ՀՀԿ-ի հաղթանակն ու Կարեն Սարուխանյանի պաշտոնանկությունը
Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններից հետո իր պաշտոնին հրաժեշտ տվեց Արտակարգ իրավիճակների փոխնախարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ, մարզի բոլոր կադրային նշանակումների կնքահայր Կարեն Սարուխանյանը:
Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին նաև Շիրակի մարզի մի շարք համայնքերում, այդ թվում՝ Արթիկ, Ախուրյան, Ամասիա խոշորացված համայնքներում:
Եվ թեպետ ընտրություններից հետո Շիրակի ՔՊ-ական մարզպետ Նազելի Բաղդասարյանը գրառում կատարեց և հայտնեց, որ «Շիրակի մարզի Աշոցք, Ախուրյան, Ամասիա խոշորացված համայնքներում քվեարկության նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունն առաջին տեղում է…», իրականում ամեն ինչ այդքան «վարդագույն» չէ, ու շատ համայնքներում հաջորդ տեղերը զբաղեցրած ուժերը չցանկացան կոալիցիա կազմել ՔՊ-ի հետ:
168.am-ի տեղեկություններով՝ հենց Ամասիայի արդյունքներն էլ դարձել են Կարեն Սարուխանյանի պաշտոնանկության պատճառը: Վերջինս հենց Ամասիայի տարածաշրջանից է, և ըստ ամենայնի ինքն էլ պատասխանատու է եղել այդ արդյունքների համար:
Ավելի վաղ մենք գրել էինք, որ Ամասիայի պարագայում ևս ամեն ինչ մշուշոտ է… Նախնական տվյալներով՝ ՔՊ-ն ստացել է 1213 ձայն կամ 38.84 %, գործող համայնքապետի «Արփի Ամասիա» դաշինքը՝ 1198 ձայն կամ 38.27 %, ՀՀԿ-ն՝ 717 ձայն կամ 22.89 %… Ըստ էության, այո, ՔՊ-ն առաջատար է, բայց ոչ հաղթանակած, և չի կարելի բացառել, որ նրանց հետ մրցապայքարի մեջ մտած ուժերը կարող են միավորվել և կոալիցիա ձևավորել… Այսինքն՝ ընդամենը 0.6 % ավելի ձայն էր հավաքել ՔՊ-ն, ու պարզ էր, որ առանց կոալիցիայի Ամասիայի կառավարումը ստանձնել չէր կարող:
«Արփի Ամասիա» դաշինքի ղեկավարը Ջեմմա Հարությունյանն է, ով, ի դեպ, panorama.am-ի հետ զրույցում ասել էր, որ իր համար նման արդյունքը սպասելի չէր, մտածում էր՝ ավելի շատ քվե կարող էր ստանալ։
«Սպասելի չէր, բայց դե Ջավախքի ժողովուրդը հարյուր տարի է, այստեղ գրանցված է, տարին մեկ անգամ գալիս են ընտրության։ Այնտեղից մարդկանց մեքենաներով բերել են ընտրության»,- ասել էր Հարությունյանը՝ չհստակեցնելով, թե ո՞վ է բերել։
Ջեմմա Հարությունյանի ընտանիքին է պատկանում «Բանդիվան կաթ» կաթնամթերքի ընկերությունը: Բավականին կարողության տեր ընտանիք է: Ըստ Ամասիայում տարածված տեղեկությունների՝ մասնաբաժիններ ունեն տարբեր բիզնեսներում, ինչպես նաև նորակառույց շենք Երևանի կենտրոնում: 2018թ. իշխանափոխությունից հետո նաև Ջեմմա Հարությունյանի ընտանիքն ընկավ Նիկոլ Փաշինյանի մուրճի տակ. փակեցին «Բանդիվան կաթը» որոշ ժամանակ, տոտալ հակագովազդ էր կազմակերպվում ընկերության վերաբերյալ:
Ակնկալվում էր, որ «Արփի Ամասիա» դաշինքն ավելի շուտ կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի, քան ՔՊ-ի հետ, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ժամանակին ՀՀԿ ցուցակը գլխավորող Արթուր Մկրտումյանը եղել է Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի օգնականը:
Մեր տեղեկություններով՝ հատկապես հենց Ամասիա գյուղում ՀՀԿ-ի հավաքած ձայների քանակը հունից հանել է իշխող ուժի ղեկավար կազմին, և հենց դա էլ դարձել է վերջին կաթիլը, ու ԱԻՆ փոխնախարար Կարեն Սարուխանյանին պաշտոնանկ են արել:
Մեզ ասացին՝ ընտրություններին մոտ 900 մարդ է մասնակցել. և առաջին տեղը զբաղեցրել է ՀՀԿ-ն: ՔՊ-ն աղետալիորեն քիչ ձայն է հավաքել:
Ամասիացիների խոսքով՝ վերջինս 10 օրից ավելի եղել է Ամասիայում, քարոզարշավ արել, սակայն արդյունքը ըստ էության հաղթական չի եղել:
ՔՊ-ի թեկնածուն արմատներով Ջավախքից է: Ջավախքի հայության մի ստվար զանգված ունի նաև ՀՀ անձնագիր, և նրանք բոլորը գրանցված են Ամասիայի տարածաշրջանի գյուղերում:
Հենց այս մարդկանց մասին էր ասում Ջեմմա Հարությունյանը, երբ նշում էր, որ Ջավախքից մարդիկ են եկել ու քվեարկել: Մեր տեղեկություններով՝ մոտ 300 հոգի Ջավախքից քվեարկել է Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի օգտին:
Եվ ահա այսօր, ըստ մեր ստացած հավաստի տեղեկությունների՝ Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո «Արփի Ամասիա» դաշինքը (38,27%) և ՀՀԿ-ն (22,89%) ձևավորում են կոալիցիա:
Արդյունքում՝ 38,84% ստացած ՔՊ-ն դառնում է ընդդիմություն:
Հիշեցնենք, որ Ախուրյան խոշորացված համայնքում ևս ընդդիմադիրներն են ձևավորելու իշխանությունը, իսկ ՔՊ-ն հանդես կգա որպես ընդդիմություն: