Ալիևը, Փաշինյանն ու Էրդողանը՝ նույն գնացքում

Քաղաքականության, այդ թվում՝ արտաքին քաղաքականության մեջ դադարները կարևոր նշանակություն ունեն։ Հաճախ երկրներն իրենց նպատակներին հասնում են ոչ միայն ակտիվ գործողությունների, այլ նաև ճիշտ ժամանակին վերցված քաղաքական պաուզաների շնորհիվ։

Այդպիսի դադարները կենսականորեն անհրաժեշտ են հատկապես պատերազմներից հետո ու հատկապես պատերազմում պարտվող կողմին՝ կատարվածից ուշքի գալու, պետությունը վերակենդանացնելու, երկիրը կայունացման ու զարգացման հուն տեղափոխելու համար։ Այն դեպքում, երբ բոլոր պատերազմներից հետո հաղթող կողմերը ցանկանում են հնարավորինս արագ հաջողություններ արձանագրել նաև հետպատերազմական շրջանում՝ հաղթանակի էյֆորիան կապիտալիզացնելու համար։ Հենց այս հակադրությունները տեղ ունեն հիմա մեր տարածաշրջանում ու Հայաստանի պարագայում։

Ակնհայտ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ամեն ինչ անելու են և անում են պատերազմում տարած հաղթանակը հնարավորինս արագ նաև քաղաքական  արդյունքների վերածելու համար։ Դրա համար նրանց օր առաջ պետք է Հայաստանի հետ խաղաղություն կնքել ու հասնել հայ-թուրքական հարաբերությունների հաստատման։ Այն պարզ պատճառով, որ Հայաստանը՝ որպես պարտվող կողմ, հիմա գտնվում է իր պատմության մեջ ամենաթույլ վիճակում և հեշտորեն համաձայնելու է թուրք-ադրբեջանական բոլոր պայմաններին։

Խելամիտ իշխանություն ունենալու դեպքում Հայաստանը, հակառակը, ամեն ինչ պետք է աներ քաղաքական դադար վերցնելու, այդ ընթացքում պետական կառավարման համակարգերը նոր իրողություններին ադապտացնելու համար, ինչը հնարավորություն կտար որոշ ժամանակ անց և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ հարաբերություններում հանդես գալ անհամեմատ ավելի ամուր դիրքերից։

Այդ դադարը վերցնելու փոխարեն, սակայն, Հայաստանի իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, պատերազմում կրած խայտառակ պարտության անգամ առաջնային շոկը չհաղթահարած՝ նետվեց «խաղաղության դարաշրջան» բացելու՝ ինքնամատուցվելով Ադրբեջանին ու Թուրքիային։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն արեց այն, ինչը բխում էր ոչ թե պատերազմում պարտված Հայաստանի, այլ հաղթած կողմերի՝ պատերազմից հետո նաև քաղաքական հարթությունում հաղթանակներ արձանագրելու ցանկություն ունեցողների շահերից։ Սա է հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ներկայիս գործընթացի ամենախորքային խնդիրը և ոչ Հայաստանի կողմից բանակցողի մասնագիտական փորձը կամ լրջության աստիճանը։

Հայաստանը՝ որպես պետություն, այս գործընթացում իրեն պահում է այնքան անլուրջ ու այնքան ինքնատրվող, որքան ընտրված բանակցողի որակներն են, այսինքն՝ դրանց բացակայությունը։

Ինչ վերաբերում է քաղաքական դադարի անհրաժեշտությանը, ապա հազիվ թե Նիկոլ Փաշինյանը չի հասկանում դրա կարևորությունը։ Վստահաբար գիտակցում է և գիտակցելով՝ շտապում է։ Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի շահերից բխող շտապողականությունը պետք է նաև Նիկոլ Փաշինյանին։

Մեծ հավանականությամբ՝ այն պատճառով, որ հենց դա է նրա՝ Հայաստանում իշխանությունը պահպանելու աշխարհաքաղաքական գինը, որը նա վճարում է Հայաստանի ազգային շահերի հաշվին։ Այդ շահերն ամեն օրվա հետ վճարվում ու վաճառվում են Նիկոլ Փաշինյանի հետ այն նույն գնացքում, որում նա գտնվում է Ալիևի ու Էրդողանի հետ։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս