Բրյուսե՞լ, թե՞ Դուշանբե 2. ի՞նչ է այս անգամ պայմանավորվել Փաշինյանը փակ դռների հետևում

«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանի կարծիքով՝ Ադրբեջանը փորձում է ցանկացած ելքի դեպքում հաղթող դուրս գալ, և հայտարարելով, որ Զանգեզուրի և Լաչինի միջանցքների անցագրային ռեժիմները պետք է համընկնեն, Ալիևը հայկական կողմին փակուղու առջև է կանգնեցնում:

«Եթե հայկական կողմն այդ տրամաբանությամբ ճանապարհ չտրամադրի, ստացվում է, որ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում Լաչինի նկատմամբ նույնպես մաքսային հսկողություն սահմանել: Ադրբեջանի այս հայտարարությունը որևէ կոշտ արձագանք միջնորդների, միջազգային հանրության կողմից չի ստանում, և տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը հասել է նրան, որ դա ընկալելի և ընդունելի լինի միջազգային հանրության համար: Եթե հայկական կողմը համաձայնի այդ տրամաբանությամբ ճանապարհ տրամադրել Ադրբեջանին, ստացվում է, որ Լաչինի միջանցքը դուրս է գալիս արցախյան հակամարտության կարգավորման տրամաբանությունից և մտնում է տարածաշրջանային կոմունիկացիաների տրամաբանության մեջ, ինչը մեր շահերից չի բխում»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ այս ամենի մասին պետք էր մտածել դեռ 2020թ. նոյեմբերի 9-ին, երբ Փաշինյանը ստորագրություն էր դնում եռակողմ հայտարարության տակ:

«Այդ մասին պետք էր մտածել, երբ Հայաստանը որևէ կերպ չէր հակազդում, երբ Ադրբեջանը մաքսակետեր էր տեղադրում Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհին կամ Ճակատենի ճանապարհին: Այսինքն՝ ո՞րն էր տրամաբանությունը, որ Ադրբեջանը դա կանի և դրանով կբավարարվի՞: Բնականաբար, ոչ: Հայաստանն ի սկզբանե պետք է հակազդեր այդ քաղաքականությանը, պետք է միջազգային հանրության, միջնորդների հետ աշխատանք տաներ, որպեսզի նման մոտեցում ընդհանրապես չլիներ, և Ադրբեջանն այսօր, առավել ևս՝ Սոչիից հետո, իրեն նման ձևակերպումներ թույլ չտար»,- ընդգծեց նա:

Աննա Կարապետյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարների վերջին հայտարարության մեջ հստակ խոսվում է նոյեմբերի 9-ի, նոյեմբերի 26-ի և այլ հրադադարի պահպանման պայմանավորվածությունների մասին. «Ի՞նչ պայմանավորվածություններ են դրանք, մենք չունենք հստակ հրապարակային առկա փաստաթուղթ: Շառլ Միշելի հայտարարության մեջ էլ հղում է կատարվում ոչ թե նոյեմբերի 26-ի հայտարարությանը, այլ նոյեմբերի 26-ին ձեռք բերված փոխըմբռնումներին, ինչը վկայում է, որ մենք ունենք գործընթաց, որը չենք տեսնում: Դրա շարունակությունը մենք ունեինք Բրյուսելում, երբ հերթական անգամ ունեցանք, անհասկանալի է՝ Բրյուսե՞լ, թե՞ Դուշանբե 2, որովհետև տեղի ունեցավ երկկողմ առանձնազրույց, որի արդյունքների մասին ոչ ոք ոչինչ չիմացավ: Հիշեցնեմ, որ նույնը տեղի էր ունեցել նաև Դուշանբեում՝ առանձնազրույց, վերելակային երկխոսություն, որի հետևանքները շատ ծանր եղան մեր երկրի և մեր անվտանգության համար: Ի՞նչ է պայմանավորվել այս անգամ Փաշինյանը փակ դռների հետևում, ցավոք, մենք չգիտենք, և դրա հետևանքներին մենք կբախվենք հետագայում: Նախորդ փորձը հուշում է, որ հետևանքները լավը չեն լինում»:

Անդրադառնալով գերիների հարցին, Աննա Կարապետյանը նկատեց՝ ամրապնդվում է այն համոզմունքը, որ Ադրբեջանը հաջողել է ազդել միջազգային ընկալումների վրա, որպեսզի այդ մարդիկ այլևս չանվանվեն գերիներ, այլ՝ պահվող անձինք.

«Դա Ադրբեջանի քաղաքական գիծն է, և մենք տեսանք, որ համանախագահ երկրների հայտարարության մեջ չխոսվեց գերիների մասին, օգտագործվեց պահվող անձինք ձևակերպումը, նույնը օգտագործվեց Շառլ Միշելի հայտարարության մեջ: Ինչ վերաբերում է գործընթացին, իրավիճակը բավական բարդ է, որովհետև Հայաստանը շատ վատ առևտրի մեջ էր մտել՝ հայ գերիներին փոխանակելով քարտեզների հետ: Մի քանի օր առաջ բոլոր քարտեզները հանձնվեցին Ադրբեջանին, և այս մասին փաստում է նաև Շառլ Միշելը իր հայտարարության մեջ, որ բոլոր քարտեզներն են արդեն տրամադրվել Ադրբեջանին: Ուստի, հարց է առաջանում, թե այսօր ի՞նչ գին է պահանջելու Ադրբեջանը՝ նոր գերիների վերադարձի համար: Միանշանակ է, որ ԵՄ-ն փորձելու էր առնվազն գերիներ վերադարձնել, որպեսզի ցույց տա, որ այստեղ ևս հաջողում է, առավել ևս, որ ՌԴ-ն մի քանի օր առաջ հաջողել էր դա անել, բայց արդյունք չունեցան, ինչը ցույց է տալիս, որ նոր սահմանվող գինը բավականին բարձր է»:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպումից հետո հայտարարեց, որ ԵՄ-ն կտրամադրի փորձագիտական առաքելություն/խորհրդատվական խումբ՝ աջակցելու սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերին՝ երկու երկրներին ապահովելով տեխնիկական աջակցություն: Նոյեմբերի 26-ի Սոչիի հանդիպումից հետո կողմերը հայտարարել էին, որ պայմանավորվել էին Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման և հետագայում սահմանագծման հարցով երկկողմ՝ կողմերի հայտի հիման վրա Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ:

Այս առնչությամբ Աննա Կարապետյանը նշեց, որ ԵՄ-ն այս դեպքում փորձում է ոչ թե հարց լուծողի դերում լինել կամ գործնական քարտեզներ տրամադրել, այլ փորձում է այս հարցում ևս ներգրավված լինել. «Տրամաբանությունը հուշում է, որ հիմնական միջնորդը և քարտեզների տրամադրողը պետք է ՌԴ-ն լինի: Չեմ կարծում, որ ՌԴ-ի և ԵՄ-ի միջև այս հարցում կոնսենսուս կա: Ակնհայտ է, որ պատերազմից հետո Արևմուտքը չի համակերպվում տարածաշրջանում ՌԴ-ի դերակատարման այսչափ մեծացման հետ և նոյեմբերի 10-ից սկսած ամեն ինչ անում էր սեփական դիրքերը վերականգնելու, ՌԴ դիրքերը թուլացնելու համար: Այս ամբողջ գործընթացը հենց դրա բաղկացուցիչն է: Ռուսաստանի արձագանքը այս ամենին եղել է բավականին բանաձևային, ասել է՝ այո, ես դեմ չեմ, թող Արևմուտքը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով ունենա իր ներգրավումը, Արևմուտքը զբաղվի հիմնականում հումանիտար խնդիրներով:

Պատահական չէ, որ Սոչիի հանդիպումը տեղի ունեցավ բրյուսելյան հանդիպման մասին հայտարարելուց հետո, այսինքն՝ Ռուսաստանը շտապեց ցույց տալ, որ ինքն է այստեղ հիմնական գործոնը: Հայաստանի գործող իշխանության պարագայում տեսնում ենք որոշակի ձեռագիր՝ փորձելու Արևմուտքի ներգրավում ապահովել, այդ միջոցով սեփական մանևրելու դաշտը մեծացնել, մինչդեռ Ադրբեջանը փորձում է մշտապես շահողի դիրքում հանդես գալ: Ադրբեջանը մշտապես փորձում է Ռուսաստանին ցույց տալ, որ ինքը չէ նախաձեռնողը, իր համար ռուսական միջնորդությունն է ընդունելի, բայց չի մերժում, մասնակցում է հանդիպումներին, այսինքն՝ Արևմուտքում էլ որոշակի կառուցողական երևալու խնդիրն է հետապնդում»:

Ըստ նրա՝ Ադրբեջանի հիմնական խնդիրը սեփական գործողությունները, մասնավորապես՝ ագրեսիան, ուժի սպառնալիքի քաղաքականությունը լեգիտիմացնելն է. «Այս մասին է վկայում երեկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ տեղի ունեցած հանդիպումը և մամուլի ասուլիսը, Շառլ Միշելի հետ տեղի ունեցած հանդիպումը, այսինքն՝ Ադրբեջանն այսօր Արևմուտքի հետ նույնպես փորձում է իր երկխոսության մակարդակը չվատացնել և հնարավորինս մեղմացնել հնարավոր հարվածները, եթե դրանք լինեն: Իսկ դրանք կլինեն միայն այն պարագայում, եթե Հայաստանն աշխատի, բայց մենք տեսնում ենք, որ Հայաստանը չի աշխատում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս