Հեքիաթներ ներդրումների ու մեկ միլիարդի մասին

Օրերս Վրաստան կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 1 մլրդ դոլարի հասցնելու մասին։ Այդպիսի հայտարարություն նա արել էր նաև 2 տարի առաջ։ Չնայած դրան, այդ ընթացքում առևտրաշրջանառությունը Հայաստանի և Վրաստանի միջև ոչ միայն չի ավելացել, այլև նույնիսկ նվազել է. այս պահին էլ շատ հեռու է 1 միլիարդին հասնելուց։

Ավելին, վերջին մի քանի տարիներին այստեղ ցավոտ միտումներ են նկատվում։

Տարիներ շարունակ Վրաստանը եղել է այն սակավաթիվ երկրներից մեկը, որի հետ Հայաստանն ուներ դրական առևտրային հաշվեկշիռ։ Դա մինչև իշխանափոխությունն էր։ Իշխանափոխությունից հետո այն ամբողջությամբ զրոյացվել է. Հայաստանն ավելի շատ ներկրում է Վրաստանից, քան արտահանում։ Խոսքը տեղական արտադրանքի մասին է։

Արտահանումը Վրաստան այս ընթացքում մի բան էլ կրճատվել է։ Հայկական ապրանքները կորցրել են իրենց իրացման հնարավորությունները վրացական շուկայում։ Ու այս պայմաններում Նիկոլ Փաշինյանը կրկին խոսում է շրջանառությունները 1 միլիարդի հասցնելու համար։

«2019 թվականին Վրաստանի հետ մենք հավակնոտ նշաձող սահմանեցինք՝ խնդիր դնելով երկկողմ առևտրաշրջանառության ծավալը միջնաժամկետում հասցնել տարեկան 1 միլիարդ դոլարի: Կորոնավիրուսի համավարակն արգելակեց այս գործընթացը, բայց հիմա, երբ սովորում ենք ապրել կորոնավիրուսի հետ զուգահեռ, առաջարկում եմ վերահաստատել այս մտադրությունը։ Վարչապետ Ղարիբաշվիլիի հետ արդեն քննարկել ենք և փորձելու ենք մինչև 2026 թվականը մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը հասցնել 1 միլիարդ դոլարի:

Սա չափազանց կարևոր ու հավակնոտ խնդիր է, որը լուծելու համար մեզ անհրաժեշտ է ներդնել դրամատիկ ջանքեր,- երկու երկրների միջև կայացած տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Կասկած չկա, որ սա լինելու է հերթական չիրականացած հայտարարությունը։ Ճիշտ է, անցած տարվա համատարած սահմանափակումներից ու տնտեսական ճգնաժամից հետո այս տարի առևտրաշրջանառությունների որոշ աճ կա, բայց դա շատ հեռու է նախկին մակարդակներին հասնելուց։

Իսկ որ ավելի վատ է, վրացական ապրանքների ներմուծումն անհամեմատ ավելի առաջանցիկ տեմպերով է աճում, ինչի հետևանքով գնալով խորանում է առևտրի բացասական հաշվեկշիռը՝ ի վնաս Հայաստանի։

Այս տարվա 10 ամիսներին, պաշտոնական տվյալներով, Հայաստանից Վրաստան է արտահանվել ընդամենը 54 մլն դոլարի ապրանք։ Նախորդ տարվա համեմատ արտահանումն ավելացել է հազիվ 8 միլիոնով։ Դրանով հանդերձ, այն դեռևս չի հասել նույնիսկ 2019թ. մակարդակին։ Էլ չենք ասում, թե ինչքանով է հետ մնացել, այսպես կոչված՝ մինչհեղափոխական ցուցանիշից։ Նույնիսկ համեմատելու եզրեր չկան։

2017թ. առաջին 10 ամիսներին Հայաստանից արտահանումը Վրաստան կազմել էր 123 մլն դոլար։ Այս տարի կազմել է ընդամենը 54 մլն դոլար։ Կրճատվել է ավելի քան կիսով չափ։ Ու դրա պատճառը բոլորովին էլ համավարակը կամ տնտեսական ճգնաժամը չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել։

Վրաստան արտահանումը կտրուկ նվազեց իշխանափոխության հենց առաջին տարում։ 2018թ. վրացական շուկա մատակարարումներն ամբողջ տարվա կտրվածքով կազմեցին ընդամենը 68 մլն դոլար։ Այն դեպքում, երբ դրա նախորդող տարում գերազանցել էին 152 միլիոնը։ Անկումը կազմում էր ավելի քան 55 տոկոս։

Այն հետագայում այլևս չվերականգնվեց։ Նույնիսկ իշխանությունների կողմից այդքան փառաբանված 2019թ. չհաջողվեց որևէ առաջընթաց գրանցել։ Այդ տարի էլ արտահանումը Վրաստան կազմեց 69 մլն դոլար՝ նախորդի համեմատ ավելանալով հազիվ մի քանի հարյուր հազար դոլարով։

Այդպես էլ 4 տարվա ընթացքում վրացական շուկայում չվերականգնվեցին այն դիրքերը, որոնք հայկական ապրանքները կորցրեցին իշխանափոխությունից հետո։

Դրա փոխարեն՝ գնալով հայկական շուկայում ամրացան ու ընդլայնվեցին վրացական ապրանքները։ Դա արտահայտվեց ներմուծման ծավալների ավելացման տեսքով։ Արդյունքում, եթե իշխանափոխությունից առաջ Հայաստանը Վրաստանի հետ ուներ դրական առևտրային հաշվեկշիռ, ավելի շատ արտահանում էր, քան ներմուծում, հիմա հակառակն է՝ ավելի շատ ներմուծում ենք, քան կարողանում արտահանել։

Այս տարվա 10 ամիսներին վրացական ապրանքների ներմուծումը Հայաստան հասել է 96 մլն դոլարի։ Այն 37 միլիոնով կամ ավելի քան 62 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։

Ներմուծման առաջանցիկ աճի տեմպը մի քանի անգամ ավելի բարձր է, քան արտահանմանը։ Դա էլ նպաստել է, որպեսզի առևտրի բացասական հաշվեկշիռը գնալով խորանա։

Եթե անցած տարվա 10 ամիսներին արտահանումն ընդամենը 13 մլն դոլարով էր զիջում ներմուծմանը, ապա այս տարի այն հասել է 42 միլիոնի։

Այնինչ՝ 2017թ. ունեինք տրամագծորեն հակառակ պատկեր. տարեսկզբի 10 ամիսներին իրականացված 123 մլն դոլարի արտահանման դիմաց վրացական ապրանքների ներմուծումը կազմել էր 72 միլիոն։ Առևտրի հաշվեկշիռը դրական էր 51 մլն դոլարով՝ ի օգուտ Հայաստանի։

Հիմա հաշվեկշիռը ի վնաս Հայաստանի է։ Այն փոխվեց իշխանափոխության հենց առաջին տարում ու գնալով շարունակում է խորանալ։

Իհարկե, Հայաստանը Վրաստանից ներմուծում է ոչ միայն վրացական, այլև այլ երկրների ապրանքներ։ Այդպիսի ներմուծումները տարեկան 350-400 մլն դոլարի սահմաններում են։ 2019թ. նույնիսկ հասան 485 մլն դոլարի։

Թերևս, դա էլ ոգևորել էր Նիկոլ Փաշինյանին, երբ հայտարարում էր առևտրաշրջանառությունը 1 միլիարդի հասցնելու մասին։ Բայց նա հավանաբար մոռացել էր, որ 2019թ. աճի գործում էական դեր ուներ ներմուծվող տրանսպորտային միջոցների ռեկորդային քանակը։ Արդեն հաջորդ տարի այդպիսի ներմուծումները կրճատվեցին գրեթե 35 տոկոսով։

Չնայած տնտեսական հարաբերությունների տեսակետից դա այնքան էլ էական չէ։ Շատ ավելի կարևոր է արտադրող երկիր լինելու հանգամանքը։ Մինչդեռ՝ որպես արտադրող երկիր, Հայաստանը Վրաստանի հետ առևտրային հարաբերություններում վերջին 4 տարիներին լրջորեն զիջել է դիրքերը և կորցրել վրացական շուկայում հայկական ապրանքների իրացման հնարավորությունները։ Փոխարենը՝ վրացական ապրանքներն իրենց ավելի հարմարավետ են սկսել զգալ հայկական շուկայում։

Սա այն է, ինչին Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունները հասել են Վրաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում։ Ու այսքանից հետո դեռ հեքիաթներ են պատմում առևտրաշրջանառությունները 1 մլրդ դոլարի հասցնելու մասին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս