«Եթե 10.000 հոգի հավաքվեր, ուրիշ իրավիճակ կլիներ». Գեղամ Մանուկյան
«Նիկոլը գնալու է, քպ-իզմը գնալու է, գնալուց հետո Անդրեասյան Կարենը հայելու առաջ է կանգնելու, Բադասյան Ռուստամը հայելու առաջ է կանգնելու, ասելու են՝ լա՞վ: Նրանք կիսում են այս քաղաքականությունը և պատասխանատվությունը, բայց մի բան պետք է իմանան՝ վաղը, երբ արդարադատության առաջ կանգնեն, իրենք երանի են տալու, որ իրենց դատավորը լինի ճիշտ այն դատավորը, որի նկատմամբ իրենք ամեն օր հետապնդում են իրականացնում, և փորձը ցույց է տալիս, որ այդ դատավորներն են, որոնք արդարության պահապաններն են, հակառակ դեպքում՝ պատվեր կատարող դատավոր այնքան շատ կա: Մեկն արդեն լեգենդար է՝ Մնացական Մարտիրոսյանը, որը Քոչարյանի ժամանակ էլ է եղել պատվեր կատարող, Սերժ Սարգսյանի ժամանակ էլ, իսկ հիմա պատվերը ուղղակի փաթեթներով է ընդունում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Ինչ վերաբերում է այս իրավիճակում ընդդիմության պասիվությանը, նա նշեց, որ մի քանի օր առաջ կառավարության նիստի օրը կոչ էր արել հավաքվել, բայց ըստ նրա՝ քիչ մարդ է հավաքվել, եթե 10 հազար հոգի հավաքվեր, ուրիշ իրավիճակ կլիներ. «Պայքարը շարունակվում է, օրը մի ձևաչափ է ստանում: Ցանկացած ձևաչափով պայքար՝ ցանկացած հարցի շուրջ՝ այսօր կենսական անհրաժեշտություն է: Նույն ՏԻՄ-երում այսօր ով այս իշխանության դեմ պայքարում է, այդ պայքարի մասն է»:
Նրա խոսքով՝ ընդդիմությունից պետք է ակնկալել, որ համադրված, շատ ավելի արդյունավետ քայլերով ի վերջո հասարակությանը թմբիրից ոտքի կհանեն և կհեռացնեն գործող իշխանությանը. «Այս իշխանությունը ամեն օր քանի մնում է Հայաստանի իշխանության վրա, մենք բզկտվում ենք, զոհեր ենք ունենում, հայրենիքի հողակտորի մի հատված ենք զիջում, մենք այն վտանգված արժեքը, որ ունեցել ենք միջազգային քաղաքական, հասարակական, գիտական հարաբերություններում, այդ ամենից մի նիշ էլ ենք ցածր ընկնում, մենք ուղղակի քամվում ենք՝ որպես երկիր, որպես ժողովուրդ, որպես հասարակություն, որպես պետականություն: Եվ այս իշխանության ամեն օր մնալը պետական, ազգային կառավարման համակարգը ևս մի հարցով փլուզում է»:
Նկատեցինք՝ արձանագրենք, որ այս տարվա սեպտեմբերի 14-ին «Հայաստան» դաշինքի հավաքի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի տված հանձնարարականը դեռ չեն կատարել:
«Ի՞նչ հանձնարարական»,- զարմանքով արձագանքեց Գեղամ Մանուկյանը:
Մեջբերեցինք «Հայաստան» դաշինքի հավաքից հետո դաշինքի կողմից տարածված հաղորդագրության այն հատվածը, որտեղ բառացի ասվում է. ««Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը հանձնարարականներ է տվել մեծացնել հանրային ակտիվությունը երկրի համար բախտորոշ այս շրջանում…»:
Գեղամ Մանուկյանը մեզնից հետաքրքրվեց. «Հա՞, նման բա՞ն է ասել Ռոբերտ Քոչարյանը, Դուք ներկա՞ եք եղել, թե՞ ես չեմ եղել»:
Տարակուսեցինք՝ չի՞ հիշում, որ նման բան է ասվել Երկրորդ նախագահի կողմից:
«Հայաստան» դաշինքի կողմից պաշտոնապես տարածված հաղորդագրությունը Գեղամ Մանուկյանը «ըստ մամուլի գրվածի» համարեց. «Ծիծաղս գալիս է, երեկ մի լրագրող զանգել է, ասում է՝ երեկվա քննարկումը ի՞նչ էր, ասում եմ՝ ֆրակցիայի նիստ էր, բայց հատուկ նոր հանձնարարական… հանձնարարական, առաջին հերթին, ամեն մեկս մենք մեզ ենք տալիս՝ մեր ֆրակցիայի հավաքի ժամանակ, ավելի լայն շրջանակներում, դաշնակցականների դեպքում այդ հանձնարարականների թիվը շատ ավելին է»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում