, մարդկությունը կստանա մի հարցի պատասխան՝ ինչպես չպետք է ղեկավարել սեփական երկիրը»:
Սերժ Սրապիոնյանը նկատեց՝ ժողովուրդը չի հասել սթափության այն աստիճանին, որ փորձի վերագտնել իրեն.
«Դրա համար դեռ էլի տառապանքների ենք սպասելու նոր տարում, մինչև սրանց վերջը երևա»: