Դադարենք ստվերին միս ու արյուն հաղորդել

Հայաստանյան իրականությունն ապրում է բավականին ճգնաժամային ու հակասական օրեր․ այն, ինչ տեղի է ունենում ՀՀ քաղաքական դաշտ կոչված տիրույթում, ոչ մի աղերս չունի քաղաքական չափորոշիչների ու չափանիշների հետ։ Երեքուկես տարի երկիրը վերջնական փակուղի մտցրած Նիկոլ Փաշինյանը մինչ օրս դուրս չի գալիս շարքային ընդդիմադիրի կերպարից, ինչի արգասիքը մերօրյա ֆարսն է։ Սակայն դրա մասին չէ, որ կցանկանայի դիտարկումս կառուցել, այլ հակառակը, Փաշինյանի փուչ գոյության կամ, այլ կերպ ասած՝ չգոյության շուրջ։

Այսօրվա քաղաքական խոսույթի հիմնական առանցքը ձևավորվում է Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ։ Նրա կողմից հնչեցված ամեն միտք կամ կատարած գործողություն տիրաժավորվում է տարբեր առումներով ու դառնում տեղեկատվական դաշտի թոփ լուրը։ Ըստ էության՝ բոլորս, անկախ մեր կամքից, խոսում ենք մի երևույթի մասին, որը չկա, առկա է միայն ստվերը, իսկ որպես այդպիսի քաղաքական միավոր՝ Նիկոլ, արդեն տևական ժամանակ է՝ գոյություն չունի։ Նշանակում է, մենք՝  քննադատողներս ու քարկոծողներս ենք հանդիսանում  Փաշինյանի քաղաքական կյանքի երկարացնողներն ու հովանավորները։

Փաստացի ունենք մի իրողություն, երբ Փաշինյանը որպես քաղաքական գործոն՝ իրենից ներկայացնում է ամորֆ տարածք, իսկ նրա շուրջ գոյություն ունեցող վակուումը լցվում է նրա քննադատողների ճամբարից եկող տարբեր տիպի պիտակավորող մեսիջներով։  Այսինքն՝ կա Փաշինյան քաղաքական դիակ, կա Փաշինյանի ստվերը, որի շուրջ էլ  ձևավորվում է քաղաքական բովանդակություն։ Ասել է թե, ինչքան քիչ լինեն վերջինիս մասին հրապարակումներ, սոցցանցային գրառումներ, այնքան Փաշինյանի քաղաքական կլոունադան կհանգի իր «տուպիկին»։

Ստացվում է՝ մենք ներկայումս գործ ունենք ոչ թե՝ քաղաքական կշիռ ու կոնտենտ ունեցող Նիկոլի հետ, այլ բովանդակազուրկ ստվերի, որի հետ կռվելը նման է դոնքիշոտության։ Ըստ էության՝ զանգվածային գիտակցության մեջ միֆը հազվադեպ է կապվում արդիականության հետ։ Այն սովորաբար ընկալվում է՝ որպես գյուտ, ինչ-որ ֆանտաստիկ բան, որը գոյություն չունի և առավել հաճախ մեկնաբանվում է՝ որպես խաբեություն։

Այսօր հայ հասարակության մոտ  ձևավորվել է այնպիսի մտածելակերպ ու մոտեցում, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակի չկա, այսինքն՝ նրանից արվող ցիտատները, նրա մասնակցությամբ տարբեր դրվագներ անոնսելն ու տիրաժավորելը հերթական անգամ Փաշինյանի թեման բերում են առաջին պլան ու ինքնաբերաբար դարձնում քննարկման առարկա։ Անգամ, եթե փորձում ենք քննադատել ու թիրախ դարձնել Փաշինյանի կամ նրա վարչախմբի որևէ ներկայացուցչի, հերթական անգամ ջուր ենք լցնում նրանց ջրաղացին և որոշակի  ժամանակահատվածով երկարացնում նրանց կյանքը։

Կարող ենք արձանագրել, որ օրվա իշխանությունը, ըստ էության, անարժեք է, չունի որևէ գաղափարական հենք և քվազիլիբերալության ֆոնին փորձում է երկարացնել սեփական կյանքը։ Չնայած եռամյա գործունեությանը՝ մենք ներկայումս գործ ունենք լճացած, ներսից փտող անհայրենիքների հետ, որոնք, բացի այն, որ դավանում են օտար արժեքներ, հավերժ կրելու են նաև դավաճանության խարանը։

Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ լակոտապետությունից կազատվենք, երբ դադարենք ստվերին միս ու արյուն հաղորդել։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս