Բաժիններ՝

Բյուրեղավանի դպրոցում 2-րդ անգամ տնօրեն չընտրվեց. կհայտարարվի նոր մրցույթ

Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցում  տնօրենի  պաշտոնի համար այսօր տեղի ունեցած ընտրությունում կրկին հավակնորդներից որևէ մեկը չհավաքեց անհրաժեշտ 6 միավորը:  Եվ նորից տնօրեն չընտրվեց։

Հիշեցնենք, դպրոցի տնօրենի պաշտոնի համար 2 թեկնածու էր առաջադրվել, 2-ն էլ՝ նույն դպրոցի ուսուցիչներ, Անդրանիկ Գրիգորյանը՝ պատմություն առարկայի ուսուցիչ, Սուսաննա Վանեսյանը՝ կենսաբանության։

Դպրոցի ծնողական և ուսուցչական խորհուրդները դեռ նախորդ շաբաթ էին փակ քվեարկությամբ 2-ական ձայն տվել թեկնածուներին, իսկ այսօր բաց քվեարկությանը մասնակցեցին խորհրդի՝ նախարարության 4 անդամները, նրանց ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ Անդրանիկ Գրիգորյան՝ 3 ձայն, Սուսաննա Վանեսյան՝ 1 ձայն։ Ծնողական և ուսուցչական խորհուրդների միավորները գումարելով այսօրվա արդյունքներին, թեկնածուների ընդհանուր միավորները բաշխվեցին հետևյալ կերպ՝ Անդրանիկ Գրիգորյան՝ 5 ձայն, Սուսաննա Վանեսյան՝ 3 ձայն։

ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի նիստում հաստատված փոփոխությունների համաձայն՝ տնօրեն ընտրվելու համար թեկնածուն պետք է հավաքի ընդհանուր առմամբ 6 ձայն, եթե թեկնածուներից ոչ մեկը չի հավաքում 6 ձայն, ապա նույն օրն անցկացվում է կրկնակի քվեարկություն։

Այսօրվա քվեարկությունից հետո դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Հայկ Վարդևանյանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց, որից հետո սկսվեց կրկնակի քվեարկությունը, արդյունքը կրկին նույնն էր՝ Անդրանիկ Գրիգորյանի օգտին՝ ընդհանուր 5 ձայն, Սուսաննա Վանեսյանի օգտին՝ 3։

Նշենք, որ այս ուսումնական տարում սա 2-րդ ընտրությունն էր, և փաստացի երկրորդ անգամ տնօրեն չընտրվեց։ Կառավարության հաստատած կարգի համաձայն՝ նման արդյունքների դեպքում եռօրյա ժամկետում տնօրենի ընտրության նոր մրցույթ պետք է հայտարարվի։

Պետք է նկատել, որ ինչպես նախորդ ընտրության ժամանակ, այնպես էլ այսօր, 1 վճռորոշ ձայնը 5 միավոր ստացած հավակնորդ Անդրանիկ Գրիգորյանին չփոխանցեց դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Հայկ Վարդևանյանը, որը նաև Բյուրեղավան համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի պատասխանատուն է։

168.amն ավելի վաղ էր գրել, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ դպրոցի նախընտրելի թեկնածուն Սուսաննա Վանեսյանն է, և, որ ամեն ինչ անելու են, որպեսզի նա դառնա դպրոցի տնօրեն։

Սուսաննա Վանեսյանը նախորդ ընտրության ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ սատարում է այս իշխանություններին․

«Այո, սատարում եմ այս իշխանություններին, և արել եմ, ակտիվ ամեն ինչին մասնակցել եմ և էլի կմասնակցեմ․․․»։

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցում տնօրենի նախորդ ընտրությունը տեղի էր ունեցել 2021 թվականի հոկտեմբերի 12-ին, և այս մրցույթին առաջադրված ուսուցիչներն այն ժամանակ ևս առաջադրվել էին ու հավաքել նույն միավորները՝ 5-3։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս