«Ուսապարկերի ժամանակաշրջանն ավարտվել է. բազմաթիվ ուսապարկեր իրենց վրա գրեցին՝ ՔՊ, և դա նրանց չօգնեց». Արմեն Բաղդասարյան

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանին առանձնապես չեն հետաքրքրում ՏԻՄ ընտրությունների արդյունքները. նրան հետաքրքրում են ՏԻՄ ընտրությունների որակը և միտումները:

«Ընտրությունների որակը ցույց տվեց, որ ճիշտ էին բոլոր այն կանխատեսումները, որ ինչքան իշխող կուսակցության վարկանիշը նվազի, այնքան ավելի ակտիվորեն են օգտագործելու ընտրակեղծիքների մեխանիզմները, և այդպես էլ եղավ: Երկրորդ կարևոր միտումն այն էր, որ, հիշում եք՝ ժամանակին մի պատգամավոր ասում էր, որ եթե անգամ Նիկոլ Փաշինյանի ուսապարկը դնի իր թեկնածությունը, նա կհաղթի, ինչ-որ առումով այդտեղ ճշմարտություն կար: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ, պայմանական ասած՝ ուսապարկերի ժամանակաշրջանը ավարտվել է, որովհետև բազմաթիվ ուսապարկեր իրենց վրա գրեցին՝ ՔՊ, և դա նրանց չօգնեց»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով 36 խոշորացված համայնքից Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող է համայնքապետ ունենալ 15-ում՝ Վաղարշապատ, Արտաշատ, Մեծամոր, Արմավիր, Բաղրամյան, Աշտարակ, Մարտունի, Սպիտակ, Ծաղկաձոր, Հրազդան, Աշոցք, Ջերմուկ, Գառնի, Խոյ, Փամբակ:

Մյուս 21 համայնքում (Մասիս, Ապարան, Գավառ, Վարդենիս, Վանաձոր, Նաիրի, Նոր Հաճն, Աբովյան, Ամասիա, Ախուրյան, Եղեգնաձոր, Վայք, Նոյեմբերյան, Փարաքար, Վեդի, Արարատ, Արաքս, Թումանյան, Սևան, Թալին, Արթիկ) ընդդիմադիր և ոչ իշխանական ուժերը միայնակ կամ կոալիցիաներ կազմելով՝ կարող են ձևավորել տեղական իշխանություն։

Վերլուծաբանը չի կարծում, որ եթե Նիկոլ Փաշինյանը մասնակցեր քարոզարշավին, այլ արդյունք կլիներ. «ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանն է, որովհետև համայնքներից շատերը անգամ չգիտեին, թե ինչ է նշանակում՝ ՔՊ, միայն գիտեին, որ դա Նիկոլի կուսակցությունն է»:

Նիկոլ Փաշինյանի վաղեմի երազանքն ի կատար է ածվել՝ ՏԻՄ ընտրություններից հետո նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հասկանում է տեսակետը, թե ավելի լավ է ընտրությունները կեղծվեին, բայց անվտանգության ավելի բարձր մակարդակ ունենայինք, բայց իր համոզմունքը եղել է, կա և կլինի, որ հենց ընտրությունների կեղծման երկարամյա պրակտիկան է քայքայել 90-ականների սկզբին ձևավորվող պետական դիմակայունության համակարգը և շղթայական ռեակցիաներով հանգեցրել անվտանգային աղետների:

Փաշինյանի այս գրառման վերաբերյալ Արմեն Բաղդասարյանը հետևյալն ասաց. «Փաստորեն, ինքը հասկանում է, որ ընտրություններ կեղծելը վտանգում է երկիրը, և դա գիտակցելով հանդերձ՝ այդ կեղծիքների համակարգը շատ լավ օգտագործում է: Ընդ որում՝ նույն մեթոդներով, նույն մարդկանց միջոցով, նույն մեխանիզմներով, որոնք կիրառվել են իրենից առաջ շատ երկար ժամանակ: Այսինքն՝ հասկանալով հանդերձ, որ դա անվտանգային առումով լուրջ խնդիրներ է առաջացնելու, միևնույն է՝ անում է դա, որովհետև իր համար առաջնայինն իր անվտանգությունն է, և ոչ՝ պետության, ցավոք սրտի»:

Հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված, որ քաղաքացիները հիմնականում ընտրեցին անվանական դաշինքներին, կարծիքներ կան, որ եթե համապետական ընտրություններին էլ չլինեին, այսպես ասած՝ նախկինները, Փաշինյանը դարձյալ պարտություն կկրեր, Դուք համաձա՞յն եք, նա պատասխանեց.

«Ես չեմ կարծում, թե ընդհանրապես ՏԻՄ ընտրություններում քաղաքական բաղադրիչը շատ մեծ է, այդպես չէ: ՏԻՄ ընտրություններում մարդիկ ընտրում են կոնկրետ անձանց, որոնք պետք է լուծեն իրենց կոնկրետ խնդիրները: Այդտեղ քաղաքական բաղադրիչ ընդհանրապես չկա, որովհետև այս ընտրությունների ժամանակ հաղթած թեկնածուներ կան, որոնք կհաղթեին՝ անկախ նրանից, թե որ կուսակցության ցուցակով են առաջադրվելու: Այս դեպքում «հեղինակություն ունեցող» գործիչներն իրենք էին ընտրում, թե որ կուսակցության ցուցակով գնան, և կուսակցություններն էլ իրենց հերթին փորձում էին որսալ այդ հեղինակություն ունեցող մարդկանց, որպեսզի նրանց մտցնեին իրենց ցուցակները: Այսինքն՝ այստեղ անձինք էին կարևոր, և ոչ թե՝ քաղաքական ուժերը, դրա համար էլ ասում եմ, որ այստեղ քաղաքական բաղադրիչ առանձնապես չկար: Իմիջիայլոց, նաև պատճառներից մեկն էլ դա էր, որ համապետական ընտրությունների արդյունքներից ՏԻՄ ընտրությունների արդյունքները տարբերվում են: Երկրորդ պատճառը երևի այն էր, որ բանակը չէր մասնակցում այս ընտրություններին, իսկ բանակը ցանկացած իշխանության կարևոր ռեսուրսներից մեկն է՝ ընտրությունների ժամանակ»:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Ալիևի վերջին հայտարարությանը՝ Արմեն Բաղդասարյանն ասաց. «Երբ Ալիևն ասում է՝ թող նշեն կոնկրետ օրը, ենթադրվում է, որ միջանցքի խոստում տվել են, պարզապես ձգձգում են: Որովհետև, եթե հայկական կողմն ասում է, որ միջանցքային տրամաբանություն չկա, ինչպե՞ս կարելի էր նշել կոնկրետ օրը մի բանի, որը գոյություն չունի և որի վերաբերյալ համաձայնություն չկա: Ուրեմն՝ ես կարող եմ ենթադրել, որ միջանցք տրամադրելու բանավոր խոստում է եղել, և նրանք հիմա փորձում են այնպես անել, որ հայկական կողմը դա չձգձգի․․․ Ալիևը բացահայտ նոր պատերազմի սպառնալիքով է խոսում և, մտավախություն կա, որ ՀՀ իշխանությունները կարող են դա օգտագործել ներքաղաքական նպատակներով և, այո, միջանցք տալ՝ ինչ-որ ձևակերպումներով, դա արդարացնելով նրանով, որ՝ եթե մենք դա չանեինք, կլիներ պատերազմ՝ անկանխատեսելի հետևանքներով»:

Հիշեցնենք, որ Ալիևը դարձյալ անդրադարձել է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքին: «Թող մեզ ասեն օրը՝ երբ կբացվի Զանգեզուրի միջանցքը, և այդ ժամանակ ոչ մի խնդիր չի լինի։ Կարծում եմ՝ և Հայաստանի ղեկավարությունը, և հասարակությունը, և Հայաստանի բնակչությունը պետք է հասկանան դա։ Մենք հասանք, հասնում ենք և կհասնենք մեր ուզածին։ Լավ կլիներ, որ այդ հարցը կարգավորվեր կառուցողական բանակցությունների և փոխըմբռնման ճանապարհով»,- մասնավորապես ասել է Ալիևը:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս