Բաքուն քայլ առ քայլ կյանքի է կոչում Հյուսիս-Հարավը սեփական տարածքով անցկացնելու ու Հայաստանը դրանից դուրս մղելու ռազմավարությունը. Վահե Դավթյան

Ադրբեջանը, Իրանն ու Թուրքմենստանը եռակողմ համաձայնագիր են կնքել գազի տարանցման ու փոխանակման մասին. փաստաթուղթը ստորագրվել է Աշգաբադում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի շրջանակներում: Համաձայնագրով նախատեսվում է Թուրքմենստանից Իրանի տարածքով դեպի Ադրբեջան 1,5-2 մլրդ խմ գազ մատակարարել։

Թեև սա համարվում է թուրքմենական գազը Եվրոպա հասցնելու փորձ, այդուհանդերձ, փորձագիտական տարբեր շրջանակներ նշում են այս գործարքում առկա քաղաքական ու անվտանգային ենթատեքստերը ևս:

«Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» գիտահետազոտական ՀԿ նախագահ, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի կարծիքով՝ այս համաձայնագիրը վերաբերում է նաև Կասպյան-Կովկասյան տարածաշրջանում Հայաստանի ապագա դերակատարմանը:

«Նման համաձայնագրի ստորագրումը նախևառաջ վտանգավոր է այն առումով, որ դրա արդյունքում մենք կարող ենք վերջնականապես դուրս մնալ Հյուսիս-Հարավ էներգետիկ ու տրանսպորտային-լոգիստիկ միջանցքից, ինչն իրականում Հայաստանի համար փրկօղակ է հանդիսանում:

Այսօր, երբ տարածաշրջանում սրվում են տրանսպորտային պատերազմները, նման սցենարը մի բան է նշանակում՝ Հայաստանի ապասուբյեկտայնացում:

Հյուսիս-Հարավն իրականում այն ռազմավարությունն էր, որն իրապես կարող էր հանգեցնել Հայաստանի ինտեգրմանը արտաքին շուկաներին ու, վերջիվերջո, ապաշրջափակմանը»,- նշեց էներգետիկ անվտանգության փորձագետը:

Արձանագրելով, որ այս գործընթացը երեկ չի սկսվել՝ նա հիշեցրեց, որ դեռևս 2017-2018 թթ. Բաքուն բազմիցս հայտարարել էր Հյուսիս-Հարավի մաս կազմելու մասին՝ սկսելով նաև էլեկտրաէներգիա արտահանել դեպի Իրան ու ձգտելով ձևավորել Իրան-Ադրբեջան-Ռուսաստան էլեկտրաէներգետիկ երթուղին՝ ի հեճուկս Իրան-Հայաստան-Ռուսաստան երթուղու:

«Այսօր Իրանի հետ էներգետիկ հաղորդակցություններում համագործակցության, համատեղ երկրաբանական աշխատանքների իրականացման վերաբերյալ երկարաժամկետ պայմանագրեր կնքելով՝ Բաքուն քայլ առ քայլ կյանքի է կոչում Հյուսիս-Հարավը սեփական տարածքով անցկացնելու ու Հայաստանը դրանից դուրս մղելու ռազմավարությունը:

Այս ամռանը, ի դեպ, գրանցվեց դրա առաջին տրանսպորտային արդյունքը, երբ Ֆինլանդիայի բեռնատար գնացքն ուղևորվեց Ադրբեջան, այնտեղից՝ Պարսից ծոց ու Հնդկական օվկիանոս՝ Մումբայ նավահանգիստ: Սա Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի դե ֆակտո մեկնարկն է:

Միաժամանակ, չեմ հասկանում Հայաստանում տիրող հակաիրանական հիստերիան: Նման կոնյունկտուրայի ձևավորումը մեր դիվանագիտական ձախողման ուղիղ արգասիքն է, հայ-իրանական օրակարգի շարունակական սնանկացման հետևանքը»,- եզրափակեց Վահե Դավթյանը:

Տեսանյութեր

Լրահոս