«Ներկայացված է, որ միջանցք պետք է տանք, ինքնիշխանությունը հանձնենք կամ միայն սահմանները պետք է բացենք». Ժիրայր Լիպարիտյան

«Մեր պարտականությունն է՝ պատրաստել այլընտրանքներ»,- նախօրեին Հայկական բարեգործական ընդհանուր միությունում իր հեղինակած «Հայաստան-Թուրքիա. Պետականություն, պատմություն, քաղաքականություն» գրքի շնորհանդեսի ընթացքում ասաց պատմաբան, դիվանագետ, 1991-97 թվականներին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական, ապա նաև գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը:

Պատասխանելով հարցին, թե էլ ի՞նչ կարող է զիջել Հայաստանը, երբ Թուրքիան և Ադրբեջանը միջանցք են ցանկանում բացել՝ Ժիրայր Լիպարիտյանն ասաց, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով զիջումներ ենք արել, և դրանից հետո գլխավոր հարցը հետևյալն է՝ ինչպիսի՞ պետություն ենք ցանկանում ունենալ:

«Պետք է ասենք՝ այդ մարդիկ (Թուրքիա, Ադրբեջան.- Ա.Մ.) վատն են, զիջելու բան չունե՞նք, այսպես պահենք, անդադար կռվի մեջ մտնե՞նք, թե՞ փորձենք հարցերը լուծել, վերջապես այս ժողովրդին խաղաղություն տալ: Մենք կարող ենք ընտրել այն, ինչ կցանկանանք ընտրել, Էրդողանը պաշտոնական հայտարարության մեջ ասաց, որ մենք հարգում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, ասա՞ց, թե՞ ոչ: Իսկ միջանցքի կապակցությամբ դա պաշտոնական չէ, դա քաղաքական հայտարարություն է, և, թե ի՞նչ կնշանակի միջանցքը, մենք դեռ չգիտենք, հարցը ներկայացված է՝ որպես սև և սպիտակ: Ներկայացված է, որ միջանցք պետք է տանք, ինքնիշխանությունը հանձնենք կամ միայն սահմանները պետք է բացենք»,- ասաց Լիպարիտյանը:

Նա մասնավորապես ասաց. «Փաստաթղթի 9-րդ կետում ասվում է, որ պետք է լինի միջանցք ռուս սահմանապահների վերահսկողության ներքո, սա հատուկ կարգավիճակ է: Մեր պարտականությունն է՝ պատրաստել այնպիսի այլընտրանքներ, որ մենք ասենք՝ այսպիսի լուծում ունենք, և մեր ինքնիշխանությունը չենք կորցնում որևէ տեղում: Մեր Սահմանադրությունն ասում է, որ ոչ մի թիզ հող որևէ մեկն իրավունք չունի ուրիշին տալու, դա սահմանադրական հարց է, բայց միջանկյալ լուծում պետք է գտնվի, որպեսզի այդ հարցը լուծվի»:

 

Տեսանյութեր

Լրահոս