Սերժ Սարգսյանի թաքնված ուղերձները

Այսօր «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսի ժամանակ ելույթ է ունեցել նաև Հայաստանի երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը։

Նրա ելույթում կան բազմաթիվ կարևոր շեշտադրումներ Արցախի հիմնահարցի ու հետագա ճակատագրի, տարածաշրջանում ու աշխարհում Հայաստանի տեղի և դերի, ինչպես նաև հետխորհրդային կազմավորումներում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և այլն, Հայաստանի ֆորմալ դաշնակիցների ոչ գործընկերային վարքագծի մասին։ Դրանք բոլորը, սակայն, կարևոր լինելով հանդերձ՝ առավելապես վերաբերում են ընթացիկ քաղաքական իրողություններին։ Սակայն Սերժ Սարգսյանն իր ելույթում խոսել է միջազգային հարաբերություններում առկա ներկայիս մարտահրավերների խորքային շերտի մասին, որոնք, հնարավոր է, դուրս են ընթացիկ  գործընթացների չափումներից, սակայն իրականում մեծ ազդեցություն ունեն՝ ինչպես առանձին երկրների, այնպես էլ՝ միջպետական միավորների հարաբերությունների վրա։

«Մենք ականատես ենք քաղաքական գործընթացների էթիկայի և փիլիսոփայության գլոբալ վերաձևաչափմանը, ինչը տանում է դեպի միջազգային ինստիտուտների ճգնաժամ և միջազգային իրավունքի տոտալ էրոզիա։ «Տեկտոնիկ» շարժերը շոշափում են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանը, որը «սեյսմիկ առումով» վտանգավոր է դարձել նաև աշխարհաքաղաքական իմաստով։ Ընդունված է հավաստիացնել, թե պետությունների արտաքին քաղաքականությունն ավելի ռացիոնալ է դարձել։ Այս համատեքստում պետք է խոստովանել, որ ռացիոնալիզմը ցինիզմից բաժանվում է փխրուն սահմանագծով, որը կոչվում է պարկեշտություն։ Պարկեշտության ճգնաժամ, բարոյականության ճգնաժամ, արդարության ճգնաժամ. ահա թե ինչն եմ ես համարում կարևոր մարտահրավերներից մեկը համաշխարհային վերաիմաստավորումների ժամանակակից միտումներում»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ մի քանի լակոնիկ նախադասությամբ ըստ էության ախտորոշելով միջազգային քաղաքականության ներկայիս դեգրադացիան, որը ողբերգական հետևանքներ է ունեցել նաև Հայաստանի ու Արցախի համար։

Այս ընդհանրական ձևակերպումներով Սերժ Սարգսյանն առանց անուններ տալու՝ պարզորոշ գնահատել է, մասնավորապես, արցախյան վերջին պատերազմում ու դրանից հետո Հայաստանի և Արցախի նկատմամբ մեր հռչակագրային գործընկերների ոչ համարժեք վերաբերմունքը, որը, այո, առաջին հերթին՝ պարկեշտության, բայց նաև բարոյականության ու արդարության ճգնաժամի արտահայտություն է։ Սերժ Սարգսյանի նշած կատեգորիաներն իրականում պետությունների ու նաև նրանց ղեկավարների արժեքային չափորոշիչներ են, այն դեպքում, երբ ներկայումս դրանք առաջնորդվում են բացառապես շահերով, որոնք, այո, որպես կանոն, իրացվում են արժեքների հաշվին։ Դա վերաբերում է նաև ցինիզմի և ռացիոնալիզմի միջև նուրբ սահմանագծի մասին Սերժ Սարգսյանի հիշատակմանը։ Բայց ամենացավալին այն է, որ բարոյականության ու պարկեշտության ճգնաժամում ապրում է ոչ միայն մեզ շրջապատող ու մեզ հետ հարաբերվող աշխարհը, այլ նաև Հայաստանը՝ ի դեմս նրա ղեկավարության ու, առաջին հերթին, ի դեմս Նիկոլ Փաշինյանի։ Եվ Սերժ Սարգսյանի գնահատականները վերաբերում են ոչ միայն անարդար աշխարհին, այլ նաև անպարկեշտ Հայաստանին, որի ղեկավարության՝ որպես ռացիոնալություն ներկայացվող ցինիկ  գործողություններն ու վարքագիծը նաև հանգեցրել են աշխարհի, այդ թվում՝ մեր գործընկերների կողմից Հայաստանի նկատմամբ ներկայիս վերաբերմունքին։

Սերժ Սարգսյանի ելույթի տրամաբանությունն ու գլխավոր եզրահանգումն այն է, սակայն, որ պարկեշտության, բարոյականության ու արդարության ճգնաժամերն աշխարհում հաղթահարելուց առաջ մենք դա պետք է անենք Հայաստանում, որպեսզի միջազգային հանրության նկատմամբ Հայաստանի վերաբերմունքը ցինիզմի հարթությունից վերադառնա պարկեշտության տիրույթ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Տեսանյութեր

Լրահոս