«Անվտանգության խնդիրները մարդկանց խեղճացրել են, նրանք իրենց մեջ դեռևս ուժ չեն գտնում տոն նշելու». Բարձրավանի գյուղապետ

2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից ու թշնամու՝ Սյունիքում հայտնվելուց հետո, մարզի գրեթե բոլոր գյուղերում Նոր տարին դիմավորելու նախկին խանդավառությունն ու տրամադրությունը չկա։

168.amի հետ զրույցում Բարձրավանի գյուղապետ Օնիկ Ավագյանն անդրադառնալով Ամանորը նշելուն, ասաց, որ ընդհանուր առմամբ բնակիչները տոնական տրամադրություն չունեն։

«Ճիշտ է, նրանք որևէ տոն նշելու տրամադրություն չունեն, բայց ոչ էլ ցանկություն ունեն իրենց գյուղը լքել, ամուր կանգնած են իրենց հողին։ Նոր տարվա շունչ, եռուզեռ առհասարակ չկա։ Ժողովուրդը մի տեսակ կոտրված են»,- նշեց Օնիկ Ավագյանը։

Ըստ գյուղապետի, անվտանգության խնդիրները՝ մի կողմից, սոցիալական խնդիրներն էլ՝ մյուս կողմից, մարդկանց խեղճացրել են, նրանք իրենց մեջ դեռևս ուժ չեն գտնում տոն նշելու, միայն անվտանգային խնդիրները հաղթահարելուց հետո հնարավոր կլինի տոնական տրամադրություն ունենալ։

«Տեսեք, այստեղ մարդիկ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ։ Նախորդ տարի, երբ Նիկոլ Փաշինյանի հրամանով մեր զորքերը հետ քաշվեցին հայկական դիրքերից, մեր հարյուրավոր հեկտար տարածքներ մնացին թշնամու հսկողության տակ, մարդիկ հիմնականում այդ տարածքներից էին խոտը հավաքում, ձմռան անասնակեր պահեստավորում։ Հիմա այդ տարածքները չկան, մարդիկ էլ չգիտեն՝ իրենց անասուններին ինչպես պահեն։ Կան բնակիչներ, որ խոտը գնել են, բնակիչների մի մասն էլ Ամանորին ընդառաջ կազմակերպեցին անասունների մորթ՝ պահելու ճար չունեին։ Դե, գյուղի մարդիկ են, այս ձմռան համար իրենց այգիներից հավաքած ու մառաններում պահած որոշակի պաշար ունեն, կօգտագործեն, մինչև գարունը բացվի, տեսնենք՝ ինչ է լինելու»,- նշեց Բարձրավանի գյուղապետը։

Շնորհավորելով հայ ժողովրդի Ամանորը, Բարձրավանի գյուղապետն առաջին հերթին մաղթեց, որպեսզի հայ ժողովուրդը միասնական լինի՝ առանց տարանջատելու արցախահայությանը։

«Այսօր մեր ժողովրդին այդ միասնականությունն է պակասում, մաղթում եմ, որ ժողովուրդը միաբան լինի։ Հավատացեք, եթե մենք հավաքվենք մեկ գաղափարի շուրջ ու պայքարենք այդ գաղափարի համար, մեզ որևէ մեկը չի հաղթի։ Հիմա իմ ամենամեծ ցանկությունն այն է, որ 2022 թվականին ես իմ ազգին, վերջին տարիների պառակտումից հետո, միասնական տեսնեմ։ Եվ ամենակարևորը՝ խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին»,- եզրափակեց Օնիկ Գասպարյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս