Կհրաժարվե՞ք պաշտոնից՝ «Զանգեզուրի միջանցքը» չտալու դիմաց. Ղազինյանի հարցը Փաշինյանը թողեց անպատասխան
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն անդրադարձավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությանը, մասնավորապես կոմունիկացիաների ապաշրջափակմանը։ Ընդդիմադիր պատգամավորի դիտարկմամբ՝ այս գործընթացում կարևոր անվտանգային նշանակություն ունի, այսպես կոչված, միջանցքի կամ միջանցքային տրամաբանությունը։
«Որպեսզի ամեն ինչ պարզ լինի, նախ ուզում եմ վերահաստատել այն, ինչ որ լսել եմ ձեզնից, որ միջանցք չի լինելու։ Որպեսզի մենք կարողանանք ընկալել, թե ինչ է միջանցքը ձեր ընկալումով, որ չի լինելու, ուզում եմ բերել 4 հիմնական բաղադրիչներ, որոնց առկայությունը մեզ, մեր ժողովրդին, ձեզ, միջազգային հանրությանը կհամոզի, որ դուք հաստատակամ եք ձեր դիրքորոշման մեջ առ այն, որ Հայաստանի տարածքով միջանցք չի լինելու։ Առաջին բաղադրիչը՝ սահմանին կանգնելու են ՀՀ սահմանապահները, երկրորդ՝ այդ ճանապարհով Հայաստան մուտք գործող ապրանքների և բեռների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելու են ՀՀ մաքսային ծառայությունները, երրորդ՝ այդ ճանապարհին տեղի ունեցած պատահարները, միջադեպերը հետաքննելու են ՀՀ իրավապահ մարմինները, և չորրորդ՝ բոլոր տեսակի կոմունիկացիաները կառուցվելու են ՀՀ պետական բյուջեի միջոցներից։ Այս 4 բաղադրիչի առկայությունը երաշխավորում է միջանցքի բացակայությունը։ Հարցս ուղղում եմ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի այս ամբիոնից հրապարակավ հաստատի այն, որ այս 4 բաղադրիչը առկա են լինելու բանակցվող և ստորագրվելիք միջազգային փաստաթղթում»,- ասաց Արթուր Ղազինյանը։
Փաշինյանն արձագանքելով Ղազինյանին՝ ասաց, որ եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվեն, ապա պետք է նկատել, որ Հայաստան-Իրան սահմանին կանգնած են ոչ ՀՀ սահմանապահները․
«Հետևաբար՝ Իրանի Իսլամական Հնարապետությունից դեպի Հայաստան եկող ճանապարհը միջա՞նցք է, թե՞ միջանցք չի։ Մնացած կետերով համաձայն եմ, որովհետև ակնհայտ բաներ եք ասում, և ինչ արձանագրված է ԱԳՆ-ի նախորդ օրը հրապարակված հայտարարության մեջ․․․»։
Արթուր Ղազինյանը ևս մեկ կարևոր թեմայի անդրադարձավ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», ասելով, որ այն ունի աշխարհաքաղաքական նշանակություն, խիստ վտանգավոր է ՀՀ-ի համար և ենթադրելի է, որ այդ իմաստով կարող են լինել սպառնալիքներ և ճնշումներ, որովհետև այն թուրքական աշխարհը միավորող պորտալարի դեր պետք է կատարի, ապա հարց ուղղեց Փաշինյանին․
«Ինձ համար հետաքրքիր է, եթե ճնշումները հասնեն այն աստիճանի, որ այլևս հնարավոր չլինի բանակցություններով խնդիրը կարգավորել, և պատերազմի սպառնալիք լինի, դուք գիտակցելով պահի լրջությունը, անվտանգային նշանակությունը, պատրաստ կլինե՞ք հրաժարվել ձեր պաշտոնից, հետաձգելու կամ թույլ չտալու պատերազմը»։
Փաշինյանը խուսափեց հարցին ուղիղ պատասխանել, փոխարենն ասաց․
«Ես նախ ուզում եմ իմանալ, թե դուք ով եք և ում եք ներկայացնում այս դահլիճում, երբ խոսում եք ադրբեջանական տերմինաբանությամբ․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում