Նազելի Բաղդասարյանի երազն ու իրականությունը
Դեկտեմբերի 5-ին Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ տեղի ունեցան նաև Շիրակի մարզի մի շարք համայնքներում:
Ընտրություններից որոշ ժամանակ անց Շիրակի ՔՊ-ական մարզպետ Նազելի Բաղդասարյանը գրառում կատարեց և հայտնեց, որ «Շիրակի մարզի Աշոցք, Ախուրյան, Ամասիա խոշորացված համայնքներում քվեարկության նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունն առաջին տեղում է»…
Մարզպետի գրառումը կամ մանիպուլյացիա է, կամ էլ ինքնախաբեություն, քանի որ մարզպետն ինքն էլ գիտի, որ առաջատար լինելը դեռ չի նշանակում հաղթանակ տանել… Այո՛, Աշոցքում Նիկոլ Փաշինյանի կուսակցությունն առաջատար է և հաղթանակ են տարել… Սակայն Ախուրյանում և Ամասիայում նրանց առաջատար լինելը դեռ չի նշանակում հաղթանակ տանել:
Այսպես՝ Ախուրյանում երկու դաշնակցականների՝ Ախուրյանի և Մարմաշենի գործող համայնքապետերի կողմից ձևավորված երկու դաշինքները, համապատասխանաբար՝ «Ախուրյան» և «Հաղթանակ» դաշինքները, միասին ստացել են 6642 ձայն, իսկ ՔՊ-ականները՝ 6217 ձայն, որը 425-ով պակաս է ընդդիմադիրների հավաքած ձայներից, և ուղղակի իրատեսական չէ պատկերացնել, որ երկու դաշնակցականները իրար չեն միանա և չեն ձևավորի կոալիցիա, ու նրանցից ինչ-որ մեկը կոալիցիա կկազմի իշխող կուսակցության հետ…
Ամասիայի պարագայում ևս ամեն ինչ մշուշոտ է… Նախնական տվյալներով՝ ՔՊ-ն ստացել է 1213, գործող համայնքապետի «Արփի Ամասիա» դաշինքը՝ 1198, ՀՀԿ-ն՝ 717 ձայն… Ըստ էության, այո, ՔՊ-ն առաջատար է, բայց ոչ հաղթանակած, և չի կարելի բացառել, որ նրանց հետ մրցապայքարի մեջ մտած ուժերը կարող են միավորվել և կոալիցիա ձևավորել…
Ի դեպ, շատ հետաքրքիր տվյալներ հենց Ամասիա գյուղից են ստացվել. ՀՀԿ-ն առաջատարն է եղել, երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է գործող համայնքապետի քաղաքական ուժը, իսկ ՔՊ-ականները ստացել են ընդամենը 77 ձայն:
Երբ Նազելի Բաղդասարյանին մարզպետ էին նշանակում, 168.am-ը գրել էր, որ վերջինիս համար ծանր փորձություն են լինելու առաջիկա ընտրությունները և հատկապես՝ Ախուրյան խոշորացված համայնքում կայանալիք ընտրությունները, որտեղ, անշուշտ, լուրջ խնդիրներ կունենա։ 28 գյուղ միացված է Ախուրյան համայնքի մեջ, և, փաստորեն, այդ պատասխանատվությունը ևս մնում է Նազելի Բաղդասարյանի ուսերին։
Ըստ ամենայնի՝ Նազելի Բաղդասարյանի անհանգիստ օրերը դեռ անցյալում չեն: