«Այս նախաձեռնությամբ գիծ է քաշվելու, ինքնակամ կառույցներն այլևս չեն օրինականացվելու»․ Կառավարությունը ժամկետներ սահմանեց
Կառավարությունն այսօր հաստատեց ՀՀ մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի նպատակը, ըստ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի, ինքնակամ շինարարության դեմ պայքարում առավել արդյունավետ իրավական մեխանիզմների նախատեսումն է։
Նախարարի խոսքով՝ ինքնակամ շինարարությունների գործընթացը տարիներ շարունակ բավարար չափով չի կարգավորվել, ինչի հետևանքով բազմաթիվ քաղաքներում աղճատվել է քաղաքաշինական պատկերը, ինչպես նաև անվտանգային խնդիրներ են ծագել․
«Այս նախաձեռնությամբ մի գիծ է քաշվելու, որից հետո ինքնակամ կառույցներն այլևս չեն օրինականացվելու, բայց քանի որ Կառավարությունը նպատակ չունի այնպես անել, որ արդեն իսկ ինքնակամ շինություններ կառուցած քաղաքացիները, իրավաբանական անձինք մեծ վնասներ կրեն, և քանդվի ամբողջ շինությունը, կա մի հստակ մեխանիզմ, որով նախատեսված է, թե ինչպես են օրինականացվելու մինչև օրենքի ընդունման պահը կառուցված ինքնակամ շինությունները։ Ըստ այդ մեխանիզմի՝ հատկապես արագ պետք է գործողություններ ձեռնարկեն այն քաղաքացիները, որոնք ինքնակամ շինություններ են կառուցել 2021 թվականի հունվարի 1-ից սկսած մինչ օրենքի ուժի մեջ մտնելը, այդ քաղաքացիներին տրվելու է երկամսյա ժամկետ, որպեսզի հաշվառվեն Կադաստրի կոմիտեում, ներկայացնեն համապատասխան պահանջվող փաստաթղթերը, որն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Կառավարությունն ավելի հստակ կսահմանի»։
Անդրեասյանը նաև հայտնեց, որ առաջարկվող փոփոխությամբ Երևան քաղաքի վարչական սահմաններում կառուցված ինքնակամ շինություններն օրինականացնելու համար վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի հունվարի 1-ը, քաղաքային բնակավայրերում կառուցվածների համար՝ մինչև 2024 թվականը, իսկ գյուղական բնակավայրերում՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։
«Այսուհետև շատ ավելի խիստ պատիժներ և սանկցիաներ են լինելու այն համայնքների ղեկավարների նկատմամբ, ովքեր չեն իրագործի, չեն իրականացնի տեսչական մարմինների պահանջները՝ կանգնեցնելու այդ ապօրինի շինարարությունները, չեն ապամոնտաժի և չեն ազատի համայնքային և պետական հողերն այդպիսի զավթումներից։ Եթե ժամանակին այդ ապօրինի շինարարությունների դեպքում դատարան վիճարկելն ավտոմատ կասեցնում էր վարչական մարմնի գործողությունները, ապա այս դեպքում դա արդեն ավտոմատ չի լինելու, և միայն դատարանի հատու որոշումով կարող է կասեցվել վարչարարությունը»,- ընդգծեց Անդրեասյանը։
Նիկոլ Փաշինյանը անհամաձայնություն հայտնեց առաջարկվող փոփոխությանը, ասելով, որ դրանով խթանում են ապօրինի շինարարությունը․
«Հիմա այս հայտարարությունն արեցինք, հիմա արդեն որոշ տեղերում, որոշ մարդիկ բահերը վերցրել են, այ հենց հիմա և գնում են․․․ Դուք մոռացե՞լ եք՝ ընտրությունների գիշերն ինչ էր տեղի ունեցել Երևան քաղաքում։ Ես համաձայն չեմ այդ մոտեցման հետ, մենք ամեն անգամ ուզում ենք այս հարցը փակել, հետո նորից ճանապարհ ենք բացում։ Մի գիշերվա մեջ Աջափնյակի կեսը խանութ էին սարքել․․․ Կներեք, բայց այս 4 ամսվա մեջ կարելի է 10 հարկանի շենք կառուցել 100 հատ, փաստորեն, մենք հիմա մեր քննարկումով խթանում ենք, որ բոլորը հիմա ամեն ինչ թողնեն, գնան ապօրինի շինարարություն անեն․․․ Չի՛ կարելի նման բան անել, հետևաբար՝ լուծումը գտեք»։
Արդարադատության նախարարն արձագանքելով Փաշինյանի բարձրացրած մտահոգություններին՝ ասաց, որ տարբեր լուծումներ են փորձել գտնել, և եթե կրկին քննարկումների վրա ժամանակ կորցնեն, ավելի վտանգավոր է լինելու, ապա խնդրեց, որ հնարավորինս հրատապ կարգով օրենքն ուժի մեջ մտնի․
«Եթե այսօրվա դրած ժամկետներով անենք, առաջիկա օրերին քաղաքական մեծամասնության աջակցությամբ սա հասցնենք Ազգային ժողով և լուծում տալ, շատ ավելի շուտ կլինի այս օրենքի ուժի մեջ մտնելը, քան, նույնիսկ եթե ժամկետ նշեինք հունվարի 1-ին»։
Նախարարի այս տեսակետը ընդունելի համարեց Փաշինյանը, միևնույն ժամանակ առաջարկեց.
«Եկեք հետևյալն անենք, անհետաձգելի ճանաչենք օրենքի նախագիծը։ Ազգային ժողովի մեր գործընկերները ներգրավված են եղել այդ քննարկումներին, խնդրենք արտահերթ նիստ հրավիրեն, արագացված ընթացակարգով այս օրենքն ընդունեն․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում