Ի՞նչ ձևաչափով կաշխատի Արևմուտքը Փաշինյան-Պուտին-Ալիև եռյակին զուգահեռ

44-օրյա պատերազմից մեկ տարի անց էլ չի հաջողվում հստակեցնել ԼՂ հակամարտության բուն քաղաքական կարգավորման ձևաչափը: Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափը, թերևս, հետպատերազմյան միակ ֆորմատն է, որով հանդիպումներն ունեն հստակ օրակարգ և տրամաբանություն, որքան էլ դրանք ՀՀ շահերից չեն բխում, քանի որ այդ ձևաչափով հետաքրքրված են հատկապես Ադրբեջանն ու Ռուսաստանը:

Հայաստանը եռյակից միակն է, որը ժամանակ առ ժամանակ հիշում է ԵԱՀԿ ՄԽ-ն վերականգնելու և Արցախի կարգավիճակի հարցը քննարկելու անհրաժեշտության մասին: Թեև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գտնում է, որ այդ ձևաչափում առաջին հերթին պետք է քննարկվեն հումանիտար բնույթի հարցերը: Ի դեպ, սա է նաև ՌԴ ԱԳՆ դիրքորոշումն ու պատկերացումը ԵԱՀԿ ՄԽ օրակարգի շուրջ:

Այնուամենայնիվ, օրերս Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակում նախատեսվող Միրզոյան-Բայրամով հանդիպման տապալման և չկայացման փաստը մտահոգել է ԵԱՀԿ Մինսկի խմբին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ռուսաստանցի Իգոր Խովաևը, ամերիկացի Էնդրյու Շեֆերը և ֆրանսիացի Բրիս Ռոքֆեյը հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների չկայացած հանդիպմանը։ Նրանք մասնավորապես նշել են. «Համանախագահները Ստոկհոլմում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի շրջանակներում դեկտեմբերի 1-ին հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, իսկ դեկտեմբերի 2-ին՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեհուն Բայրամովի հետ։ Համանախագահները հանդիպել են նաև ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հետ։ Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Համանախագահները ցավում են, որ հնարավոր չի եղել Ստոկհոլմում իրենց հովանու ներքո անցկացնել հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև։ Նրանք պատրաստակամություն են հայտնում նման հանդիպում կազմակերպել, երբ հանգամանքները թույլ տան, շարունակելու սեպտեմբերին Նյու Յորքում և նոյեմբերին Փարիզում սկսված քննարկումները»։

Հայկական կողմը՝ ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը, ասել էր, որ Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել` հավելելով, որ հայկական կողմը երբեք չի խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում հանդիպումներից։ Իր հերթին՝ ադրբեջանական կողմը նշել էր, թե հանդիպումը չի կայացել, քանի որ Հայաստանից պատգամավորների խումբ է այց կատարել Լեռնային Ղարաբաղ: Սրա հետ մեկտեղ՝ հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն ընդունել են ԵՀ նախագահ Շառլ Միշելի առաջարկը՝ հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք ԱլԳ գագաթնաժողովի շրջանակում: Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից և ընդունված հայտարարությունից հետո, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձավ նաև դեկտեմբերյան բարձրաստիճան հանդիպմանը, ողջունելով ԵՄ նախաձեռնությունը: Սակայն, թե ինչ հարցեր են քննարկվելու այդ հանդիպմանը, դեռ հստակ չէ:

«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ գործընթացներից տեսանելի է՝ կա մրցապայքար ձևաչափերի միջև, կամ կա պայքար հանուն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վերականգնման:

«Այլ հարց է, թե 30 տարի ինչ է արել ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչպես է կարողացել թուլացնել լարվածությունը կողմերի միջև և ինչ կարող է անել ավելի բարդացած ու վտանգավոր իրավիճակում, սակայն խնդիրը ոչ այնքան գործնական աշխատանքն է, որքան աշխարհաքաղաքական նշանակությունը: Արևմուտքը հասկանում է, որ կա՛մ պետք է վերականգնի Մինսկի խումբը, կա՛մ գտնի դրան փոխարինող, որը նման իրավիճակում միայն շատ ավելի բարձրաստիճան միջնորդության ձևաչափն է, ինչպիսին, օրինակ, Շառլ Միշելի, Մակրոնի կամ մեկ այլ պաշտոնյայի միջնորդությունն է: Պարզից էլ պարզ է, որ Արևմուտքի համար ցանկալի է ԵԱՀԿ Մինսկի խմբի վերականգնումը, քանի որ այդ ձևաչափի շրջանակում բազմաթիվ փաստաթղթեր են քննարկվել, խորհրդակցություններ անցել համանախագահ երկրներում, ԵԱՀԿ-ում: Սա հարմար էր նաև հետևյալ տեսանկյունից՝ կա 2 դիվանագետ համանախագահ արևմտյան երկրներից, որոնք արտահայտում են ողջ Արևմուտքի դիրքորոշումը: Պատերազմի հետևանքով այն տապալվել է, քանի որ նախ չի կարողացել ունենալ քաղաքական այն ազդեցությունը, որը հարկավոր է, մերժվել է Ադրբեջանի կողմից, և մինչ այսօր էլ, կարծում եմ, գլխավոր խնդիրը Ադրբեջանն է հարուցում: Եվ գլխավորը՝ ձևաչափում որևէ փոփոխություն չի արվել, և գործընթացի ներկայիս անհաջողությունը ցույց է տալիս, որ մոտեցումներ չեն փոխվել: Միակ փոփոխությունը, թերևս, այն է, որ կան բարձրաստիճան միջնորդություններ»,- ասաց Մալաշենկոն՝ կանխատեսելով, որ Արևմուտքի ազդեցությունը բանակցային գործընթացի վրա կարտահայտվի բարձրաստիճան նախաձեռնություններով, քանի որ գործնական ԵԱՀԿ ՄԽ-ն որևէ հարց չի կարողանում լուծել:

Նրա որակմամբ, եթե պարզ իրողություններն ավելի վաղ գիտակցված լինեին, ավելի շատ ժամանակ կարելի էր խնայել:

Մեզ հետ զրույցում վրացի կովկասագետ Իրակլի Մենագարիշվիլին ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վերականգնմանը մեծապես խոչընդոտում է Ռուսաստանը: Ըստ նրա, Ռուսաստանը հստակ մոտեցում ունի և դա կարողանում է առաջ տանել:

«Ռուսաստանի ազդեցության կողքին որևէ այլ կենտրոն չի կարողանում արդյունավետ գործընթացներ իրականացնել, և դա հասկանալի է: Ինչպես տեսնում եք, Արևմուտքը փորձում է տարբեր եղանակներով՝ և՛ Մինսկի խումբն են ակտիվացնում, և՛ Վրաստանին են առաջարկում զբաղվել նաև միջնորդությամբ, և՛ առանձին ԵՄ-ն է հանդես գալիս, ինչպես նաև Ֆրանսիան ու ԱՄՆ-ը, որոնք պետքարտուղարների մակարդակով զբաղվում են խնդրով: Բայց իրավիճակը՝ խաղաղությունը տարածաշրջանում հաստատուն չէ, ավելին՝ փխրուն է, Արևմուտքի հետ Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքական երկխոսությունը թույլ է, պաշտպանական ոլորտում համագործակցություն չկա: Սրանք բոլորը մեծ գործոններ են: ԵԱՀԿ ՄԽ-ից չպետք է ակնկալիքներ ունենալ, քանի որ այդ շրջանակում որևէ լուրջ հարց չի կարող քննարկվել, այն շատ թույլ արդյունքներ է ցույց տալու նույնիսկ աշխատելու դեպքում: Սակայն այնպես չէ, որ Արևմուտքը համակերպվում է այդ իրողության հետ, Բրյուսելում կայանալիք հանդիպումը դրա ապացույցն է:

Շառլ Միշելն առանցքային գործիչ է, կարևոր նախաձեռնություններ է իրականացրել Վրաստանում և կարծես կփորձի որոշակի դերակատարություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բրյուսելում կայանալիք հանդիպման օրակարգի մասին խոսելը բարդ է, քանի որ պատերազմից հետո Արևմուտքի միջամտությամբ առաջին հանդիպումն է տեղի ունենալու, դրանից ակնկալիքներ ունի նաև Բրյուսելը, ցանկանում է որոշակի թեմաներ ստանալ, որոնց շրջանակում կարող է կողմերի հետ աշխատել: Այդ բոլոր թեմաները ներկայումս համակարգում է Ռուսաստանը, և այս փուլում Արևմուտքը փորձում է գործունեության դաշտ ստանալ»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս