Նիկոլ Փաշինյանի թաքնված ծառայությունն Էրդողանին

«Խաղաղության դարաշրջանը», որի բացմամբ ակտիվորեն զբաղված է Նիկոլ Փաշինյանը, իրականում պատերազմի դարաշրջան է, պատերազմ, որը վարում է Նիկոլ Փաշինյանը, և որում լրջագույն հաղթանակներ է արձանագրել։

Խոսքն արտաքին թշնամու դեմ պատերազմի մասին չէ, որում Նիկոլ Փաշինյանը հաղթականորեն պարտվել է։ Ասվածը վերաբերում է պետության ու հանրության դիմադրողականությունն ապահովող ինստիտուտների դեմ պատերազմին, որը նա հայտարարել է 2018 թվականից դեռ առաջ, բայց ակտիվորեն սկսել է 2018-ին իշխանության գալով։

Սկզբում եկեղեցին էր, որի դեմ արշավը հովանավորվում էր իշխանության ամենաբարձր մակարդակով։ Հետո հերթը Զինված ուժերինն էր, որի մարտունակությունը հասցվեց ելակի ու անդրավարտիքի մակարդակի։ Զուգահեռաբար պատերազմ էր մղվում ազգային ավանդույթների՝ ընտանիքի, ավանդական սեռական կողմնորոշման դեմ, իշխանությունը Մելի մասին ֆիլմ էր նկարում, տրանսգենդերը ելույթ էր ունենում Ազգային ժողովում, համասեռամոլները ծեծում էին ոստիկաններին։

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը հետևողական պայքար է մղել ու շարունակում է մղել այն ամենայնի դեմ, ինչը, ընդհանրական ձևակերպմամբ, անվանում են ազգային ինքնություն։

Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանության բոլոր շահառուներին անհրաժեշտ էր անինքնություն հայ հասարակություն, որի արժեքային համակարգը խարսխված կլինի առավելապես նյութական արժեքների ու դրանց բավարարման պահանջմունքի վրա։

Նա, եթե ոչ՝ ամբողջությամբ, բայց զգալի չափով հասել է այդ նպատակին, որն անհրաժեշտ էր լինելու «խաղաղության դարաշրջանի» բացման համար։ Խնդիրը խաղաղության անհրաժեշտությունը չէ, դա անքննարկելի է, Հայաստանին օր առաջ պետք է խաղաղություն հաստատել բոլոր հարևանների հետ։ Բայց այդ հարցում, այդուհանդերձ, կա վերապահում։ Խաղաղությունը չի կարող լինել ինքնանպատակ և ամենագին, այսինքն՝ չափազանց կարևոր է այն գինը, որը Հայաստանն ու հայ հասարակությունը վճարելու է այդ խաղաղության դիմաց։

Ահա այդ հարցում է, որ Նիկոլ Փաշինյանին պետք էր անինքնություն, դիմազուրկ հասարակություն, որը պատրաստ կլինի վճարել ցանկացած գին խաղաղության համար։

Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու մասին Հայաստանի հայտարարությունը պատրաստակամություն էր հենց այն մասին, որ Հայաստանը պատրաստ է վճարել ցանկացած գին խաղաղության դիմաց։ Որովհետև երբ մեկին հրապարակավ հարց ես ուղղում՝ դու ցանկանում ես ինձ մորթե՞լ, ու անգամ պատասխանին չսպասելով՝ նետվում ես նրա հետ հարաբերություններ հաստատելու, պարտավորվում ես կատարելու նրա ցանկացած պահանջ՝ միայն թե չմորթի։

Հիմա որևէ մեկը չի կասկածում, որ Նիկոլ Փաշինյանը կա՛մ հրաժարվելու է, կա՛մ արդեն իսկ ամբողջությամբ հրաժարվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից, առանց որի՝ Թուրքիան նրան անգամ բարև չէր տա։ Գրեթե կասկած չկա, որ նույն կերպ Նիկոլ Փաշինյանը կատարելու է Թուրքիայի ու Ադրբեջանի բոլոր պահանջները, որոնք ներկայացվելու են՝ որպես հարաբերություններ հաստատելու նախապայմաններ։

Այսինքն՝ նա վճարելու է Թուրքիայի ու Ադրբեջանի ցանկացած գինը։

Վճարելու է, որովհետև նախապես հաջողել է բոլոր այն ինստիտուտների կազմաքանդման գործում, որոնք կենսունակ լինելու դեմ՝ կդիմադրեին այդ գինը վճարելուն։ Նիկոլ Փաշինյանը՝ պարտվելով Ադրբեջանի ու Թուրքիայի հայտարարած պատերազմում, հաղթել է ազգային ինքնության դեմ հայտարարված պատերազմում և այդ հաղթանակն օգտագործում է թուրքերի ու ադրբեջանցիների հետ հաշտություն կնքելու համար։

Նրան «խաղաղության դարաշրջանից» բաժանում էին Արցախի մեծ մասը և հազարավոր հայորդիները։

Արցախը հանձնված է, տղաները՝ զոհված, ազգային ինքնությունը՝ կազմաքանդված։

Ռոբերտ Տեր-Սարգսյան

Տեսանյութեր

Լրահոս