Իսրայելը ներկայիս դրությամբ չի հավատում իրանական միջուկային ծրագրի շուրջ «լավ գործարքին»
Ներկայիս դրությամբ Թեհրանը եւ համաշխարհային հանրակցությունը հազիվ թե կարողանա «լավ գործարք» կնքել իրանական միջուկային ծրագրի շուրջ: Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը:
«Վերջին հաշվով, իհարկե, կարող է լինել լավ գործարք… Բայց կարելի է արդյոք սպասել, որ այժմ, այսօրվա դրությամբ, դա տեղի կունենա: Ո՛չ, որովհետեւ հարկավոր է շատ ավելի կոշտ դիրքորոշում (Իրանի նկատմամբ)»,- Associated Press գործակալությունը մեջբերում է Իսրայելի վարչապետի խոսքը: 2015 թվականին «վեցյակը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանիսիա) եւ Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համափարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ձեռքբերման մասին: Համաձայնագիրը ենթադրում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն:
Գործարքը նախնական տեսքով երեք տարվա կյանք էլ չունեցավ. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց միակողմանի կարգով դրանից դուրս գալու եւ Թեհրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները վերականգնելու մասին: Իրանը 2019 թվականին հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների եւ ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից: Այս տարվա ապրիլից Իրանը եւ մի շարք համաշխարհային տերություններ Վիեննայում անցկացրել են բանակցությունների առաջին վեց փուլերը՝ նպատակ ունենալով վերականգնել ԳՀՀԾ-ն, այնուհետեւ եղել է երկարատեւ ընդմիջում: ԱՄՆ-ն դրանց ուղղակիորեն չի մասնակցում:
ԳՀՀԾ-ի շուրջ կոնսուլտացիաների յոթերորդ փուլը մեկնարկել է նոյեմբերի 29-ին՝ մի քանի ամսվա դադարից հետո: Այդ փուլի շրջանակներում բանակցությունները դեկտեմբերի 3-ին դադարեցվեցին, դրանք վերսկսվել են դեկտեմբերի 9-ին եւ ավարտվել դեկտեմբերի 17-ին: Վիեննայում դեկտեմբերի 27-ին մեկնարկել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պարտավորությունների կատարմանը Իրանի ու ԱՄՆ-ի վերադառնալու շուրջ բանակցությունների ութերորդ փուլը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: