Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է՝ շաբաթապահք
Սուրբ Ծննդյան շաբաթապահքն է մեկնարկում
«Ի՞նչ է պահքը»։ Այս հարցը ենք մեզ տալիս ենք ամեն անգամ՝ պահքի շրջան մտնելիս։ Ցանկանում ենք հասկանալ, թե ինչի համար պետք է պահք պահենք, մի՞թե չենք կարող մեր սովորություններից հրաժարվել նաև առանց դրա։
Պետք է հիշենք, որ պահքի պատվիրանը մարդուն տրվել է դեռևս դրախտում:
Հիշենք Ադամին։ Քանի դեռ նա պահում էր այդ պատվիրանը, բարձր էր հրեշտակներից, իսկ երբ խաբվեց սատանայից ու կերավ արգելված պտուղը, զրկվեց շնորհներից ու վտարվեց դրախտից` ժառանգելով մահ:
Սուրբ Գրքում նման շատ օրինակներ կան, երբ մարդիկ արհամարհելով աստվածադիր պատվիրանները, որոնց թվում պահքը՝ մեծամեծ փորձություններ են կրել: Իսկ նրանք, ովքեր սրբությամբ պահել են դրանք, վարձատրվել են Աստծուց ու զանազան շնորհների արժանացել:
Շաբաթապահքերը կանոնակարգել է Ներսես Մեծը: Այն ունի բազում նշանակություններ:
Այն խորհրդանշում է արարչության ավարտը, որը սրբության ու պահքի շաբաթ էր մինչև վեցերորդ օրը` Ադամի ստեղծվելը, որից հետո պահքը լուծարվեց:
Թեպետև մինչ Ադամը ստեղծվել էին տարբեր կենդանիներ ու գազաններ, սակայն դեռևս չէր եղել դրանք ուտելու հրամանը:
Դրախտից դուրս գալուց հետո նախաստեղծները հինգ օր սուգ պահեցին առանց ուտելու և խմելու՝ հայտնվելով մահվան վիճակում, մինչև Տերը գթաց ու մի հրեշտակի պատվիրեց մխիթարել նրանց ու խոստացավ իր Միածնին ուղարկել նրանց փրկության համար` հրամայելով ուտել այդ վայրում եղող պտուղներից, եւ նրանք հուսադրվելով կերակուր ընդունեցին:
Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է՝ շաբաթապահք:
Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում, ապա պահքը լուծվում է, երբ ստանում ենք Սուրբ Ծննդյան ավետիսը՝ մասնակցելով Ճրագալույցի Սուրբ Պատարագին:
Այս պահքի նշանակությունը հատկապես էական է Ամանորյա ճոխ սեղանների հետ համեմատության մեջ։ Չէ՞ որ Ամանոր ասելով, նորն ասելով՝ նկատի չունենք ճոխություն, ագահություն ու որկրամոլություն, այլ ընդհակառակը՝ չափավորություն ու ժուժկալություն։ Չէ՞ որ այս տոնի խորհրդին պետք է պատրաստվենք ոչ թե ճոխություններով, ճոխ սեղանների շուրջ կենացներ ասելով, այլ ժուժկալությամբ ու չափավորությամբ, այլ աղոթքի մեջ առանձնանալով, նորը վերարժևորելով։
Է՛լ ավելի արժևորենք Սուրբ Ծննդյան պահքը հենց այս տեսանկյունից։ Այս անգամ գայթակղություններն է՛լ ավելի շատ են, այս անգամ է՛լ ավելի շատ պիտի փորձվենք՝ հաստատուն մնալով մեր որոշման մեջ։ Եվ մտնելով պահքի շրջան՝ մաքրենք մեր մտքերն ու նոր տարին էլ հենց այդպես դիմավորենք՝ հին սովորություններից հրաժարվելով ու բարիք գործելով։
Լցվենք հույսով, հավատով ու սիրով։ Եվ թող որ այս պահքի շրջանում մեզ ուղեկցի հոգևոր այն ցնծությունը, որ ստանալու ենք Սուրբ Ծննդյան հրաշափառ Ավետիսը և միմյանց ասենք «Քրիստոս ծնվեց և հայտնվեց, օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի»: