Բաժիններ՝

Բյուրեղավանի դպրոցում տնօրեն չընտրվեց, կհայտարարվի նոր մրցույթ

Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցում այսօր տեղի ունեցավ տնօրենի ընտրության 3-րդ՝ վերջնական փուլը․ տնօրեն, սակայն, չընտրվեց։ Դպրոցի կառավարման խորհրդի 9 անդամներից ներկա էին 8-ը, մեկը Հայաստանում չէր։ Խորհրդի 8 անդամներից՝ ծնողական և ուսուցչական խորհուրդները դեռ նախորդ շաբաթ էին փակ քվեարկությամբ 2-ական ձայն տվել թեկնածուներին, իսկ այսօր բաց քվեարկությանը մասնակցեցին խորհրդի՝ նախարարության 4 անդամները, նրանց ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝

Անդրանիկ Գրիգորյան՝ 2 ձայն, Սուսաննա Վանեսյան՝ 2 ձայն, Կիմա Պապայան՝ 1 ձայն։ Ծնողական և ուսուցչական խորհուրդների միավորները գումարելով այսօրվա արդյունքներին, թեկնածուների ընդհանուր միավորները բաշխվեցին հետևյալ կերպ՝

Անդրանիկ Գրիգորյան՝ 4 ձայն, Սուսաննա Վանեսյան՝ 3 ձայն, Կիմա Պապայան՝ 1 ձայն։

ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի նիստում հաստատված փոփոխությունների համաձայն՝ տնօրեն ընտրվելու համար թեկնածուն պետք է հավաքի ընդհանուր առմամբ 6 ձայն, եթե թեկնածուներից ոչ մեկը չի հավաքում 6 ձայն, ապա նույն օրն անցկացվում է կրկնակի քվեարկություն։

Այսօրվա քվեարկությունից հետո դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Հայկ Վարդևանյանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց, որից հետո սկսվեց կրկնակի քվեարկությունը։ Սակայն ընդմիջումից առաջ տնօրենի երրորդ թեկնածուն՝ Կիմա Պապայանը, որը, ի դեպ, երևանյան դպրոցի ուսուցչուհի է, նախ ինքնաբացարկ հայտարարեց, ապա առաջարկեց, որ իրեն վստահված 1 միավորը կառավարման խորհրդի անդամը հաջորդ քվեարկության ժամանակ տա տնօրենի թեկնածու Անդրանիկ Գրիգորյանին։

Ընդմիջումից հետո դպրոցի կառավարման խորհրդի անդամները, նոր կարգի համաձայն՝ երկրորդ անգամ քվեարկեցին։ Ծնողական և ուսուցչական խորհրդի անդամները կրկին ներկայացրեցին իրենց արդեն իսկ քվեարկության արդյունքները՝ ծնողական խորհուրդը 2 միավոր տվեց Անդրանիկ Գրիգորյանին, իսկ մանկավարժական խորհուրդը 2 միավոր տվեց Սուսաննա Վանեսյանին։ Իսկ ահա կառավարման խորհրդի նախարարության 4 ներկայացուցիչներից միայն մեկը քվեարկեց Սուսաննա Վանեսյանի օգտին, մյուս 3 թեկնածուներն իրենց ձայնը տվեցին Անդրանիկ Գրիգորյանին։ Արդյունքում Անդրանիկ Գրիգորյանը հավաքեց 5 միավոր, իսկ Սուսաննա Վանեսյանը՝ 3 միավոր։ Այսինքն՝ թեկնածուներից և ոչ մեկը չհավաքեց անհրաժեշտ 6 միավորը: Իսկ կառավարության հաստատած կարգի համաձայն՝ նման արդյունքների դեպքում հնգօրյա ժամկետում տնօրենի ընտրության նոր մրցույթ պետք է հայտարարվի։

Ի դեպ, 168.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ դպրոցի նախընտրելի թեկնածուն Սուսաննա Վանեսյանն է, իսկ նրա օգտին խորհրդի կազմից քվեարկած միակ թեկնածուն՝ Հայկ Վարդևանյանը, Բյուրեղավանի ՔՊ գրասենյակի պատասխանատուն է։

168.am-ի հարցին՝ արդյոք քաղաքական որոշման արդյունքո՞ւմ է նման որոշում կայացրել, Հայկ Վարդևանյանը կտրուկ պատասխանեց․

«Քաղաքական ոչ մի որոշում չի եղել, դրանք ասեկոսեներ են․․․»։

Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցում հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ դպրոցի տնօրենի ընտրության 1-ին փուլը, ծնողական խորհուրդը՝ փակ քվեարկությամբ, տնօրեն ընտրեց Անդրանիկ Գրիգորյանին։

Հոկտեմբերի 5-ին ուսուցչական խորհուրդը փակ քվեարկությամբ տնօրեն ընտրեց Սուսաննա Վանեսյանին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս