Անօթևան երեխաներին հատկացված փողն ուղղել են զինվորների պրոթեզավորմանը

Մինչ 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովի աշխատակազմի և պատգամավորների համար հատկացվում է 813 միլիոն դրամ պարգևավճար, մինչ ԱԱԾ-ին հատկացվում է 2.7 միլիարդ դրամ պարգևավճար՝ նախորդ տարվա համեմատ 137 միլիոն դրամով ավելի, մինչ վարչապետի աշխատակազմի պարգևատրումների ֆոնդը 2021 թվականի համեմատ աճում է 8 միլիոն դոլարով՝ կազմելով 756 միլիոն դրամ, այդ նույն վարչապետի պաշտոնավարման ընթացքում սկսված պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած տղաների պրոթեզների հարցը լուծելու համար գումարը հայթայթվում է ՊՈԱԿ-ների ֆինանսավորման նվազեցման հաշվին։

Եվ այսպես՝ հաշմանդամություն ունեցող անձանց պետական հավաստագրերով տրամադրվում են պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ, սակայն 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով հաշմանդամություն ունեցող անձանց թվի մեծացմամբ պայմանավորված` մեծացել է աջակցող միջոցներ ստանալու իրավունք ունեցող անձանց դիմելիությունը, ինչի հետևանքով աջակցող միջոցների համար 2021 թվականի 4-րդ եռամսյակի համար նախատեսված ֆինանսական միջոցները սպառվել են, քանի որ ինը ամսվա փաստացի ծախսը կազմել է 889,319.6 հազար դրամ։

Հիմա քանի որ 2021 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին պետական հավաստագրի հիման վրա աջակցող միջոցներ ստանալու իրավունք ունի 1858 անձ, այժմ նրանց այդ միջոցներով ապահովելու համար անհրաժեշտ է 157 միլիոն 761 հազար դրամ:

Որտեղից է հայթայթել Կառավարությունն անհրաժեշտ միջոցները

Պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած հայորդիների պրոթեզավորման համար անհրաժեշտ գումարը հատկացվել է ոչ թե, օրինակ, Կառավարության պահուստային ֆոնդից, այլ՝ «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» և «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ների միաձուլման արդյունքում տնտեսված գումարներից։

Այսինքն՝ թեև անօթևան երեխաների խնամքի կենտրոնները միավորվել և վերակազմակերպվել են, և 2021 թվականի բյուջեով նախատեսված գումարից տնտեսվել է որոշակի գումար, որը կարելի էր ծախսել անօթևան երեխաների կյանքի որակն ավելի լավը դարձնելու համար, սակայն Կառավարութունը որոշել է այդ խնայված միջոցները չուղղել անօթևան երեխաների խնամքի բարելավմանը, այլ ուղղել հաշմանդամություն ունեցող 1858 անձի՝ պրոթեզավորման ծախսերին։

Ստացվում է՝ պարգևատրումների, Ալեն Սիմոնյանի համար 90 միլիոն դրամով (ԱԺ բյուջեի խնայում է, թե ոչ՝ կարևոր չէ) մեքենա գնելու համար բյուջեում փող կա, իսկ այն գումարը, որն ի սկզբանե նախատեսված է եղել անօթևան երեխաների կարիքների համար, Կառավարությունը տնտեսել և ուղղել  է զինվորների պրոթեզավորմանը։

Տեսանյութեր

Լրահոս