«Ինձ քաղաքականացնում են, չգիտեմ՝ ինչո՞ւ, այո, սատարում եմ այս իշխանություններին, ամեն ինչին մասնակցել եմ և էլի կմասնակցեմ․․․»․ Բյուրեղավանի դպրոցի տնօրենի թեկնածու
Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցի տնօրենի թեկնածու, նույն դպրոցի կենսաբանություն առարկայի ուսուցչուհի Սուսաննա Վանեսյանն այսօր դպրոցի տնօրենի ընտրության երրորդ՝ վերջին փուլում ստացավ 3 ձայն։ Նրա հիմնական մրցակիցը՝ դպրոցի պատմություն առարկայի ուսուցիչ Անդրանիկ Գրիգորյանը, ստացավ 5 ձայն, և ընդամենը 1 ձայն պակասեց, որ ընտրվեր դպրոցի տնօրեն։ Սուսաննա Վանեսյանի օգտին դպրոցի Կառավարման խորհրդի 4 անդամներից միայն մեկը՝ կառավարման խորհրդի նախագահ, ինչպես նաև Բյուրեղավանի ՔՊ գրասենյակի պատասխանատու Հայկ Վարդևանյանը քվեարկեց։
Սուսաննա Վանեսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս քվեարկության արդյունքներն իր համար պարզ էին, քանի որ, ինչպես ինքը հիմնավորեց տեսակետը, քաղաքական խաղեր եղան․
«Դաշնակցության խաղը դուք տեսաք, Դաշնակցության թեկնածուներն ընտրեցին «Ժառանգության» ներկայացուցչին, և դա սպասելի էր, մենք անակնկալի չենք եկել»։
Սուսաննա Վանեսյանին հարցրեցինք, թե ի՞նչ կապ կա իր և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջև, արդյո՞ք հաստատում է տարածված այն խոսակցությունները, որ ինքը ՔՊ-ի նախընտրելի թեկնածուն է՝ որպես դպրոցի տնօրեն։
«Ես որևէ կուսակցության չեմ պատկանում, թե ինչ լուրեր են պտտվում՝ ինձ չի հետաքրքրում․․․ Եթե պաշտպանում են ինձ, ճիշտ են անում, որովհետև արժանի են համարում, ընդամենը դա, ուրեմն հարմար են գտել, գտել են, որ հարմար թեկնածու եմ, ինձ պաշտպանում են»,- ասաց Վանեսյանը, ապա հավելեց, որ Բյուրեղավանում դեռևս հեղափոխություն տեղի չի ունեցել, և, որ «հներն» են մնացել և դուրս են եկել իր դեմ։
«Ինձ քաղաքականացնում են, չգիտեմ՝ ինչու։ Ես որևէ կուսակցության չեմ պատկանում, ես դա հայտարարում եմ ամենայն լրջությամբ։ Ամբողջ քաղաքի իշխանությունները և այլն, բոլոր օղակները մնացել են հները, նախկինները և ամբողջ նախկիններն աշխատել են իմ դեմ․․․ Ամբողջ քաղաքը՝ իր բոլոր օղակներով, դուրս է եկել իմ դեմ, իրենք հայտարարել են, որ ՔՊ-ն չպետք է մտնի դպրոց, Դաշնակցությունը պետք է մտնի»,- ասաց Վանեսյանը։
Իսկ թե ովքե՞ր են նման բան հայտարարել, ուսուցչուհին պատասխանեց՝ «հայտարարողները»։
Դիտարկմանը, թե դուք անընդհատ ասում եք՝ նախկինները, բայց նախկինների ժամանակ փոխտնօրեն եք աշխատել, Սուսաննա Վանեսյանն ասաց․
«Նախկինների ժամանակ, բայց ոչ Հանրապետականների օրոք, կոմունիստական հասարակարգերի ժամանակ։ Այո, ես պայքարել եմ իրենց դեմ, հիմա, այո, սատարում եմ այս իշխանություններին, և արել եմ, ակտիվ ամեն ինչին մասնակցել եմ և էլի կմասնակցեմ․․․»։
Հարցին՝ հնգօրյա ժամեկտում դպրոցը տնօրենի նոր մրցույթ է հայտարարվելու, առաջադրվելո՞ւ եք, Սուսաննա Վանեսյանն ասաց, թե կմտածի։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում