Ուսապարկերի հեղաշրջում Երևանում
Այսպիսով, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն անվստահություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին։ Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը Մարությանից ուղղակի խլեց Երևանի քաղաքապետի պաշտոնը։
Չնայած գործընթացը տեղի ունեցավ ֆորմալ ընթացակարգերի պահպանմամբ, բովանդակորեն կատարվածն իշխանության բռնազավթում էր՝ ուզուրպացիա, քանի որ Նիկոլ Փաշինյանն ընտրված պաշտոնյայից ոչ ընտրական մեխանիզմով վերցրեց իշխանությունը։ Ճիշտ այնպես, ինչպես 2018-ի հոկտեմբերին՝ փողոցի ճնշմամբ հասավ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակմանը և նույն թվականի դեկտեմբերին ուզուրպացրեց օրենսդիր իշխանությունը։
Նիկոլ Փաշինյանի համար իշխանության բռնազավթումն այսպիսով դարձել է քաղաքական սովորություն, ընդ որում, ժամանակի հետ նրա ախորժակը բացվում է, և պատասխանատվություն չկրելով ուզուրպացիայի նախորդ դեպքերի համար, նա ագահաբար փորձում է վերահսկողություն հաստատել իշխանության բոլոր ճյուղերի ու մարմինների նկատմամբ։
Պատահական չէ, որ հենց հիմա ինտենսիվ գործընթացներ են կատարվում նաև դատական համակարգում, որտեղից դուրս են դրվում դեռևս անկախ ու ինքնուրույն մնացած վերջին դատավորները, կարճ ժամանակ անց ողջ դատական համակարգը կդառնա Նիկոլ Փաշինյանի կամակատարը։
Արդյունքում՝ նա փաստացի բացարձակ վերահսկողություն կունենա իշխանության բոլոր թևերի նկատմամբ՝ կառավարություն, Ազգային ժողով, դատական համակարգ, Երևանի քաղաքապետարան։ Ամբողջական իշխանության բռնազավթման սխեման որոշ չափով խափանվել է միայն վերջին ՏԻՄ ընտրություններում, երբ այդուհանդերձ բազմաթիվ համայնքներում ընտրվեցին ոչ իշխանական թեկնածուներ, սակայն նրանց դեմ էլ ակտիվ ռեպրեսիվ գործընթացներ են տեղի ունենում, և մեծ է հավանականությունը, որ որոշ ժամանակ անց փաշինյանական իշխանությունը կհաստատվի չնչին բացառությամբ բոլոր համայնքներում։
Այս գործընթացը ոչ միայն որևէ աղերս չունի ժողովրդավարության հետ, այլ ժողովրդավարության աղաղակող բռնաբարության ակտ է, որը տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանին ծափահարող ժողովրդավարական աշխարհի ու քաղաքացիական հասարակության լուռ համաձայնությամբ ու խրախուսմամբ։ Բոլոր ծափահարողներին և լռողներին պետք է փաշինյանական բռնապետության հաստատումը, երևի որովհետև այդպես ավելի հեշտ կլինի Հայաստանից ստանալ այն, ինչը արգելքների կարող էր հանդիպել հակակշիռների ու փոխզսպումների համակարգեր ունեցող ժողովրդավարական իշխանության պայմաններում։
Ինչ վերաբերում է Հայկ Մարությանին, ապա վերջինս թեև անցած երեք տարիներին պահպանել է քաղաքական չեզոքություն ու լռություն, սակայն երեկվա իր ելույթում ցույց տվեց, որ բավականաչափ հասունացել է քաղաքականապես և այդ որակներով Երևանի քաղաքապետի պաշտոնում աշխատանքը շարունակելու դեպքում՝ կարող էր իրական հակակշիռ դառնալ Նիկոլ Փաշինյանի իշխանության համար։
Հենց դա է Մարությանին հեռացնելու՝ Նիկոլ Փաշինյանի հիմնական մոտիվացիան և ոչ թե՝ այն կեղծ տեղեկությունները, որոնք նա հրապարակում է իր ընտանեկան թերթում։ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ հանդուրժել, որ հսկայական ազդեցություն ունեցող Երևանը կարող է ղեկավարել իրեն չենթարկվող ու սեփական կարծիք ունեցող մեկը, ով համարձակվել է ուսապարկերի երկրում, այդուհանդերձ, ուսապարկ չլինել։
Արդյունքում՝ նաև Հայկ Մարությանի ակտիվ մասնակցությամբ «թավշյա հեղափոխություն» արած Նիկոլ Փաշինյանը որպես շնորհակալություն՝ Մարությանին իշխանությունից զրկեց արդեն ոչ թե որևէ հեղափոխության, այլ ուսապարկերի հեղաշրջման միջոցով։
Հարություն Ավետիսյան