«Ոչ թե սուտ ցուցմունք տալու հետ կապված պատասխանատվության խնդիր կարող է հետագայում առաջանալ, այլ սուտ մատնության». Գայանե Պապոյանը՝ Լուսինե Ավետյանի հայտարարության մասին

Երեկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում շարունակվում էր Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի և մյուսների գործով դատական նիստը։

Դատարանում ելույթի ժամանակ Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը նշեց, որ Առուշանյանը ընդունել է բնակիչներին, լսել նրանց սոցիալական խնդիրների մասին, դրա հիման վրա օգնություն հատկացնելու մասին որոշում կայացրել։

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը կալանավորված է միայն Լուսինե Ավետյանի՝ մի քանի անգամ փոփոխված ցուցմունքի վրա: Առուշ Առուշանյանի պաշտպանները բազմիցս նշել էին, որ այդ ցուցմունքներն ըստ ամենայնի կնոջ վրա գործադրված ճնշման արդյունքում են կորզվել:

Ավելորդ չէ նշել, որ 168.am-ի հետ զրույցում Լուսինե Ավետյանի նախկին պաշտպան Րաֆֆի Ասլանյանն ասել էր՝ Սյունիքի համայնքապետերի հետ կատարվածը յուրահատուկ վրեժ է օրվա իշխանության կողմից իր նկատմամբ նախկինում դրսևորած վերաբերմունքի: «Առուշ Առուշանյանի գործին ծանոթ եմ այն ծավալով, որ նախկինում եղել եմ նրա դեմ ցուցմունք տված Լուսինե Ավետյանի պաշտպանը: Այս քրեական գործով իրականացվել է ապօրինի նախաքննություն՝ օրենքով չնախատեսված ամենաբիրտ միջոցների կիրառմամբ: Զուտ փաստաբանական էթիկայից ելնելով՝ չեմ ուզենա հրապարակել որոշակի հանգամանքներ: Ինքս այդ վարույթով համագործակցությունը վստահորդիս հետ դադարեցրել եմ: Առհասարակ հակված եմ իրավական պայքարի, այլ ոչ թե վարույթն իրականացնող մարմնի ցանկությամբ և թելադրանքով՝ ցուցմունքներ տալուն: Սա, ես կարծում եմ, այդ քրեական գործով օբյեկտիվ և բազմակողմանի դատաքննության ժամանակ ի հայտ կգա ամեն բան, և հասարակության համար այս ամենը իսկապես տեսանելի կլինի»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը:

Ճշտող հարցին՝ պատվիրված ցուցմունքների համա՞ր է ինքը դադարեցրել իր համագործակցությունը Քարահունջի համայնքապետի հետ, Րաֆֆի Ասլանյանը պատասխանեց՝ չէր ցանկանա բարձրաձայնել կոնկրետ դադարեցման հանգամանքները:

«Կարծում եմ՝ դրանից հետո տեղի ունեցած գործի նախաքննության արդյունքներն ու տվյալները յուրաքանչյուր անկողմնակալ դիտորդի մոտ օբյեկտիվ հետևությունների հանգելու հնարավորություն են տալիս»,- նկատել էր նա:

Երեկվա դատական նիստի ընթացքում Լուսինե Ավետյանն ասել էր նաև, որ «բազմաթիվ անգամ Առուշանյանը նույն բնակիչներին օգնել է, և դա դիտել ընտրակաշառք անընդունելի է»:

«Զղջում եմ, որ սուտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ»,- նշել էր Լուսինե Ավետյանը։

Ընդ որում երեկվա դատական նիստի ժամանակ վերջինս հրաժարվել էր պատասխանել դատախազի հարցերին, պատասխանել էր միայն պաշտպանական կողմի հարցերին:

168.am-ը Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանի ներկայիս պաշտպան Գայանե Պապոյանին հարցրեց՝ արդյո՞ք պատասխանատվություն չի սահմանվելու իր պաշտպանյալի համար սուտ ցուցմունք տալու համար:

«Ոչ թե սուտ ցուցմունք տալու հետ կապված պատասխանատվության խնդիր կարող է հետագայում առաջանալ, այլ սուտ մատնության համար: Ինչո՞ւ, քանի որ Լուսինե Ավետյանն ունեցել է մեղադրյալի դատավարական կարգավիճակ, իսկ մեղադրյալը սուտ ցուցմունք տալու համար չի նախազգուշացվում սպասվող քրեական պատասխանատվության մասին»,- ասաց Գայանե Պապոյանը:

Փաստաբանը նշում է՝ հետագայում խնդիր կարող է առաջանալ հենց այն մասով, որ Լուսինե Ավետյանը ենթադրյալ սուտ մատնություն է կատարել Առուշ Առուշանյանի նկատմամբ:

«Բայց այս փուլում չի կարող դրան ընթացք տրվել, որովհետև մենք այս գործով չունենք վերջնական դատական ակտ: Երբ որ Առուշանյանի գործով կլինի վերջնական, օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով կարձանագրվի, որ դատարանն արժանահավատ է դիտարկել Լուսինե Ավետյանի դատաքննական ցուցմունքը, հետևաբար գտնում է, որ նախաքննության ընթացքում Քարահունջի համայնքապետը սուտ մատնություն է կատարել, նոր դրանից հետո արդեն սուտ մատնություն կատարելու համար կարող են Լուսինե Ավետյանին քրեական պատասխանատվության ենթարկել»,- ասաց Գայանե Ավետյանը:

Հարցին՝ Առուշ Առուշանյանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռից հետո գործ հարուցելու համար անհրաժե՞շտ է արդյոք Առուշ Առուշանյանի բողոքի առկայությունը, փաստաբանը պատասխանեց՝ ոչ, սա հանրային մեղադրանք է, և այս դեպքում Առուշանյանի բողոքն էական չէ:

«Իհարկե, այդ գործով Առուշ Առուշանյանը տուժող կճանաչվի, բայց նրա բողոքի առկայությունը կամ բացակայությունը որևէ դեր չի խաղա, որովհետև սա հանրային, այլ ոչ մասնավոր մեղադրանքի խնդիր է»,- եզրափակեց Գայանե Պապոյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս