Ինչո՞ւ բանակում մահվան դեպքերն այլևս չեն հետաքրքրում Աննա Հակոբյան-Նիկոլ Փաշինյան զույգին

2020-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «2019 թվականին բանակում արձանագրված մահվան դեպքերի պատմական մինիմում ենք ունեցել»: Եվ որպեսզի այս դինամիկան պահպանվի, ըստ Փաշինյանի, պետք է բացառել բանակի շուրջ նյարդային մթնոլորտը: Մի կողմ թողնենք, որ նյարդային, լարված, մթնոլորտը առաջին հերթին պետք է բացառել բանակում, նաև՝ կեղծ «ժողովրդավարությունը», դրա իմիտացիան և դեմագոգիան, որը Փաշինյանը մտցրեց բանակ, իհարկե, բացասական իմաստով, ոչ մարդու իրավունքների առումով:

Ինչևէ, Փաշինյանին չհաջողվեց բացառել բանակի շուրջ և բանակում բացասական երևույթները, և հենց 2020-ի սկզբին բանակում իրար հետևից մահվան դեպքեր արձանագրվեցին:

Մասնավորապես, ինչպես 2020-ի փետրվարի 17-ին Փաշինյանի մոտ հրավիրված խորհրդակցությունից հետո ասվում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ, «2020 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 17-ը Զինված ուժերում գրանցված 13 (ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, սպաներ) մահվան դեպքերից 4-ը դժբախտ պատահարի հետևանքով են, 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով (հիվանդություն, անձնական խնդիրներ), մնացած 5 դեպքերի առթիվ հարուցված են քրեական գործեր, հանգամանքները պարզվում են»:

Բանակում տեղի ունեցած վերը նշված դեպքերի շրջանակում կայացվեցին կադրային փոփոխությունների որոշումներ: Մասնավորապես, Կարեն Աբրահամյանն ազատվեց Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից, և նրան փոխարինեց Ջալալ Հարությունյանը: Բացի այս, Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, աշխատանքից ազատվեցին նաև Հայաստանի ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը և Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը:

2021-ի վերջին մոտ 1.5 ամսում, բացի Ադրբեջանի սադրանքների և սանձազերծած մարտերի հետևանքով ունեցած մարդկային կորուստներից, մահվան և վիրավորման դեպքեր են արձանագրվել նաև ոչ մարտական պայմաններում:

28 հոկտեմբերի, 2021- Հոկտեմբերի 28-ին, ժամը 10։00-ի սահմաններում, ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում, զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող։ Վիրավորներին անհապաղ ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն։

7 նոյեմբեր, 2021- Նոյեմբերի 7-ին, ժամը 04:20-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետում, զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով, մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ, 2001թ. ծնված Գրիգոր Սահակի Վարդանյանը:

168.amգրել էր, որ նոյեմբերի 7-ին մահացու վիրավորում ստացած կրտսեր սերժանտը ծառայում էր Իջևանի զորամասում, արցախյան վերջին պատերազմի մասնակից էր: Մեր տեղեկությունների համաձայն, վաշտի հրամանատարը մոտակայքում է եղել:

Ի դեպ, Քննչական կոմիտեի հաղորդագրությունը փոքր-ինչ տարբերվում էր մի փոքր ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից:

«Նախնական տվյալներով՝ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանում գտնվող մարտական դիրքում զինծառայողի կողմից խախտվել են մարտական հերթապահության իրականացման կանոնները, ինչի արդյունքում 2021թ. նոյեմբերի 7-ին՝ ժամը 04։20-ի սահմաններում, մարտական դիրքի ճաշարանում, հրազենից արձակված կրակոցից վիրավորում է ստացել նշված մարտական դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գրիգոր Սահակի Վարդանյանը։

Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է»,- ասվում էր ՔԿ հաղորդագրության մեջ:

24 նոյեմբեր, 2021 –Նոյեմբերի 24-ին, ժամը 14։50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանի (ծնվ. 2001թ.) դին՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորմամբ։ 

Ավելի ուշ պարզ դարձավ, որ զինծառայող Սուրեն Ավետիսյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը:

11 դեկտեմբեր, 2021– Դեկտեմբերի 10-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանը (ծնվ. 2002թ.):

Եվս երկու զինծառայող վիրավոր են: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Հետաքրքիր է՝ որ Նիկոլ Փաշինյանին այս իրավիճակը չի անհանգստացնում, ինչպես պատերազմից առաջ, և ռազմական ոստիկանությունը, այլ պատասխանատուներ շարունակում են պաշտոնավարել, թեպետ բանակում տիրող «բարդակի» մեղավորն առաջին հերթին ինքն է:

Ի դեպ, 168.am-ը ավելի վաղ ներկայացրել էր բանակում մահվան դեպքերի նաև մայիս ամսվա վիճակագրությունը: Եվ 2021 թվականի միայն մայիս ամսին մահվան 5 դեպք է գրանցվել: Այսինքն, 6 օրը մեկ 1 դեպք ենք ունեցել:

Հիշատակված հոդվածում մենք հիշեցրել էինք նաև «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանի հարց-պահանջները այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ 2013-ին ՝ Վերին Գետաշենի գերեզմանոցում ծառայակցի կողմից սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հուղարկավորությանը: Թերևս, տեղին է ևս մեկ անգամ տառացի ներկայացնել այն:

«- Պարոն Օհանյան, ինչո՞ւ այսօր հրաժարական չտվեցիք, երբ իմացաք, որ զինվորի դագաղը Երևան-Սևան մայրուղու ասֆալտի վրա է:

– Բայց ո՞վ է ասել, որ պետք է հրաժարական տայի ես:

– Բանակում ոչ կանոնակարգային հարաբերությունների հետևանքով շաբաթը մեկ զինվոր է մահանում:

– Այդպիսի բան չկա, դուք սխալվում եք:

– Չկա՞ այդպիսի բան, դուք հրաժարական տալու պատճառներ չե՞ք տեսնում:

– Իսկ ո՞վ է պահանջում… Իմ աշխատանքի գնահատականը կարող է տալ իմ ղեկավարը և ժողովուրդը:

– Այն, որ գալիս են, մայրուղու ասֆալտին դագաղ են դնում, դա գնահատական չե՞ք համարում:

– Ժողովուրդը պահանջե՞ց ինձնից հրաժարական տալ:

– Դա ինչ երևույթ է, երբևէ եղե՞լ է, որ դիակը բերեն:

– Կարո՞ղ եմ իմանալ՝ դուք ով եք:

– «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյան:

– Շնորհակալ եմ, ես պատասխանեցի:

– Երբևէ եղե՞լ է, որ դիակը բերեն կառավարության մոտ, դա ժողովրդի գնահատական չի՞, ձեր կարծիքով:

– Ժողովրդի գնահատական է երևույթի հանդեպ:

– Պարոն Օհանյան, շատ հաճախ ոչ կանոնակարգային հարաբերությունների հետևանքով բանակում զոհվում են զինվորներ: Բարձրաստիճան պաշտոնյաների ծառայող երեխաներից որևէ մեկը չի զոհվում, ձեզ համար դա տարօրինակ չի՞:

– Ի՞նչը:

– Բանակում նրանց հետ դժբախտ պատահար չի լինում, ինքնասպան չեն լինում: Որևէ պաշտոնյայի որդու հետ, որը ծառայել է, նման բան չի եղել, ի՞նչն է պատճառը:

– Յուրաքանչյուր դեպքի ես չեմ կարող գնահատական տալ: Դեպքը լինում է՝ ըստ տեղի, ըստ իրավիճակի և ըստ զարգացման:

– Իսկ կարելի է ենթադրել, որ ղեկավարությունը կարողանում է ապահովել միայն այն զինվորների անվտանգությունը, ովքեր ունեն պաշտոնյա հայրիկներ:

– Իհարկե ոչ: Իմ երկու զավակներն էլ ծառայում են Լեռնային Դարաբաղի Հանրապետությունում…

– Նրանք ողջ և առողջ են, իսկ այս երիտասարդին մենք հենց նոր հողը դրեցինք:

– Նրանցից մեկն էլ, իմ ավագ որդին, մեկ տարի առաջ ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ ծանր վիրավորվել էր, բերեցին հոսպիտալում բուժեցին: Եթե հնարավոր լիներ իրեն էլ բուժելու, մենք, հավատացեք, ամեն ինչ կանեինք:

– Այս ընթացքում որևէ պաշտոնյա պատժվե՞լ է բանակում առկա ոչ կանոնակարգային հարաբերությունների համար:

– Շատ: Շատ:

– Բարձրաստիճան, նախարարի տեղակալ, շտաբի պետ…

– Շատ: Շատ:

– Անուն տվեք, մի հոգու անուն:

– Գլխավոր շտաբի պետի տեղակալներ են պատժվել, պատժվել են վարչության պետեր, պաշտոնից ազատվել են վարչության պետեր:

– Քրեական պատասխանատվության ենթարկվե՞լ է որևէ մեկը:

– Բայց ինչի՞ համար, քրեական պատասխանատվության ենթարկվում են հանցագործները միայն»:

Հետաքրքիր է՝ ինչո՞ւ Փաշինյանի ընտանեկան թերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը նույն հարցերն այսօր չի տալիս իր ամուսնուն՝ երկրի ղեկավար, պատերազմի ժամանակ գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանին:

Տեսանյութեր

Լրահոս