«Գժի տե՞ղ են դրել բոլորին. մեզ տանում են ազգային ինքնասպանության». Արման Աբովյան

«Ինչի՞ համար այդ տեղեկությունը պետք է իմանանք թուրքից: Մենք կարող ենք սիրել-չսիրել թուրքերին, բայց նրանց դիվանագիտական փորձը և դիրքավորումը՝ նվազագույնը տեղեկություն հայտնելու առումով, միշտ եղել է որոշակի կանոնների ներքո, այսինքն՝ եթե չլիներ այդ կարգի պայմանավորվածություն, այդ կարգի հայտարարություններ չէին լինի»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԲՀԿ քաղխորհրդի անդամ, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե Թուրքիան և Հայաստանը հարաբերությունները կարգավորելու համար կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ: Չավուշօղլուն նաև շեշտել է, որ այս հարցում խորհրդակցել է Ադրբեջանի հետ, և հետագայում էլ այս գործընթացում միասին են առաջ շարժվելու:

Արման Աբովյանը նկատեց՝ ՀՀ իշխանությունները հավատացնում էին, թե բանակցություններ չկան, և մեկ էլ թուրքը ելնում-ասում է՝ երկու կողմից պետք է ներկայացուցիչներ նշանակվեն. «Այսօր ԱԳՆ-ն ափալ-թափալ հայտարարություն է անում, որ՝ այո, հանձնակատար պետք է լինի հայկական կողմից: Այ ձեր աստծուն մեռնեմ, բա դուք, մինչև թուրքը չխոսեց՝ ինչո՞ւ չէիք խոսում: ՀՀ իշխանությունները ազնիվ են միայն մեկ պարագայում, երբ ասում են, որ՝ այո, իրենք գնում են դեպի Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների վերաձևավորման: Ես չեմ ասում՝ բարելավում, որովհետև հնարավոր չէ հարաբերությունները բարելավել այն պետությունների հետ, որոնց ազգային պետական կոնցեպտում դրված է հայկական գործոնի դուրսմղումը տարածաշրջանից կամ ոչնչացումը՝ պարզ պատճառով, որ այդ երկու պետությունները պետք է միավորվեն և ձևավորեն պանթուրանական նախագիծը»:

Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները կա՛մ գտնվում են երջանիկ մոլորության մեջ, կա՛մ ստում են, երբ ասում են, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանի. «Թուրքիան նախապայմաններ դրել է և դրանց ներքո է հայ-թուրքական հարաբերությունների տեսլականը պրոյեկտում: Թուրքիան ասում է՝ Հայաստան, եթե ուզում ես, որ մենք քո հետ խոսենք, իսկ ՀՀ իշխանությունները ոչ թե ուզում են, այլ իրենց պատեպատ են տալիս, որ այդ երկխոսությունը լինի, հետևյալ նախապայմաններն է առաջ մղում. Առաջին նախապայման՝ Հայաստանը պետք է ընդունի արցախյան երկրորդ ճակատամարտի հետևանքները՝ որպես վերջնական, այսինքն՝ պետք է ընդունի թե՛ Արցախի Հանրապետության տարածքների օկուպացիան, թե՛ ՀՀ տարածքի օկուպացիան: Երկրորդ՝ թուրքերն ասում են, որ դրա հետ մեկտեղ՝ Հայաստանը պարտավոր է տրամադրել միջանցք, որը կմիավորի Թուրքիան և Ադրբեջանը. դա ՀՀ խոշոր մասնատման առաջին փուլն է: Երրորդ՝ Հայոց ցեղասպանության քաղաքական տիրույթից դուրսբերում. Այսինքն՝ ՀՀ-ն պետք է դադարի քաղաքական հայացքի ներքո դիտարկել Հայոց ցեղասպանության հարցը: Չորրորդ՝ Հայաստանը պետք է հրաժարվի Հայ դատի կամ պահանջատիրական յուրաքանչյուր դրսևորումներից, ինչը փաստացի նշանակում է, որ Հայաստանը պետք է ընդունի այն իրողությունը, որ կոպիտ ասած՝ դե, կոտորել են 1.5 միլիոն, անցավ-գնաց: Հինգերորդ՝ ՀՀ-ն պետք է Արարատ լեռան պատկերը հանի մեր զինանշանից և վերախմբագրի Սահմանադրությունը, որտեղից պետք է հեռացվի Արևմտյան Հայաստան արտահայտությունը: Սրանք այն նախապայմաններն են, որոնց քննարկման դեպքում թուրքերը համաձայնում էին գնալ որոշակի քայլերի»:

Արման Աբովյանի դիտարկմամբ՝ Հայաստանում ակտիվացնում են նեոթուրքական, թուրքասեր, թուրք որոշակի քաղաքական  գործիչների. «Նրանց վերակենդանացնում են, բերում են դաշտ, և դրանք այն գործիչներն են, որոնք ժամանակին պնդում էին, որ Ցեղասպանությունը պետք է մոռանալ, պետք է գնալ բարեկամության, և այլն, ինչը նշանակում է, որ պետք է գնալ՝ կամովի կոտորվել: Այնպես չէ, որ թուրքերը մեր նկատմամբ ատելությունից խեղդվում են, ադրբեջանցիները խեղդվում են, թուրքերը՝ ոչ, թուրքերը պրագմատիկ են, նրանք հասկանում են, որ մեծ պրոյեկտները, որոնք իրենք ցանկանում են իրականացնել, պետք է դրա համար տարածաշրջանից դուրս մղվի թե՛ ռուսական, թե՛ հայկական, թե՛ իրանական գործոնը: Բոլոր այս գործողությունները միտված են հենց այդ խնդիրը լուծելուն»:

Հարցին՝ ի՞նչ է կարծում՝ ո՞վ է լինելու հայկական կողմի բանագնացը, հնարավո՞ր է՝ Ժիրայր Լիպարիտյանը լինի, որը բավականին ակտիվ է վերջին շրջանում, նա պատասխանեց. «Ժիրայր Լիպարիտյանի գիրքը ես շատ ուշադիր ընթերցել եմ. Կա՛մ պարոն Լիպարիտյանը առհասարակ չի հասկանում՝ ինչի մասին է գրում, կա՛մ նա փորձում է իր տեսլականը հնարավոր և անհնարին միջոցներով առաջ տանել: Ես չեմ հավատում, որ նա ծանոթ չէ Թուրքիայի և Ադրբեջանի պետական կոնցեպտի հետ, որը ենթադրում է հայկական գործոնի դուրսմղումը տարածաշրջանից: Ինչի՞ համար են Լիպարիտյանին վերակենդանացրել. Պարզ պատճառով, որ նա հիմնավորի, թե ինչի համար մենք պետք է գնանք ազգային ինքնասպանության: Որքան էլ համոզեն, որ թուրքը լավն է, պարզապես խորհուրդ կտամ՝ Էրդողանի և Ալիևի հայտարարությունները կարդալ կամ ծանոթանալ այդ երկու պետությունների պետական կոնցեպտի հետ: Հայկական կողմն ի՞նչ է ասում, ասում են՝ գնանք  հարցնենք՝ մեզ ուզո՞ւմ են կոտորել, թե՞ ոչ: Գժի տե՞ղ են դրել բոլորին, չեմ հասկանում. այդ մարդիկ հոգնեցին ապացուցել, որ՝ այո, կոտորելու են»:

Արման Աբովյանը կանխատեսում արեց. «ՀՀ-ն համաձայնելու է թուրքերի հետ մտնել, այսպես ասած՝ պատմական հանձնաժողով, որը քննելու է՝ Հայոց ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ: Դա թուրքական տեսլականի ներքո է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս