Ապօրինի գույքը, Սրբուհի Գալյանի ամուսնու ունեցվածքը, դատավորների բոյկոտը

2020թ. ապրիլի 16-ին Ազգային ժողովն (ԱԺ) ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի հետ կապված հարաբերությունները, սահմանում է ուսումնասիրություն սկսելու հիմքերը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ հարուցելու և ուսումնասիրություն իրականացնելու իրավասու մարմինների շրջանակը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման առնչությամբ միջազգային համագործակցության կանոնները, ինչպես նաև կարգավորում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված այլ հարաբերություններ:

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝ գույք, ապօրինի ծագում ունեցող գույք, օրինական եկամուտ, սույն օրենքով նախատեսված հանցագործություն, անձին պատկանող գույք, իրական շահառուփոխկապակցված անձ, փոխկապակցված իրավաբանական անձ, մերձավոր ազգական, ընտանիքի անդամ, պաշտոնատար անձ, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ, հայց հարուցելու հիմքերի ուսումնասիրություն, իրավասու մարմին, շահագրգիռ անձ, առաջին ատյանի դատարան:

Օրենքի ընդունումից հետո՝ 2020թ. նոյեմբերի 14-ին, Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտի գործարկման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Վերջինս այդ խորհրդակցության ընթացքում կարևորել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի արդյունավետ իրականացումն ու այս հարցում ընդգծել համապատասխան մարմինների հետևողական համագործակցության կարևորությունը:

Այս տարվա սեպտեմբերի 17-ին արդեն ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2020 թվականի սեպտեմբերի 3-ից հետո մեկ տարվա ընթացքում այս ոլորտում ՀՀ դատախազության գործունեության արդյունքները:

Ըստ այդմ՝ հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության վերաբերյալ ուսումնասիրություն սկսելու հիմքերը ստուգելու և ստուգման արդյունքներով համապատասխան որոշումներ կայացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը (այսուհետ՝ Վարչություն) դատախազության այլ ստորաբաժանումներից ստացված տվյալների, 1 դատավճռի և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալների վերաբերյալ 3 նյութերի հիման վրա նշված ժամանակահատվածում սկսել և միաժամանակ շարունակում է 247 անձի գույքի ուսումնասիրություն:

«Վերոնշյալ միջոցառումների արդյունքներով ստացված պատասխանների հիման վրա իրականացվում են համապատասխան անձանց օրինական եկամուտների, կատարված ծախսերի և ձեռք բերված գույքերի համադրմանն ուղղված տնտեսագիտական հաշվարկներ և իրավական վերլուծություններ:

Մի շարք ուսումնասիրությունների շրջանակներում երեք տասնյակ դիմումներ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ բանկային, վարկային, ապահովագրական, առևտրային և/կամ նոտարական գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու նպատակով, որոնք բավարարվել են»,- նշված էր դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Հավելել էին նաև, որ թվով տասը ուսումնասիրության շրջանակում ներկայացվել են նաև հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին դիմումներ, որոնք արդեն իսկ բավարարվել են: Այդ որոշումներն ուղարկվել են հարկադիր կատարման, և համապատասխան անձանց գույքի/գույքերի վրա դրվել է արգելանք:

Նշված ժամանակահատվածում ավարտված 10 ուսումնասիրություններով բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 90 անշարժ և 19 շարժական գույք, 21 ընկերություններում մասնակցություններ, ինչպես նաև ընդհանուր հաշվարկով 21,721,395,028 ՀՀ դրամի չափով գումար:

Հոկտեմբերի 18-ին արդեն Գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ:

Իրավասու մարմինը պահանջ է ներկայացրել դատարանին

Սերոբ Ռազմիկի Հարությունյանից և Անուշ Արարատի Անտոնյանից բռնագանձել Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանը, անհնարինության դեպքում՝ գույքի միջին շուկայական արժեքը՝ 187 միլիոն 250 հազար դրամ, Հյուսիսային պողոտայում գտնվող ավտոկայանատեղին, անհնարինության դեպքում՝ գույքի միջին շուկայական արժեքը՝ 6 միլիոն դրամ, ինչպես նաև նույն վայրում գտնվող ավտոկայանատեղիի 97.6 տոկոսը, անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 5 միլիոն 880 հազար 400 դրամ:

Իրավասու մարմինը պահանջել էր նաև Հարությունյանից բռնագանձել Չեխովի փողոցում գտնվող անշարժ գույքի վարձակալությունից ստացված գումար՝ 8 միլիոն դրամ, «BMW X6 3.5 I» ավտոմեքենայի օտարման և «PORSCHE PANAMERA S 4.8» ավտոմեքենայի ձեռքբերման արժեքների տարբերություն՝ 1.000.000 դրամ, «BMW X6 XDRIVE 3.5 I» ավտոմեքենայի ապօրինի ծագում ունեցող մասի օտարման արժեք՝ 990 հազար դրամ, «Օրանժ գազ» ՍՊ ընկերության բաժնեմասի օտարման արժեքի 50 տոկոսը՝ 215 միլիոն 707 հազար 500 դրամ և 14 միլիոն 361 հազար 672 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով:

Ինչպես նաև պահանջ է ներկայացվել Հարություն Հարությունյանից, որպես Սերոբ Հարությունյանին պատկանող գույքեր՝ բռնագանձել Չեխովի փողոցում գտնվող անշարժ գույքի 40 տոկոսը, անհնարինության դեպքում՝ գույքի միջին շուկայական արժեքը՝ 34 միլիոն 700 հազար դրամ և «PORSCHE PANAMERA S 4.8» մակնիշի ավտոմեքենան, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 11 միլիոն 250 հազար դրամ։

Խոսքը Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, հետագայում՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, ապա ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման և վերահսկման բաժնի պետ Սերոբ Հարությունյանի մասին է, ում գույքի վրա ավելի վաղ՝ հունիսի 17-ին, կալանք էր դրվել:

Հիշեցնենք, որ Սերոբ Հարությունյանը հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեց նախորդ տարի: Hraparak.am-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, նախկին փոխվարչապետ, ավելի վաղ՝ տարածքային կառավարման, իսկ այժմ էլ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դատվածության մասին տեղեկություն էր հրապարակել: ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ՝ Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի տարածելու համար։ Սերոբ Հարությունյանին պաշտոնեական դիրքի չարաշահման համար մեղադրանք էր առաջադրվել, քանի որ նա կասկածվում էր այդ տեղեկությունները հանրայնացնելու համար: Հետագայում քրգործը կարճվեց:

Արդեն երեկ՝ դեկտեմբերի 6-ին, տեղեկացանք՝ Գլխավոր դատախազությունը դիմել է դատարան՝ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ու նրա ընտանիքին պատկանող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Այս պահին դեռևս տեղեկություն չի տրամադրվում, թե ինչ գույքի մասին է խոսքը:

Ապօրինի գույքով խնդրահարույց դատախազը

Ի դեպ, գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանին, ընդամենը 10 ամիս պաշտոնավարելուց հետո, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհվեց:

Երբ Սրբուհի Գալյանին վստահվել էր ապօրինի ծագմամբ գույքի գործերի վերահսկումը, Tert.am-ը ուսումնասիրել էր նրա ու նրա մերձավորների հայտարարագրերը, որոնցից պարզ էր դարձել, որ Գալյանի ամուսինը տարեկան 6 մլն դրամ աշխատավարձ է ստանում, սակայն 1 տարում 323 մլն դրամ արժողությամբ 2 բնակարանի համասեփականատեր է դարձել, այլ անշարժ գույքեր ևս ունի:

Հրապարակումից հետո Սրբուհի Գալյանը իրեն առնչվող հարցերին պարզաբանում չտվեց, Դատախազությունն էլ՝ ընթացք:

Որպես պաշտոնատար անձի ամուսին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին 2019-ի վերաբերյալ իր ներկայացրած հայտարարագրում Սրբուհի Գալյանի ամուսինը՝ Պետրոս Մկրյանը, հայտարարագրել է բնակարան, ավտոտնակ և հողամաս Կենտրոնում, որոնց միանձնյա սեփականատերն է, մեկ բնակարանի համատեղ սեփականատեր էլ է՝ կրկին Կենտրոն համայնքում: Թե երբ են կատարվել այս գնումները, թվականները հայտարարագրում նշված չէ, բայց բոլորը գնումներ են:

2019-ին Սրբուհի Գալյանի ամուսինը Վերին Անտառային փողոցի նորակառույց շենքերում երկու բնակարանի համատեղ սեփականատեր է դարձել. երկու բնակարան են գնել, որոնցից մեկի արժեքը 206 մլն դրամ է, մյուսի արժեքը՝ 117 մլն դրամ:

Հանձնած և ստացած փոխառությունների թիվը կազմում է 800 մլն դրամ՝ տարվա սկզբին, տարվա ավարտին կազմել է 422 մլն դրամ: Բանկային հաշիվներին դրամական միջոցները կազմում են 19 հազար դրամ ու 120 հազար դոլար: Կանխիկ ունի 2000 դոլար և 2 մլն 400 հզր դրամ:

Ինչ վերաբերում է 2020 թվականի տարեկան հայտարարագրին, ապա Սրբուհի Գալյանը 1.5 մլն դրամ փոխառություն ունի, մոտ 15 մլն աշխատավարձ ու եկամուտ է ստացել ԱՆ-ից, Դատախազությունից, Ֆինանսների նախարարությունից, ԵՊՀ-ից:

Գալյանի ամուսնու՝ Պետրոս Մկրյանի հայտարարագիրը բավականին խնամված ու պաշտպանված է կազմվել, գնումների տարեթվերը պաշտպանված տվյալ է համարել Կոռուպցիայի կանխարգելման մարմինը, միայն հայտնի է դառնում, որ 124 մլն դրամ եկամուտ է ստացել բնակարաններից մեկի վաճառքից:

Ինչևէ, արձանագրվում է, որ 6 միլիոն դրամ աշխատավարձով կարող ես Վերին Անտառային փողոցում բնակարաններ գնել և այդ գույքը ապօրինի ծագում ունենալու վերաբերյալ անգամ հիմնավոր կասկած չառաջացնի դատախազության մոտ:

Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ 2020-ի 44-օրյա պատերազմի օրերին Սրբուհի Գալյանի նստավայրի ու ծառայողական մեքենայի համար ավելի քան 60 մլն դրամ է ծախսվել:

Այսինքն՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի մերձավորին առնչվող ունեցվածքի մասով Դատախազությունը ոչ միայն անգամ հիմնավոր կասկած չի տեսել, այլև նրան է վստահել այլոց գույքի օրինականությունը ուսումնասիրելու գործառույթը:

Ինչևէ, վերադառնանք արդեն դատարանի վարույթում գտնվող գործերին:

Դատավորները բոյկոտում են թերի օրենքը

168.am-ի տեղեկություններով՝ իշխանությունները լուրջ խնդրի առջև են կանգնած. Դատավորները հրաժարվում են քննել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերը: Իրենց բոյկոտը դատավորները հիմնավորում են այն հանգամանքով, որ օրենքը կատաստրոֆիկ թերի է, և իրենք չեն պատրաստվում անկատար օրենքի հիման վրա կայացրած վճիռներով հետագայում պատասխանատվության առջև կանգնել:

Ի դեպ, այն մասին, որ օրենքը թերի է, խոսում է նաև այն հանգամանքը, որ մեր տեղեկություններով՝ մոտ 1000 հաշիվներ բանկերում արդեն իսկ սառեցվել են, ինչը նշանակում է, որ դեռ դատարանում գործերի քննությունը չսկսած՝ ինչ-որ ռադիկալ գործողություններ են արվում: Քիչ էր բանկային գաղտնիքի մասին տեղեկությունների տիրապետելը, հիմա էլ դեռ վճիռներ չեղած, անգամ միջանկյալ միջոցների մասին որոշում չլինելու պայմաններում՝ մարդկանց բանկային հաշիվներն են սառեցվում:

Հասկանալի է, որ երկիրը ցնցումների չտանելը այս իշխանությունների պլանների մեջ չի մտնում, և դրա մեջ հայ հասարակությունը բազմիցս է համոզվել: Այլապես, փոխանակ ողջ ուժերը կենտրոնացնեին մարդկանց սնանկացնելու համար դատական գործընթացներ սկսելու վրա, կմտածեին այդ մասին, որ այդ թիրախային անձանց տիրապետման ներքո գտնվող ֆինանսական միջոցները պոտենցիալ ներդրումներ են:

Որևէ մեկը չի պնդում, որ Հայաստանում չկան անձինք, ովքեր տիրապետում են ապօրինի գույքի ու ֆինանսական միջոցների: Բայց արդյո՞ք երկրի համար ավելի շահավետ չէ ոչ թե կացնային մեթոդներով անհեռանկար դատական գործընթաց սկսելը, այլ ենթադրյալ «կոռուպցիոներների» հետ պայմանավորվելը ներդրումների վերաբերյալ, ինչպես արել են մի շարք երկրներում:

Պետք է օբյեկտիվ լինել ու ընդունել, որ այդ շրջանակին պատկանող մարդիկ խոշոր գործարարներ են, ովքեր դրսում ունեն կապեր ու հեղինակություն և կարող են ներդրողներ, տարբեր նախագծեր բերել Հայաստան, այդ թվում նաև՝ հենց իրենց իսկ ֆինանսական միջոցների ներգրավմամբ, աշխատատեղեր բացել, հարկեր վճարել, ինչը թույլ կտա շնչել տնտեսությանը:

Եթե անգամ ապօրինի գույքով վարույթները «հաղթական» ավարտ ունենան այս իշխանությունների համար, ի՞նչ են անելու, դեպի ո՞ւր են ուղղելու առգրավված միջոցները, երբ ոչ գիտելիք ունեն, ոչ շնորհք, ոչ գործարար տաղանդ, և ոչ էլ միջազգային համապատասխան կապեր:

Ասվածի վառ ապացույցը «Գոլդեն փելես» ծաղկաձորյան հյուրանոցի ոդիսականն է, որը նրա սեփականատիրոջ՝ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից պետությանը «նվիրաբերվելուց» հետո տառացիորեն քանդվում է:

«Գոլդեն փելեսը» Ծաղկաձորի զբոսաշրջային գոտու ամենալայն պահանջարկ ունեցող հյուրանոցներից էր, համարվում էր լյուքս դասի հյուրանոց, աշխատում էր, ընդունում հյուրեր, վճարում հարկեր… Իսկ հիմա հարց՝ քանի՞ լումայի օգուտ է տվել նշված հյուրանոցը վերջին տարիներին, «պետությանը նվիրաբերվելուց» հետո: Միայն վնաս:

Պետությունը, իսկ ավելի ստույգ՝ այս իշխանությունները չեն կարողանում ըստ պատշաճի շահագործել գույքը, չեն կարողանում վաճառել անգամ: Մեր տեղություններով՝ հյուրանոցի վաճառքի շուկայական արժեքը 14 միլիոն դոլարից (7 150 134 910 դրամ) իջեցրել են մինչև 2.5 միլիոն դոլարի, սակայն գնորդ այդպես էլ չկա ու չկա: Հանուն արդարության Հայաստանի պես երկրում դժվար կլինի գնել որևէ մեկից խլված գույքը, ինչքան էլ որ դա գայթակղիչ կլինի, հասկանալի պատճառներով:

Իսկ մինչ հյուրանոցը որևէ օգուտ չի բերում պետությանը, ավելանում են դրա պահպանման ծախսերը: 6 ամիս առաջվա տվյալներով՝ պետությունը «Գոլդեն փելեսի» պահպանության համար մոտ 100 միլիոն դրամ գումար է ծախսել:

Ամեն դեպքում սպասենք դատավարություններին, եթե, ի վերջո, գտնվեն դատավորներ, ովքեր հանձն կառնեն մարդկանցից գույք խլելու վերաբերյալ վճիռներ կայացնել, իսկ հաջորդ փուլում սպասենք այդ գույքի տնօրինման եղանակների վերաբերյալ տեղեկատվության… Եթե այդպիսին լինի, իհարկե, և եթե դրա արդյունքում մենք ականատես չլինենք սեփականության վերաբաշխման ցցուն օրինակների՝ «բարև Մարդու իրավունքների եվրոպական դատարան» հեռանկարով:

Ի դեպ, իշխանափոխությունից հետո հետաքրքիր գործընթացի ականատես կդառնանք նաև գործող, հեղափոխությամբ եկած իշխանությունների ձեռք բերած գույքերի և ֆինանսական ունեցվածքի բացահայտմամբ: Գործող իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, մինչ հեղափոխությունը անգործ, սոցիալական ծանր վիճակում գտնվելով՝ այսօր հսկայական ունեցվածքի, ֆինանսական հնարավորությունների, բիզնեսների, անշարժ գույքերի տեր են դարձել: Որևէ իշխանություն հավերժ չէ, իսկ հաջորդ իշխանությունը նույնպես մեծ հաճույքով ըստ ամենայնի կկիրառի «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին ՔՊ-ականների ընդունած խայտառակ թերի օրենքը իրենց իսկ՝ ՔՊ-ականների առնչությամբ:

Տեսանյութեր

Լրահոս