«Մեր համայնքն այն աստիճանի է զարգանում, որ մեզ պետք չէ գնալ ու միանալ ինչ-որ համայնքի, որ զարգանանք». Ծովագյուղի համայնքապետ
Հանրապետությունում երեկ անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների արդյունքներն ամփոփելու ժամանակ մի ուշագրավ փաստ փոթորկեց ողջ համացանցային հայկական տիրույթը: Տեղեկություն տարածվեց, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչները միահամուռ կերպով բոյկոտել են ընտրությունները. Որևէ ընտրող ընտրատեղամաս չէր գնացել ու չէր քվեարկել:
Այսօր news.am-ի հետ զրույցում ծովագյուղցիները միաբերան նշում էին՝ բացառում են, որ իրենց համայնքը միանա այլ համայնքների, դեմ են խոշորացմանը, ու անգամ ստիպողաբար իշխանությունները չեն կարողանալու իրենց համայնքը ներառել Սևան խոշորացված համայնքի կազմում:
Ծովագյուղի բնակիչները, բոլորն անխտիր, գովեստի խոսքեր էին ասում համայնքապետ Վահամ Գևորգյանի հասցեին, թվարկում նրա կատարած գործերը համայնքի համար, շեշտում, որ իրենց համար այս կամ այն դեպքում համայնքի ղեկավար շարունակելու է մնալ Վահրամ Գևորգյանը, իսկ համայնքապետարանի շենք՝ իրենց համայնքապետարանը: Պնդում էին նաև, որ չեն պատրաստվում իրենց բյուջեն կիսել այլ համայնքների հետ:
«Եթե Սևանն ուզում է, թող գա, միանա մեզ, մենք նրանց էլ կպահենք»,- նկատում էին ծովագյուղցիները:
Վահրամ Գևորգյանը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ է, համայնքը ղեկավարում է՝ սկսած 2012թ.-ից:
Ծովագյուղ համայնքի ղեկավար Վահրամ Գևորգյանին հարցրինք՝ արդյո՞ք կարգապահական որևէ պատասխանատվության ենթարկվել է այն բանի համար, որ համայնքը միահամուռ կերպով բոյկոտել է ընտրությունները:
«Ոչ, նման բան չի եղել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վահրամ Գևորգյանը:
Ինչ վերաբերում է իր պաշտոնավարելուն, վերջինս նշեց՝ իր պաշտոնավարման ժամկետը լրացել է, և մարզպետն իրեն նշանակել է որպես համայնքի ժամանակավոր պաշտոնակատար:
Հարցին՝ որքա՞ն ժամանակով, Վահրամ Գևորգյանը պատասխանեց՝ տեղյակ չէ, և թե շարունակությունն ինչ է լինելու, չի էլ պատկերացնում:
«Մեր համայնքն այն աստիճանի է զարգանում, որ մեզ պետք չէ գնալ ու միանալ ինչ-որ համայնքի, որ զարգանանք: Դրա համար դեմ ենք: Շրջեք Գեղարքունիքի մարզի քաղաքներով, գյուղերով, տեսեք՝ 2021թ. այնտեղ կատարված աշխատանքները և Ծովագյուղ համայնքում կատարվածը: Եթե մենք մի բան սխալ ենք ասում, թող մեզ հակառակն ապացուցեն»,- ասաց Ծովագյուղի համայնքապետը:
Հարցրինք նաև՝ կիսո՞ւմ է արդյոք իր համայնքի բնակիչների այն մտավախությունը, որ իրենց զարգացող համայնքի բյուջեն անհամաչափ կբաշխի այլ, անհամեմատ ավելի փոքր բյուջե ունեցող համայնքների միջև:
Մեր հարցին Ծովագյուղի համայնքապետը հարցով պատասխանեց՝ եթե իրական չէ այդ վտանգը, խոշորացման նպատակը ո՞րն է: Պատասխանեցինք, որ խոշորացման նպատակը կարող է լինել քաղաքական նպատակահարմարությունը, ավելի հեշտ կառավարելի համայնքներ ունենալը, որովհետև իշխանություններն այս կերպ գործ կունենան ոչ թե տասնյակ համայնքապետերի, այլ իրենց ենթակա ու իրենց կամքը կատարող մեկ համայնքապետի հետ:
«Ավելի դժվար կառավարելի է լինելու, հետևանքն էլ կտեսնեն բոլորը: Խոշորացումը կառավարելի լինել-չլինելու հետ կապ չունի: Ընդամենը տնտեսելու հարց է»,- ասաց Ծովագյուղի համայնքապետը:
Վերջինս հավելեց նաև, որ խոշորացման արդյունքում Ծովագյուղը կմիավորվի 10 գյուղի և Սևան քաղաքի հետ:
Հ.Գ. Հարցազրույցի ավարտին Վահրամ Գևորգյանը մեր միջոցով լրատվամիջոցներին խնդրեց այլևս այս հարցով կապ չհաստատել իր հետ, ասաց, որ ասվածին ավելացնելու բան չունի: