«Շատ բարդ խաղ է գնում. այս պահին Ռուսաստանին պետք չէ, որ Արցախի կարգավիճակի հարցը վերջնական լուծվի». Հայկ Խալաթյան
Այսօր ՀՀ ՊՆ-ն տեղեկացրեց, որ դեկտեմբերի 10-ի կեսօրին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողությունների արդյունքում ծավալված փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ, 8 զինծառայող վիրավոր է, որոնցից 6-ի վիճակը ծանր է։ Ժամը 14։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել էր։
Քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանի կարծիքով՝ Ադրբեջանի գործողություններն ուղղված են Հայաստանից միջանցք պոկելուն:
«Ալիևը փորձում է օգտվել թե՛ Հայաստանի դժվար իրավիճակից, թե՛ ռուս-ուկրաինական խնդրից, և հասկանալով, որ Հայաստանը թույլ է, իսկ Ռուսաստանն իր համար շատ ավելի կարևոր հարցով է զբաղված, Ալիևը փորձում է այսպիսի ճնշում գործադրել՝ հույս ունենալով, որ թե՛ հայկական կողմը կգնա զիջումների, թե՛ ռուսական կողմը, որը լուրջ խնդիրներ ունի թե՛ Ուկրաինայում, թե՛ Բելառուսում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հայկ Խալաթյանը մեծ սպասելիքներ չունի դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումից. «Բրյուսելն ամենաթույլ կողմն է այն գլոբալ խաղացողների մեջ, որոնք ներգրավված են մեր տարածաշրջանում, և նախկինում արցախյան կոնֆլիկտի կարգավորման մեջ, որովհետև հիմա հասկանում ենք, որ դա շատ ավելի լայն է՝ նույնիսկ մեր սահմանների վերաբերյալ է Մինսկի խումբը հայտարարություններ անում, չնայած՝ ստեղծվել էր Արցախի կարգավիճակը որոշելու համար: Դրա համար պետք է ընդունենք, որ գլխավոր խաղացողներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը: ԵՄ-ն չի կարողանում նույնիսկ իր հետ ուղղակի առնչություն ունեցող հարցերը լուծել առանց ԱՄՆ-ի միջամտության, ուր մնաց՝ կարողանա որևէ լուրջ դերակատարում ունենալ մեր տարածաշրջանում: Դա ֆորմալ հանդիպում կլինի: Հաշվի առնելով այն ընդհանուր շահերը, որ ունեն ԵՄ-ն և Ադրբեջանը՝ հատկապես էներգակիրների մատակարարման հարցում, և մյուս կողմից էլ Հայաստանը՝ իբրև ժողովրդավար երկիր, ակտիվ մասնակցում է եվրոպական տարբեր ծրագրերում, և ինձ թվում է՝ այսպիսի հավասար նեյտրալ հայտարարություններ կլինեն: Ես չեմ ակնկալում, որ որևէ լուրջ հարց կարողանան լուծել բրյուսելյան հանդիպումների ժամանակ»:
Գերիների վերաբերյալ գործող իշխանությունների հայտարարություններին, թե նրանց մի մասը դասալիքներ են, հետևեց այն տեղեկատվությունը, որ դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 գերիներից 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։
Հայկ Խալաթյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այս ամենի նպատակը ՀՀ սուվերեն տարածքների կորուստներն այդ տղաների վրա բարդելն է, թե՞ սա զուտ իրավական գործընթաց է:
«Մենք հիշում ենք, թե ընտրություններից առաջ գործող իշխանությունն ինչպես էր փորձում գերիների հարազատներին օգտագործել ընդդիմության դեմ, նույնիսկ հերոսացնում էր գերիներին: Այս պարագայում, ընտրություններից հետո չկարողանալով լուծել գերիների հարցը, հասկանում են, որ դա լուրջ խնդիր է, փորձում են վարկաբեկել այդ մարդկանց, հատկապես՝ նրանց հարազատներին՝ հասարակության աչքերում, դրա համար նրանց է մեղավոր կարգում, որպեսզի եթե հանկարծ այդ հարազատները փորձեն որևէ բողոքի ակցիա կազմակերպել, դա չստանա հասարակության լայն շերտերի աջակցությունը: Ամեն ինչ սպասելի է, որովհետև այս իշխանություններն ունակ չեն որևէ հարց լուծել, նրանք զբաղված են միայն իմիտացիայով, լավագույնը նրանք միայն մի բանի են տիրապետում՝ մանիպուլյացիա և ինֆորմացիոն հոսքերի կառավարում»,- ի պատասխան՝ ասաց քաղաքական մեկնաբանը:
Ինչ վերաբերում է Արցախի հարցին՝ նա պարզաբանեց, թե ինչու ռուսական կողմը Արցախի կարգավիճակի հարցը չի բարձրացնում. «Այս պահին Ռուսաստանին պետք չէ, որ Արցախի կարգավիճակի հարցը վերջնական լուծվի, որովհետև, ցավոք, եթե այժմ լուծվի, ապա դա լուծվելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմամբ: Դրա համար ռուսական կողմն ուզում է այդ կարգավիճակի հարցը թողնել հետագային, որպեսզի միշտ ունենա գործիք՝ ազդելու Ադրբեջանի վրա, և ինչպես տեսանք Սոչիում՝ ռուսական կողմի մոտեցումն ավելի շատ ձեռնտու է մեզ: Այս պարագայում, ես չեմ բացառում, որ Ադրբեջանը փորձում է առավելագույնը ստանալ դեմարկացիայից և դելիմիտացիայից, և դրա համար նույն այդ փաստաթղթում հարմար պլացդարմ է ստեղծել, որպեսզի հետագայում, եթե իրավիճակը փոխվի, կարողանա պնդել, որ այդ դեմարկացիայով և դելիմիտացիայով Հայաստանը փաստացի ճանաչում է իր տարածքային ամբողջականությունը: Շատ բարդ խաղ է գնում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում